Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխարհին ցույց տալ Վրաստանի արժանապատվությունը

Աշխարհին ցույց տալ Վրաստանի արժանապատվությունը
23.06.2019 | 12:55

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողբերգություն է անվանել անկարգությունները Թբիլիսիի կենտրոնում և կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին միավորվել ճգնաժամային իրավիճակում: «Ես պատրաստ եմ հանդիպել քաղաքական բոլոր ուժերի հետ: Մեր միակ հեռանկարը միասնությունն է: Միայն այդպես կարող ենք պատասխանել օկուպացիային. Միայն այդպես կարող ենք աշխարհին ցույց տալ Վրաստանի արժանապատվությունը»՝ ասել է Սալոմե Զուրաբիշվիլին տեսուղերձում: «Ես ուզում եմ արտահայտել սրտիս ամբողջ ցավը այն ողբերգությունից, որ Թբիլիսիում եղավ»՝ հավելել է նա: Զուրաբիշվիլին ընդունել է, որ իշխանությունները սխալ են արել՝ թույլ տալով ռուս պատգամավորին նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղը: Ուրբաթ օրը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց, որոշումը ընդունվեց «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստում:


Կուսակցության անդամ Մամուկա Մդինարիձեն լրագրողներին հաղորդեց, որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է պաշտպանել Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը: Այլ թեկնածուներ չկան: Նախօրեին ոստիկանությունը Թբիլիսիում արցունքաբեր գազ, ջրանետներ ու ռետինե փամփուշտներ կիրառեց քաղաքի կենտրոնից ցուցարարներին ցրելու համար: Կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի բակ:


Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել բողոքները և պահանջել է ՆԳՆ նախարար Գեորգի Բախարիայի հրաժարականը:
«Մարդկանց աչքն են հանել, ծնոտներն են ջարդել… Գախարիան պետք է հրաժարական տա»՝ հայտարարել է ընդդիմադիր առաջնորդ Գեորգի Վաշաձեն։
Ընդդիմադիրները պահանջում են նաև անցնել համամասնական ընտրակարգի և բանակցություններ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Գեորգի Գախարիան կատարվածի համար մեղադրել է քաղաքական գործիչներին ու կուսակցություններին: «Երեկ քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները կարողացան մեր քաղաքացիների արդարացի և անկեղծ ընդվզումը վերածել բռնության, որն ուղղված է ընդդեմ ոստիկանության և ինստիտուտների, բռնության, որ ի վերջո խորհրդարանի վրա գրոհ դարձավ»՝ ասել է նա լրագրողներին:
Բողոքի ակցիաները սկսվեցին, որբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ելույթ ունեցավ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին նստած: Նա դիմեց վեհաժողովի պատգամավորներին՝ գերազանցապես ուղղափառ երկրներից, ռուսերեն, որ հարուցեց քաղաքական գործիչների ու շարքային վրացիների զայրույթը։ Ընդդիմությունը պնդում է, որ Գավրիլովը ճանաչում է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությոնը և մասնակցել է Վրաստանի դեմ մարտական գործողություններին Աբխազիայում ու իշխանությունները նրան չպետք է Վրաստան թողնեին: Գավրիլովը ժխտում է մարտական գործողություններին մասնակցությունը։


Հինգշաբթի օրը մոտ 10000 ցուցարարներ խորհրդարանի շենքի առաջ կոտրեցին ոստիկանական շղթան՝ պահանջելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականը: Նրանց մի մասը եկել էր ԵՄ դրոշներով և «Ռուսաստան-օկուպանտ» ցուցապաստառներով: Ուրբաթ օրը ՆԳՆ-ն հաղորդեց 305 ձերբակալվածների մասին: «Բոլոր այդ անձինք կալանավորվել են տարբեր հանցագործությունների համար: Նրանք ոչնչացրել եմ ոստիկանության ու քաղաքացիների մեքենաները, ջարդուփշուր են արել մասնավոր սեփականության օբյեկտները, դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»՝ նշված է հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ վնասվածքներ է ստացել 240 մարդ, 80-ը ոստիկան է: ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը ռուսներին կոչ արեց զգոն լինել և խուսափել մարդանց զանգվածային կուտակումների վայրերից: Ռոստուրիզմը հայտարարեց, որ հիմքեր չկան ռուս զբոսաշրջիկների Վրաստան այցն արգելելու:
BBC


Հ.Գ. Երեկ Թբիլիսիի կենտրոնում շարունակվել են բողոքի ակցիաները: Ընդդիմադիրներն այժմ պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պուտինի հրամանագրով՝ ռուսական ավիաընկերություններին արգելվել է հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: «Արգելքը չեղյալ կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանում իրավիճակը կարգավորվի և մեր քաղաքացիների անվտանգությանն այլևս ոչ մի վտանգ չսպառնա»՝՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնածների թիվը երկու-երեք անգամ ավելի է։
Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ՝ ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին: Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալությանը ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքը: Վրացական կողմի պարտքի 792 543,19 դոլար և 592 251,95 ռուբլի է (չհաշված տուգանքները): Վրացական կողմը պարտքն ընդունել է 2008-ին, սակայն մինչ օրս չի մարել:


Ինքնին հասկանալի է, որ Պետդումայի պատգամավոր Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելն ու ռուսերեն խոսելը սոսկ պատրվակ է՝ Վրաստանի ընդդիմությունը ամեն առիթ օգտագործում է իշխանության հրաժարական, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, արտահերթ ընտրությունների պահանջները բարձրացնելու համար: Ընտրությունները 2020-ին են, ինչու՞ է ընդդիմությունը շտապում: Խնդիրը պտտվում է ՆԱՏՕ-ի ռազմաբազա Վրաստանում տեղակայելու շուրջ, որին Ռուսաստանը դեմ է: Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների նոր ճգնաժամը Հայաստանի համար չափազանց վտանգավոր է: Գուցե միայն զբոսաշրջիկների թիվը ավելացնի Հայաստանում, բայց դա չնչին մխիթարություն է, եթե հաշվի առնենք, որ նորից կարող է փակվել Լարսի անցակետը: Երկաթուղու վերագործարկման մասին մոռացեք: Հայաստանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա կոնֆլիկտի հարթմանը՝ ելնելով իր անմիջական շահերից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ