Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
02.09.2019 | 12:19

Ազգային տոնացույցում երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար մայիսը, երբ մենք հպարտ ցնծությամբ նշում ենք փառահեղ հաղթանակների Եռատոնը, և սեպտեմբերը, երբ ազգովին Հայաստանի և Արցախի անկախությունը հռչակեցինք՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօր Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է։ Եվ այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ես առաջնահերթորեն շնորհավորում եմ արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, որը, ցեղասպանություն ապրելով և, սակայն, վերածնվելով փյունիկի նման, 20-րդ դարավերջին վերակերտել է իր պետությունը, ծանրագույն մարտերում հաղթանակ կռել և այսօր էլ, անառիկ պահելով երկրի սահմանները, ներկայանում է աշխարհին իր խաղաղասեր, հպարտ, արարող, զորեղ տեսակով։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող իմ սիրելի մարտական ընկերներին, այն գեներալներին, կադրային սպաներին, որոնք, կրթություն ստանալով խորհրդային միության ռազմական բուհերում, մեծ դերակատարում են ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում և ընդգրկվելով հայկական բանակում՝ իրենց գիտելիքները ծառայեցրել հայկական զինված ուժերը զարգացնելու, հզորացնելու, հայոց պետականությունը կերտելու և պաշտպանելու, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործին։

Որպես ավագ, զինակից ընկեր, որպես հրամանատար՝ ողջունում և շնորհավորում եմ հայկական բանակի բոլոր զինվորներին, սպաներին․ ես այսօր էլ ձեզ հետ եմ և զենքը ձեռքիս, եթե հարկ լինի, կկանգնեմ ձեր կողքին։

Մենք չունենք իրավունք և ո′չ մի քայլով ետ նահանջելու։

Արցախի անկախությունը մեր հպարտությունն է։

․․․Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշել Արցախի բնակավայրերից մեկում Ռայա մայրիկի խոսքերը, որ նա ասաց իր երկրորդ որդու հուղարկավորության ժամանակ․ «Ժողովո′ւրդ, ահա և ես իմ երկրորդ զավակին մատաղ արեցի մեր Հայրենիքը փրկելու համար․․․ Վա′յ ձեզ, եթե դուք թողնեք, որ թշնամիները գան ու պղծեն մեր որդիների շիրիմները»։

․․․Մեր հողը ներկվել, օծվել, սրբացել է նրանց արյունով։

Եվ մենք, հավերժ խոնարհվելով Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր մեր հաղթանակի և խաղաղության համար իրենց կյանքը զոհած քաջ հայորդիների անվան, սխրանքի ու փառքի առջև, պետք է վառ պահենք նրանց հիշատակը։

Մեր նպատակը միասնական մեկ Հայրենիքն է։

Լինենք համախմբված և անցյալի հաղթանակները հարգելով՝ շարունակե′նք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան՝ ապահովելով մեր պետության անվտանգությունը, խաղաղությունը և արժանապատիվ ներկայությունը հզորների կողքին», -գրել է նա:

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ