«Այս իշխանություններից ես սպասում եմ ամենատարօրինակ ու ամենաանտրամաբանական որոշումները»
17.09.2019 | 00:08
«Օրվա իշխանությունների ապաշնորհ ու չկայացած իշխանավարման հետևանքով պետությունն այսօր քանդման ու քայքայման է գնում: Ուժեր, կան, որոնք իրենց հետ ցանկանում են նախկինի ազդեցությունը բերել, սակայն պետք չէ բոլորին դնել նույն հարթակի վրա ու հանրությանը ստիպել ընտրել միայն նախկինի ու ներկայի միջև»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական-հասարակական գործիչ, Երևանի ավագանու նախկին անդամ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ավելացնելով, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որ դեմ են թե՛ նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմին, թե՛ գործող անփորձ, «մանկապատանեկան» համակարգին։
-Պետական միջոցների մսխումից բացի, այսօր ապազգային քայլեր են իրականացվում, քայքայվում են հայոց պատմության, եկեղեցու, մշակույթի և պետականության հիմքերը, ինչն անթույլատրելի է: Այսպիսի ապազգային իրողությունների դեմ դուրս եկած մարդկանց նախորդ քրեաօլիգարխիկ ուժերի հետ հավասարեցնելը, վստահ եմ, հատուկ է արվում։ Սա քաղաքական տեխնոլոգիաների մի ամբողջ կոմպլեքս է, որը հոգեբանական ճնշումների միջոցով փորձում է թույլ չտալ հասարակության առողջ կորիզին՝ հեղափոխությունը հասցնել մինչև վերջ,- ասում է նա։
-«Սասնա ծռերն» ասում են՝ կանխելու են ռևանշիստների վերադարձը, ակտիվացման նախանշաններ են ցույց տալիս ու հայտարարում, թե Հայաստանն օտար ուժեր են կառավարում, ու եթե այսպես շարունակվի, ապա արտահերթ ընտրություններ կլինեն:
-Ես կասեի՝ ոչ թե «Սասնա ծռերն» են հանդիպել վարչապետի հետ, այլ Նիկոլ Փաշինյանն է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ։ Այդ կուսակցության մեջ բազմաթիվ հայրենանվեր մարդիկ կան, որ մեկտեղվել են բոցաշունչ ու հայրենասիրական հայտարարությունների ազդեցությամբ՝ չիմանալով, սակայն, որ իրենց պոտենցիալն անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է: Այս ամենը նույնպես քաղաքական տեխնոլոգիաների համախումբ է, ինչից անտեղյակ է մեր հանրությունը: Ես համաձայն եմ «Սասնա ծռերի» այն հայտարարության հետ, որ Հայաստանը ղեկավարում են օտար ուժեր, սակայն զավեշտալի է, որ այդպիսի հայտարարության հեղինակը Գարեգին Չուգասզյանն է, որը հայտնի է այդ նույն օտար ուժերի հետ սերտ կապերով:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա շատ լավ է, որ ընտրությունների մասին հենց իրենք են խոսում։ Եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, ինչպես նրա թիմակիցներն են պնդում, ապա, կարծում եմ, նա մտահոգվելու բան չունի և ազատորեն կարող է գնալ նոր ընտրությունների, ինչին ես կողմնակից եմ։
-Մի խումբ քաղաքական տեսաբաններ թեժ աշուն են կանխատեսում, իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են, թե դա կեղծ օրակարգ է: Դո՞ւք ինչ եք կարծում: «Սասնա ծռերի» հանդիպումը Փաշինյանի հետ, «Ադեկվադի»՝ կուսակցություն դառնալն այդ տրամաբանության մե՞ջ են:
-«Թեժ աշուն» լինելու է մի քանի պատճառով, նախ՝ ավարտվել է արձակուրդային շրջանը, և մարդիկ տեսնում են, որ օրեցօր վատանում է սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ փողոց էին դուրս եկել ոչ թե ղեկավարի անվան փոփոխության, այլ բարեկեցիկ կյանքի տեսլականով: Խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները զբաղված են կլինիկական փորձարկումներով, համասեռամոլության քարոզով, հայ ընտանիքի մոդելը քանդելով, երեխաներին ընտանիքներից հեռացնելով, հայոց պատմությունը, եկեղեցին, բանակը վարկաբեկելով։ Նրանք ոչ թե չեն հասկանում՝ ինչ են անում, այլ եկել են կոնկրետ այդ նպատակով։ Հավատում են, որ դա է մեր երկրի փրկության ուղին, դա է ժողովրդավարությունը, քանի որ նրանց հենց այդպես են սովորեցրել հատուկ դպրոցներում։ Բայց մեր ժողովուրդը լավ է գիտակցում, որ հայոց պետականության ու հայ ազգի հարատևության հիմքը հայ առողջ ընտանիքն է, կրոնը, մշակույթը, պատմությունը: Գործող իշխանությունների «ջանքերի» պատճառով խաթարվել են դիվանագիտական հարաբերությունները։ Չկա մի երկիր, որը Հայաստանին որպես լուրջ գործընկերոջ վերաբերվի։ Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում հանգիստ չէ։ Այս պայմաններում մենք պետք է ունենանք քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական կայունություն, որն այսօր Հայաստանում բացակայում է։ Եթե բոլորս միասին չստեղծենք այդ կայունությունը, ապա չեմ բացառում, որ ընկնենք «մեծերի խաղի» հորձանուտի մեջ ու կորցնենք ամեն ինչ։ Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ յուրաքանչյուր հայ պետք է մի կողմ դնի իր անձնական շահն ու գործի հանուն ընդհանուրի։ Բնական է, որ իշխանությունները «թեժ աշուն» եզրույթն անվանում են «կեղծ օրակարգ», նախորդներն էլ էին ժխտում այն ամենը, ինչը կարող էր հանգեցնել իրենց իշխանության ավարտին: ՈՒ այս ամենը հաշվի առնելով՝ անթույլատրելի եմ համարում հանրությանը էմոցիոնալ դաշտ տանելու, ատելություն կամ կույր սեր ներարկելու տեխնոլոգիայի կիրառումը։
- Տեսակետ կա, թե Փաշինյանը Ռուսաստանի համար ավելին է անում, շատ ավելի է սիրաշահում, քան նախկին իշխանությունները: Մյուս կողմից էլ, Սեֆիլյանն ասում է, թե Կրեմլն օր առաջ ուզում է ազատվել Փաշինյանից: Ի վերջո, ի՞նչ է ուզում ու ակնկալում Ռուսաստանը Հայաստանից, և ի՞նչ հարթությունում են ՀՀ-ՌԴ հարաբերությունները:
-Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, անհավասարակշիռ քաղաքականություն է վարում։ Տպավորություն է, թե նա չի հավատում իր՝ վարչապետ դառնալու փաստին ու հարմարավետության զգացողություն չունի այդ պաշտոնում: Նրա հայացքում չեմ տեսնում առաջնորդին բնորոշ վստահությունը։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ կա՛մ հեռախոսազրույց է ունենում, կա՛մ, գլուխը թեքած, ինչ-որ մեկին է լսում։ Սա խոսում է այն մասին, որ նրան սեփական կարծիքով առաջնորդվելու իրավունք չեն տվել։ Ոչ միայն Ռուսաստանը, այլև շատ երկրներ չեն ցանկանում համագործակցել մի մարդու հետ, որը յուրաքանչյուր րոպե կարող է իր խոսքի տերը չլինել։ Աշխարհում որոշում կայացնող երկրների ղեկավարները շոու-հանդիպումների ժամանակ չունեն։ Ռուսաստանը ոչ թե ուզում է ազատվել Փաշինյանից, այլ նրան պարզապես լուրջ չի ընդունում։ Ինչ վերաբերում է Սեֆիլյանի հայտարարությանը, նա ու նրա ներկայացրած կուսակցությունը հստակ հակառուսական և պրոամերիկյան քաղաքականություն են վարում։
Իմ դիտարկմամբ՝ մենք պարտավոր ենք համաչափ ու դրական հարաբերություններ կառուցել բոլոր պետությունների հետ: Պետք է գիտակցենք, որ մեծ պետությունները փոքրերին տիրելու համար նրանց պառակտում ու մեկուսացնում են (ինչպես որ մեզ են ուզում մեկուսացնել Ռուսաստանից)։ Դեմ եմ «ուրիշի ուղեղով» և «ուրիշի գծած պլանով» շարժվելու քաղաքականությանը, պետք է ստեղծենք ու շարժվենք ազգային ծրագրով։
-Ամուլսարը, Ստամբուլյան կոնվենցիան «մասնատում են» «Իմ քայլը» խմբակցությունը։ Իշխանության տունը կռի՞վ է ընկել, թե՞ ուղղակի անձնական ամբիցիաների հարց է:
-«Իմ քայլը» խմբակցությունը ձևավորվել է «քասթինգի» միջոցով։ Այնտեղ հավաքված են նախկինում իրար չճանաչած, գաղափարապես հակընդդեմ հայացքներ և հակոտնյա ծրագրեր ունեցող մարդիկ։ Բնական է՝ լրջագույն հարցերում նրանք զիջումների գնալ չեն կարող։ Իշխող խմբակցությունում ես տեսնում եմ մարդկանց, որոնք ունեն պետական ու ազգային մտածելակերպ։ Կան նաև այնպիսիները, որոնք ընկել են օտարերկրյա գործակալական ծուղակի մեջ։ Քաղաքական ուժը պետք է կազմված լինի տարբեր կարծիք ու գիտելիք ունեցող մարդկանցից, սակայն չի կարող համախմբել տարբեր գաղափարներ կրող մարդկանց։
-Քաղաքական դաշտի հիմնական առանցքը Ռոբերտ Քոչարյանն է: Ըստ Ձեզ՝ իշխանությունը միտումնավո՞ր է այս հարցն օրակարգում պահում, որ հարակից այլ հարցերն ուշադրությունից դուրս մնան:
-Ռոբերտ Քոչարյանի հարցում ես հստակ քաղաքական հետապնդում եմ տեսնում, և հավանական է, որ այս գործընթացը ընդհանուր մեծ պլանի մի մասն է, ինչը կարող է էլ ավելի խճճել հանրության ուշադրությունն ու կողմնորոշումը քաղաքական դաշտում։ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ ու փողոցում հանգիստ զբոսնող հանցագործներ։ Դրա համար անհրաժեշտ է կառուցել օրենքի գերակայության երկիր։ Տարբեր ծայրահեղական կոչեր հնչեցնողները պետք է հասկանան, որ եթե որոշողը ոչ թե օրենքը, այլ անհատները լինեն, ապա մի գեղեցիկ օր իրենք նույնպես կարող են լինել քաղաքական հետապնդման զոհ:
-ԱԺ-ն հայտարարել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքների մեկնարկի մասին: Այս անգամ, ի՞նչ եք կարծում, իշխանությունները իրապես բարեփոխված ԸՕ ունենալու բավարար կամք կունենա՞ն:
-Չգիտեմ, թե բարեփոխում ասելով ինչ նկատի ունեն։ Հնարավոր է որոշեն, որ, օրինակ, պառլամենտի 20 տոկոսը պետք է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինի: Այս իշխանություններից ես սպասում եմ ամենատարօրինակ ու ամենաանտրամաբանական որոշումները: Հետաքրքիր է նաև իմանալ, թե այդ բարեփոխումների անվան տակ պետական բյուջեից որքան գումար է դուրս գրվելու։
-Ամուլսարի հանքը շահագործելու քաղաքական որոշում կա, մյուս կողմից, բողոքի ցույցերն արդեն մեկնարկել են: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կավարտվի այս ամբողջ պատմությունը: Ո՞վ է զիջելու՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխող ուժը:
-Քաղաքական որոշումն ակնհայտ էր հենց սկզբից, երբ անգամ Նիկոլ Փաշինյանը, աչքերը փախցնելով, հայտարարում էր, որ Ամուլսարը սար է մնալու։ Միակ լուծումն այս պահին ժողովրդական անհնազանդության, խաղաղ ակցիաների շարունակումն է՝ չմոռանալով, որ այսօրվա իշխանավորները տիրապետում են Ջին Շարպի խաղաղ պայքարի բոլոր 198 տեսակներին ու դեռ ավելիին։ ՈՒղղակի մտավախություն ունեմ, որ հանրության ձեռքից ցանկանում են վերցնել Ամուլսարի շահագործման դեմ պայքարի դրոշակն ու այն բացարձակապես այլ ուղղությամբ տանել: Նրանց, ովքեր Ամուլսարի շահագործման դեպքում պետական բյուջեի կտրուկ ավելացման մասին են խոսում, հարց եմ ուղղում՝ Հայաստանում այդքան հանք է շահագործվում, այդքան թունավոր պոչամբար է առաջացել, այդքան տարածքներ են ամայացել, ինչու՞ մեր բյուջեն չի լցվել կամ լցվում:
-Իշխանության գալուց ի վեր իշխող ուժն ասում է՝ թողեք աշխատենք: Տարիուկեսից ավելի թողնում ենք՝ աշխատեն, ի՞նչ են շտկել այս ընթացքում, ինչ-որ բան սովորե՞լ են:
-Ես չեմ ուզում՝ թողնեմ՝ աշխատեն, նրանց աշխատանքը ենթադրում է կլինիկական փորձարկումներ, այլասերումների քարոզ, մայրաքաղաքի ապականում, ճոխ պարգևավճարների բաժանում, անիմաստ գործուղումներ, գործազրկության աճ, ուտելու փառատոների ու գորգլվայի կազմակերպում, դիվանագիտական հարաբերությունների ոչնչացում, ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի խորացում, արտագաղթի ավելացում, մարդկանց վիրավորանք հասցնել (անգրագետ Պողոս, ոչխար պահող և այլն)։ Հոգեբանական ճնշման եղանակների կիրառումն այս իշխանությունների գործելաոճն է, բայց չեն հաշվարկել, որ կան մարդիկ, որոնք ոչ մի տեսակի ճնշման չեն ենթարկվում, և այդ մարդիկ կանգնեցնելու են «անսեր ու չհանդուրժող» այս իշխանությունների կործանարար մեքենան։ Իմ նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդումներ են իրականացվում, բայց դա ոչինչ է Հայաստան աշխարհի հանդեպ իմ սիրո համեմատ։
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ