Կառավարություն-ԱԺ հակասություն կա
04.10.2019 | 00:39
Պարզվում է, որ կառավարության անդամները չեն էլ հարգում սեփական խորհրդարանական մեծամասնությանը և անձամբ ԱԺ նախագահին, ինչը դրսևորվեց նաև այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելուն դեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նախագիծ ներկայացնելուց առաջ պետք է նախարարության հետ համագործակցեն։ «Բայց մեզ հորդորում են չսովորեցնել, թե ինչպես պետք է ԱԺ-ն աշխատի»,- ասաց նախարարը: «Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել են Ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել և դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար, խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- կշտամբեց Միրզոյանը:
Սակայն սա միակ դեպքը չէ, որ կառավարություն-ԱԺ հակասություն կա: ԱԺ մեր աղբյուրները փաստում են, որ գերատեսչությունները շատ վատ են աշխատում անգամ սեփական պատգամավորների հետ, որի ապացույցն էլ այն է, որ հարցուպատասխանի ժամանակ վերջիններս ուղղակի «գրոհում» են կառավարության անդամների վրա` իրենց հուզող հարցերին պատասխան ստանալու համար: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, այս նախարարը միշտ դժգոհում է և կառավարության նիստերին, և ԱԺ-ում, որ այս կամ այն նախագիծ առանց իրենց է քննարկվել, իրենք տեղյակ չեն դրանից` անկախ հանգամանքից, թե այդ նախագիծն իրենց սրտով է, թե ոչ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ