Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բայց, այնուամենայնիվ, շնորհավոր ձեր տոնը

Բայց, այնուամենայնիվ, շնորհավոր ձեր տոնը
06.10.2019 | 13:38

Քանի-քանի ծաղկեփնջեր են երեկ ստացել մանկավարժները ու դեռ կստանան առաջիկա երկուշաբթի, ամանորին, գարնան առաջին օրը, Վերջին զանգին և այսպես շարունակ: Գուցե այլ նվերներ էլ ստանան, ո՞վ գիտե:

«Ուսուցիչներ» քիչ եմ ունեցել, դպրոցում՝ երկու կամ երեք, համալսարանում՝ ավելի շատ: Դպրոցում դասատուներ էին, որ տիրապետում էին առարկային, մտնում դասարան, մեզ լռեցնելու գործիքներով քար լռության պայմաններում դաս անցկացնում, մատյան լրացնում, վախեցնում, թե «կիսամյակի վերջ է գալու» և այլն, և այլն: Այո, հանդգնում եմ ասել, ինձ ու սերնդակիցներիս գուցե լավագույն ուսուցիչները չէ, որ բաժին էին հասել: Նորանկախ Հայաստանում սկսված մեծ արտագաղթից հետո դպրոցներում դասավանդում էին անհրաժեշտ հմտություններ ու մեթոդիկա չունեցող մարդիկ: Հանդգնում եմ նրանց մեծ մասին անվանել «խորհրդային մտածելակերպով դասատուներ», որովհետև մինչ այժմ էլ անհասկանալի է՝ ինչպես կարելի է գործընկերոջ երեխային ի ցույց բոլորի բարձր գնահատականներ շռայլել՝ ստվերում թողնելով իրապես արժանիին: Ինչպես կարելի է երեխային «երկու» նշանակել՝ նրա մեջ կոտրելով թերությունները շտկելու կարողությունը: Ինչպես կարելի է աշակերտին վախեցնել «կիսամյակի ավարտով», «ստուգողականներով», «դիրեկցիայի (այլ ոչ տնօրինության) կողմից գրավորներով» և նմանատիպ, կներեք բառիս համար, «անկապ» արտահայտություններով: Երեխային նախ պետք է որպես քաղաքացի դաստիարակել, սեփական ուժերին հավատացող, սխալներն ու թերությունները նկատող ու շտկող մարդ ձևավորել, ոչ թե գնահատել նրան ամենացածր նիշով ու ասել՝ «դու ծույլիկ ես»: Ոչ, սիրելիներ, ծույլ ու անկարող մարդ չկա, պարզապես դասավանդման մեթոդները պետք է փոխել ու զբաղվել ուսուցչությամբ, ոչ թե սոսկ դասատու լինելով: Մեր ուսուցիչներից մեկը ինձ ու բուհ ընդունվել ցանկացող դասընկերներիս պատեհ ու անպատեհ առիթներով ասում էր, թե «մենք դեբիլ ենք, բուհ չենք կարող ընդունվել»: Նա մեզ ամեն օր կոտրում էր, սարսափում էինք, երբ պետք է դասարան մտներ: Մինչ այսօր ես այդ «մանկավարժին» տեսնել չեմ ուզում: Մեկ այլ դասատու մորս կանգնեցրել ու շատ ուղիղ տեքսոտվ ասել էր՝ ինձ պետք է «կաշառք» տաս:


Ուսուցչի համար լավագույն շնորհակալությունն ու շնորհավորանքն այն է, երբ նախկին սանը հրապարակավ ու ամենուր, առանց կոնկրետ օրերի ու տեղանքի շնորհակալություն է հայտնում իրեն դասատիարակող ու կրթող անհատին, ուսուցչին: Թե չէ արժեք չունեն ո՛չ ծաղկեփնջերը, ո՛չ թանկարժեք նվերները, ո՛չ էլ այդ օրվա շռայլված խոսքերը:
Հ.Գ. Ինձ որպես այսպիսին ձևավորելու կարևորագույն ուսուցչին ես շնորհակալություն հայտնել, ցավոք, չեմ կարող: Բայց նա, վստահ եմ, կարդալու էր այս գրածս, զանգեր ու ասեր. «Բալա ջան, ճիշտ ես գրում, բայց քեզ չեն հասկանա»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ