Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ ժողովուրդը արժանի է Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմ ունենալուն

Հայ ժողովուրդը արժանի է Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմ ունենալուն
27.10.2019 | 12:44

Հոկտեմբերի 25-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը «Անի պլազայում» քննարկում էր կազմակերպել «Փորձի փոխանակման միջոցով՝ վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» թեմայով:


Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանին հարցրի.
-Ազատ վիզային ռեժիմը Եվրոպայի հետ միրա՞ժ է:
-Ես համարում եմ, որ հայ ժողովուրդը արժանի է Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմ ունենալուն, ի վերջո՝ լուրջ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում ու շարունակվում են: Ժողովուրդը պայքարել է ավելի ժողովրդավարական համակարգի ստեղծման համար՝ սա մեկ: Պատրա՞ստ ենք, թե՞ ոչ: Ինչ-որ հարցերում պատրաստ ենք, ինչ-որ հարցերում՝ դեռ ոչ: Դեռ անելիք կա:
-Չե՞ք կարծում, որ դա երկկողմանի երթևեկ է: Եթե նույնիսկ Հայաստանը ԵՄ բոլոր պայմանները բավարարի, տարբեր պատճառներով հակամիգրացիոն քաղաքականությունն է գերիշխում Եվրոպայում, ու՝ ի՞նչ:
-Եվրոպայում շատ ուշադիր հետևում են անօրինական միգրացիայի ծավալներին: Հայաստանը և հայ ժողովուրդը ոչ մի վտանգ չի սպառնում Եվրոպային: Սխալ կարծրատիպ է, որ իբր զանգվածային արտագաղթ կլինի: Նույնիսկ օրինական մեկնածների ու Եվրոպայում իբրև փախստական կացության իրավունք ստացածների թիվը մեծ չէ: Տարեկան կտրվածքով՝ 4-5000: Դա Եվրոպայի համար թիվ չէ: Բայց Եվրոպան մեզնից սպասում է կոնկրետ քայլեր՝ որ մեր սահմանները կպաշտպանենք, անօրինական մեկնածներին հետ կընդունենք… Նրանք քանակից չեն վախենում, նրանց պետք է բարեփոխումների պատրաստակամություն: Հայաստանում էլ կա մտավախություն, որ վիզաների ազատականացման դեպքում մեծ թվով մարդիկ կլքեն Հայաստանը, ուրեմն պետք է այնպես անենք, որ այդ ցանկությունը չունենան, այլ ազատ վիզան մարդկանց համար միջոց լինի եվրոպացիների հետ համագործակցելու: Եթե, օրինակ, բիզնեսմենն ազատ մուտքի հնարավորություն ունի, չի նշանակում, որ մնալու է Եվրոպայում, նշանակում է՝ զարգացնելու է իր բիզնեսը, կապեր է հաստատելու, շփումներ է ունենալու:
-Որոշ ժամանակ առաջ նման քննարկման ժամանակ եվրոպացի մի պաշտոնյա ասաց՝ քանի Հայաստանը ինքը չի վերահսկում իր սահմանները, վիզաների ազատականացման հարցը շատ դժվար է լուծել: Կա՞ այդ խնդիրը հիմա:
-Ես չեմ կարծում, թե այդ խնդիրը կա: Մենք վերահսկում ենք մենք սահմանները, ուղղակի առանձին տեղերում՝ հսկում ենք ռուս սահմանապահների հետ; Դա սկզբունքային խոչընդոտ չէ: Իհարկե, կան նյուանսներ: Օրինակ՝ անձնական տվյալների պահպանությունը: Ես համարում եմ, որ այդ ինստիտուտը պետք է անկախ լինի պետական ինստիտուտներից, կամ ուղղակի ենթարկվի վարչապետին, կամ անկախ լինի: Քանի որ մենք ունենք պարտավորություններ նաև այլ երկրների առաջ, չստացվի, որ տվյալները հասնեն երրորդ երկրներին: Վիզաների դյուրացման ՀՀ-ԵՄ պայմանագրով նախատեսվում է, որ մենք պետք է պահպանենք մարդկանց անձնական տվյալները և բացառենք երրորդ կողմին փոխանցումը:
-Ձեր կարծիքով համաեվրոպական ընտրություննե՞րն էին պատճառը, որ մինչև հիմա ՀՀ-ԵՄ համափայնագիրը ԵՄ-ն ամբողջությամբ չի վավերացրել:
-Եվրոպացիներն ունեն իրենց պատճառներըմ բայց քանի որ ոչ մի պետություն վերապահում չունի, կարծում եմ՝ դանդաղումը տեխնիկական հարց է: Տարբեր երկրներում բավականին բարդ ընթացակարգեր են գործում՝ ոչ միայն երկպալատանի խորհրդարաններ կան, այլև՝ Սահմանադրական դատարանը կամ խորհուրդը պետք է հաստատի խորհրդարանի որոշումը: Բացի դրանից՝ Հայաստանում են լուրջ փոփոխություններ եղել:
-Բայց այդ փոփոխությունները չպիտի՞ ավելի արագացնեին վավերացումը:
-Կարծում եմ՝ այդ փոփոխությունների պատճառով՝ Հայաստանը կենտրոնացած չէր ԵՄ-ում լոբբիստական աշխատանք կատարելու անհրաժեշտության վրա: Հիմա այդ աշխատանքը կատարվում է և, եթե նկատել եք, ԵՄ երկրները վերջին ժամանակներս իրար հետևից համաձայնագիրը վավերացնում են: Նույնիսկ այն երկրներում, որ ոչ մի խնդիր չկա, շատ կարևոր է լոբբիստական աշխատանքը՝ խորհրդարանների օրակարգ արագ մտցնելու, արագ քննարկելու համար:
-Ձեր կարծիքով՝ Հունգարիա՞ն կլինի վերջին պետությունը, որ կվավերացնի համաձայնագիրը՝ ելնելով այն փաստից, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հայտնի պատճառներով խզված են:
-Գուցե ձգձգեն, բայց հաստատ կվավերացնեն՝ վերապահում չունենալով: Երբ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 2018-ի ապրիլին, համաձայնագիրն արդեն 80 տոկոսով գործում է:
-Վիզաների ազատականացման հարցը լուծելը այդ վավերացումն ավելի կհեշտացնի՞: Բնականաբար՝ ոչ թե իրավականորեն, այլ՝ մթնոլորտի փոփոխության առումով:
-Մենք ստորագրել ենք վիզաների տրամադրման դյուրացման պայմանագիր, ռեադմիսիայի պայմանագիր, բայց վիզաների ազատականացումը կլինի ավելի ուշ, կարծում եմ՝ 1-2 տարի կպահանջի ու այդ ընթացքում մենք պարբերաբար պետք է մեր մեսիջները ուղարկենք, որ շահագրգիռ ենք հարցի արագ լուծմամբ: Եվրոպացիները ուշադիր հետևում են մեր քայլերին՝ դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ:
-Հնարավո՞ր է, որ վիզաների ազատականացման դեպքում եվրոպական կողմից Հայաստան գան տարբեր անցանկալի խմբեր-խմբավորումներ:
-Եկեք հարցերը տարանջատենք, Հայաստանի դուռը վաղուց բաց է եվրոպացիների առաջ՝ նրանց Հայաստան գալու համար վիզա պետք չէ 2012-ից: Բայց միշտ էլ այդ վտանգը կա՝ նաև փակ սահմանների դեպքում, ու դրանով պիտի զբաղվեն հատուկ ծառայությունները՝ ինչի՞ համար է ԱԱԾ-ն, եթե ոչ ազգային անվտանգությունն ապահովելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կոնֆերանսի մասին՝ «Իրատեսի» հոկտեմբերի 29-ի համարում:

Դիտվել է՝ 4629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ