Հասարակական-քաղաքական գործիչ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ լուրջ կասկածներ ունի Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ։ Վերջերս նա դիմել է գերմանական կլինիկաներից մեկին՝ ներկայացրելով համապատասխան ախտանիշները։ «Իրատեսի» հետ զրույցում տիկին Խաչատրյանը խոսեց այս և այլ հարցերի շուրջ։
-Վերջերս Դուք հաճախ եք երկրի վարչապետի հոգեկան առողջության մասին խոսում։ Ի՞նչն է Ձեր մտահոգության առիթը։
-Նախ ես Փաշինյանին չեմ համարում երկրի վարչապետ, նա խաբեությամբ, քաղտեխնոլոգիաների կիրառմամբ, ժողովրդին մոլորության մեջ գցելով, դարձել է վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը խաբեությամբ բռնազավթած անձ է։ Որպես 15 տարվա բժշկական փորձ ունեցող նյարդավիրաբույժ, ինձ թույլ եմ տալիս անել մի շարք եզրակացություններ։ Ճիշտ է, անցնում եմ բժշկական էթիկայի և բարոյագիտության սահմանը, բայց ինձ այդ իրավունքը տվել է առողջապահության աթոռը զբաղեցնող անձը։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին անվանեց հոգեկան հիվանդ և ասաց, թե պիտի նրա հոգեկան առողջությամբ զբաղվեն, ուղարկեն հոգեբուժարան։ Եթե առողջապահության ոլորտի առաջին դեմքն է իրեն նման որակում թույլ տալիս և ամբողջությամբ քանդում բժշկական բարոյագիտության նորմերը, դուռ է բացում մյուս բժիշկների առաջ։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի համար ախտորոշում չեմ սահմանում, անհրաժեշտ է կատարել լուրջ հետազոտություններ։ Հասկանում եմ, որ այսօր ՀՀ-ում հոգեբուժական կլինիկաների ղեկավարները կաղապարված են, որոշ չափով կվախենան ու ճիշտ ախտորոշումը չեն տա։ Որպեսզի որևէ բժշկի հարվածի տակ չդնեմ, որոշեցի դիմել Գերմանիայի էլիտար հոգեբուժական կլինիկաներից մեկին՝ նշելով կլինիկական նշանները, մոտ ապագայում պատասխանը կստանամ։
-Ի՞նչ ախտանիշներ եք նկատել Փաշինյանի մոտ։
-Իմ համոզմամբ, պետության վարչապետը պիտի խոսի երկրի զարգացման մասին, ոչ թե տարօրինակ երևույթների հետևից ընկնի։ Նման դեպքերում որոշակի կասկածներ են առաջանում՝ արդյոք այս մարդը թմրանյութե՞ր է օգտագործում, արդյոք ալկոհոլիզմո՞վ է զբաղվում, արդյոք նրա հոգեկան առողջությունը նորմա՞լ վիճակում է, թե՞ խնդիրներ կան։ Ես նկատել եմ հետևյալ կլինիկական ախտանիշները. հետապնդման զառանցանք` օտարերկրյա գործակալների և դավադիր ուժերի տեսքով, տեսիլքներ` սևազգեստ մարդկանց տեսքով, քնկոտություն, ստելու, աղքատների աչքի առաջ անհագ ուտելու և նկարահանվելու, գումարներ մսխելու, շրջափակման, ցույցեր անելու մոլուցքներ։ Այս ամենին գումարվում են նաև անհատականության դիսոցիատիվ խանգարում (անձի երկվություն)` իրեն Մոնթե, Չե Գևարա, Պապ թագավոր, ժողովուրդ, գերագույն գլխավոր հրամանատար ներկայացնելու ձևով, երկբևեռ աֆեկտիվ խանգարում` էյֆորիայի և դիսֆորիայի նոպաների, մարդկանց պատերին տալու, ասֆալտին փռելու, ծնոտը ջարդելու ձևով, անիմաստ ծիծաղի և զայրույթի նոպաներ, մարդկանց գլխի ներսը առանց հատուկ հետազոտությունների տեսնելու պնդում (տեսնում է աղքատություն), պերսևերացիաներ` բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնություն՝ գիտակցված կամ չգիտակցված, հատվածական մտածողություն` ֆիլմերը միայն հատվածներով ընկալելու ձևով, հիշողության կորուստ` սեփական բառերը, պնդումները, քննադատությունները մոռանալը, ընկալումների փսիխոսենսոր խանգարումներ` պղծություններ քարոզողին ավանդապաշտ ընտանիքի մայր անվանելը, «տարածքային ագնոզիա»` Կովկասի մասին պատկերացումների աղավաղմամբ (թեև սա կարող է լինել պարզապես անգրագիտության նշան)։ Իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրն իրավունք չունի հոգեկան խնդիրներ ունեցող, թեթևսոլիկ առաջնորդ ունենալու, պիտի ունենալ լուրջ, ադեկվատ, ծրագրեր ունեցող, առողջ ղեկավար։
-Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ի՞նչ անել, որ իրավիճակը շտկվի։ Անհատների մակարդակով ընդդիմադիրներ կան, բայց չկա հավաքական ուժ, որը կարող է այլընտրանք լինել գործող իշխանության համար։
-Առաջին հերթին պետք է ունենալ ախտորոշում։ Երբ կլինի մասնագետների հստակ պատասխանը, հասարակությունը կորոշի ինչ անել։ Իրավացի եք, մենք միավորվելու կարիք ունենք։ Մենք միշտ համախմբվում ենք, երբ վտանգ ենք զգում, ինչպես պատերազմի ժամանակ։ Այսօր էլ պատերազմական վիճակ է, բայց երկրի ներսում, ինչն ավելի վտանգավոր է։ Հայկական ազգանունով մարդիկ ներսից ջախջախում, քանդում են մեր պետականության հիմքերը։ Սա կանխելու միակ ճանապարհը համախմբվելն է, որին խանգարում են քաղաքական հայացքները։ Կուսակցությունների ներկայացուցիչներն ունեն տարբեր հայացքներ, տարբեր թիմերի են աջակցում, հետևաբար հնարավոր է այդ հայացքների համար կոնֆլիկտներ ստեղծվեն։ Դրա համար կա մի ելք՝ համախմբվել սոցիալական խնդիրների շուրջ, որովհետև բոլոր մարդիկ ունեն սոցիալական նույն խնդիրները, առողջապահական, կրթական համակարգերում առկա խնդիրները բոլորին են վերաբերում։ Սոցիալական չիրականացվող քաղաքականությունը բոլորիս է հարվածում, աշխատատեղեր ստեղծելու, սոցիալական հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված են համասեռամոլների համար երրորդ վարչություն ստեղծելով։ Սա աբսուրդ է։ Մեր երկրում օրենքը պիտի գերակա լինի ու գործի բոլորի համար հավասար սկզբունքով։ Փաշինյանը պիտի գիտակցի, որ վաղն ինքն է օրենքի առաջ պատասխան տալու, որովհետև գալու են մարդիկ, որոնք գիտակցում են, որ առաջին պլանում միշտ հայրենիքն է։ Այսօրվա քայլերով գնում ենք մեր պետականությունը, արժեքները կորցնելու ճանապարհով։ Օր առաջ հարկավոր է սոցիալական հարցերի շուրջ համախմբում։ Տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են համախմբվել, միմյանց օգնել ու դրանք լուծել։ Խոսքը ֆինանսական օգնության մասին չէ, այլ բարոյական, մասնագիտական։ Ամեն մեկը պիտի իր ռեսուրսը ներդնի, այսինքն՝ պետական գործառույթների իրականացում քաղաքացու ուժերով։
-Այսօր ընդդիմադիր յուրաքանչյուր խոսք, քննադատություն, շարժում նույնացվում է նախորդ իշխանությունների հետ և արժանանում «նախկին ռեժիմի ստրուկներ» որակմանը։ Ինչպե՞ս դուրս գալ հնի ու նորի տիրույթից և ընդդիմադիր ուժ ձևավորել։
-Յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն հարց տա՝ ես նախկի՞ն եմ, թե՞ նոր։ Նա կտեսնի, որ ոչ նախկին է, ոչ նոր։ Եթե նախկինները թալանչի էին, ներկաները համասեռամոլ են։ Այդ մարդը պիտի իրեն հարց տա՝ ինքը թալանչի՞ է, թե՞ համասեռամոլ։ Կհասկանա, որ այդ խմբերից ոչ մեկին չի պատկանում։ Սա լրիվ կեղծ օրակարգ է, գնահատականներ՝ մարդկանց մոլորեցնելու և վախեցնելու համար։ Իշխանազավթման գործընթացը մարդկանց միջից վախը հանել է, նրանք հասկացան, որ իրենց ձայնը նշանակություն ունի։ Այս մարդիկ, իրենց նմանների հետ համախմբվելով, կարող են երկիրն այս ճահճից հանել։
-Ի՞նչ ձևով, էլի փողոցո՞վ։
-Սոցիալական համախմբմամբ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Շատերը չեն ընդունում կուսակցություններին, չեն ցանկանում մասնակցել քաղաքական գործընթացներին, նրանց հուզում են կոնկրետ սոցիալական հարցերը։ Այո, պիտի վերադարձ չլինի նախկինին, բայց ներկան էլ անտանելի է։ Չի կարելի ներկայի հետ հարմարվել։ Կորցնելու ենք այն ամենը, ինչն ազգային է։ Պետք է ձևավորվի 3-րդ ուժը կամ ուժերը, որոնք պիտի համագործակցեն ազգային, սոցիալական խնդիրների շուրջ։ Ես նույնիսկ հրավիրում եմ ՔՊ-ի և «Իմ քայլը» խմբակցության ադեկվատ մարդկանց՝ մասնակցելու այդ խնդիրների լուծմանը։ Մասնավորապես նկատի ունեմ նրանց, ովքեր չեն ուզում այլասերում գա Հայաստան, ովքեր հասկանում են, որ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ եկեղեցին մեր պետության հիմքերն են։ Բոլոր կուսակցություններում, քաղաքական ուժերում էլ կան և ադեկվատ, և շահամոլ մարդիկ։
Օրերս հանդիպեցի քաղաքացիների, որոնք անպտղության ծրագրի շահառու էին, վրդովված էին, քանի որ իրենց վստահեցրել էին, թե ամեն ինչ անվճար է, բայց արդեն հսկայական գումարներ են ծախսել։ Սուտը, կեղծիքը, անհեռատեսությունը դարձել են պետական քաղաքականություն։ Քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ են դնում, հետո այդ ողջ իրավիճակը շրջվում է ոլորտի մասնագետների, օրինակ, բժիշկների, ուսուցիչների դեմ։ Մարդկանց իրար թշնամի են դարձնում, չի կարելի այսպես պառակտել բոլորին։ Առանձին-առանձին ֆինանսական բարեկեցություն ապահովելով, չենք ունենա բարեկեցիկ ապագա։ Այսօրվա հարուստը համոզվա՞ծ է, որ վաղն իր երեխան աղքատության մեջ չի ապրելու։ Մենք չունենք սոցիալական արդար պետություն։ Շատերն ասում էին, թողեք, թող աշխատեն։ 1,5 տարի թողեցինք, ու՞ր են տանում երկիրը, ինչի՞ են վերածել խորհրդարանը, այլասերման քարոզչամեքենայի՞։ Վերջերս պատգամավորի մանդատ ստացած մի դերասանի (խոսքը «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանի մասին է-Ռ. Խ.) հանդիպեցի ԱԺ-ի մուտքի մոտ, երբ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք էինք անում, այնպես էր խոսում ինձ հետ, կարծես ինքն աստղերին է նստած, ես էլ ՀՀ վերջին քաղաքացին եմ։ Անգամ եթե ես վերջին քաղաքացին եմ, նա այդպես խոսելու իրավունք չունի։
-Ասել է՝ 1,5 տարում այս իշխանությունն արդեն իրականությունից կտրվե՞լ է։
-Ամբողջությամբ։ Մենք նախորդներին էինք մեղադրում, մինչդեռ այս իշխանությունն իրականությունից լրիվ է կտրվել։ Չունեն սկզբունքներ, ունեն բարոյական ցածր արժեքներ։ ՈՒսանողները դուրս են եկել ու պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ի՞նչ է ասում Հարությունյանը, ասում է՝ մի խումբ մարդիկ են։ Առողջապահության նախարարության գործունեության բացերը բարձրաձայնում ենք, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում, առողջապահության նախարարի աթոռը զբաղեցրած մարդն ասում է՝ մի խումբ մարդիկ են։ Նույնը կրկնում են մյուսները։ Սա պոպուլիզմի վրա հիմնված հատուկ քաղաքականություն է։ Համարում են, որ ժողովուրդն իրենք են, իսկ մնացածը՝ 2,5 միլիոնը, մի խումբ մարդիկ են։ Ես ուզում եմ իրենց հիշեցնել, էն ձեր Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ԱԺ-ում 7 տոկոս ձայն ուներ, որի մասին հեգնում էր Սերժ Սարգսյանը։ Բա ինչպե՞ս այսպես ստացվեց։ Թող վեր-վեր չթռչեն, չմտածեն, թե մի խումբ մարդիկ են ընդդիմախոսները։ Եթե այսօր ընտրություն լինի, վստահ եմ, այդ 7 տոկոսն էլ չեն հավաքի։
-Այսինքն ընդամենը մեկ տարի առաջ 80 տոկոս վստահության քվե ունեցող իշխանությունը այսօր 7 տոկոս էլ չի կարող հավաքել։
-Դեռ կան մարդիկ, որոնք, Փաշինյանի սիրած բառամթերքով ասեմ, օգտվում են ներկայիս իշխանության կերակրատաշտից։ Դրա համար նրանք սիրո խոստովանություններ են անում, Փաշինյանի տարբեր օրգաններն ուտելու մրցույթներ հայտարարում։ Իմա՝ ունեն անձնական շահ։ Բայց այս մարդիկ պիտի գիտակցեն, որ այդ ամենը ժամանակավոր է, պիտի միմիայն հայրենիքի շահի հետևից գնալ։ Այսօր մանկավաճառության մասին ենք արդեն խոսում, որի մասին մենք հաճախ են բարձրաձայնել, դրանից հետո ԱԱԾ-ն 30 մանուկների վաճառքի մասին հաղորդագրություն է տարածել։ Բայց չտեսանք, որ դրանից հետո որևէ հիվանդանոցի տնօրեն պատասխանատվության ենթարկվեր։ Մեծ հարց է նաև, թե ինչու է այս մասին հոդվածն առաջինը տպվում «Հայկական ժամանակ»-ում։ Իշխանական կայքով, թերթով է դա հրապարակվում, ինչու՞։ Քանի դեռ մենք ունենք Ֆեյսբուքում հայհոյողներ, պետական շահն անձնական շահից ստորադասողներ, մեր խնդիրները չեն վերանա։ Մարդկանց հետ լուրջ աշխատանքներ պիտի տանել, զրուցել, ընդգրկել սոցիալական ծրագրերի մեջ։ Մարդիկ իրենք կարող են շարժման առաջնորդ դառնալ։ Եթե մարդն իր ժամանակը, գիտելիքը ներդնում է ընդհանուր գործի համար, կլինի զարգացում։
-1,5 տարի առաջ մարդիկ ոգևորությամբ դուրս եկան փողոց, բայց հիմա կամաց-կամաց հիասթափության ալիքը մեծանում է, կհաջողվի՞ նորից ոտքի հանել մարդկանց։
-Շատ կարևոր է, թե ինչի շուրջ ես մարդկանց համախմբում։ Մարդկանց համախմբել էր «Մերժիր Սերժին» կարգախոսը, հարթակից որևէ քաղաքական տեքստ, ծրագիր չի հնչեցվել։ Ասվել է ընդամենը՝ ոչ մի մուկ և ձուկ չի պլստալու, բոլորին պատերին ենք ծեփելու, փռելու ենք ասֆալտին։ Հարթակից հնչել են հակաիրավական հրահանգներ, մարզպետներ աշխատանքից ազատվեցին։ Քաղաքացիների ոգևորությունը սրանով էր պայմանավորված։ Քաղտեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց զոմբիացրել էին։ Ավելին, մասնագետներ կան, որոնք չեն բացառում նաև օդում հատուկ նյութերի տարածումը, որոնք անջատում են մարդկանց գիտակցականը և նույն ալիքի մեջ մտցնում։ Այդ ալիքի տակ չընկան այն մարդիկ, որոնք ունեն կրթական, գիտական որոշակի մակարդակ, անցած ուղի։ Պետք չէ մարդկանց միայն լոզունգների ներքո հավաքել։ Ասացին՝ Սերժին, Սաշիկին կկալանավորենք, նրանց գողացած փողերը հետ կբերենք ու մարդիկ լավ կապրեն։ Մարդկանց հարկավոր է համախմբել միմյանց օգնելու, գործ անելու գաղափարների շուրջ։ Երբ մարդկանց միանգամից մեծ հույսեր ես տալիս, հետո ամեն ինչ կորցնում են, հայտնվում են դեպրեսիվ վիճակում, գլխում արտագաղթելու միտք է առաջանում։
-Վերևում նշեցիք, որ ներսում իշխանությունները պատերազմ են հայտարարել: Ձեր դիտարկմամբ, հատկապես ո՞ր ոլորտներն են հայտնվել այդ թիրախում։
-Առաջին ռազմավարական ուղղությունը կրթությունն է, որը խայտառակ վիճակի է հասել։ Այս հարցում մեղադրում եմ բոլորին, որոնք այս հարցում պատասխանատու են եղել, նրանք մեր պետության դեմ հանցագործություն են արել։ Այսօր փորձում են հիմնահատակ քանդել այս ոլորտը, քանի որ հարվածի տակ է մեր լեզուն։ Կրթության նախարարի աթոռը զբաղեցնող անձը 4 տող չի կարող անգիր անել, էլ չասեմ, որ դա պիտի 4-րդ դասարանից արդեն իմանար, ավելին. կասկածներ ունեմ, որ մեր հիմն էլ չգիտի։ Մեր դպրոցներում և մանկապարտեզներում տարիներ շարունակ, հիմա ավելի ակտիվ ներմուծում են պղծությունների քարոզ։ 3-6 տարեկանների համար հիմար գրքույկ էին տպել, որն առողջապահական, էլ չասեմ սեռական դաստիարակության տեսանկյունից խիստ վտանգավոր է։ Յուրաքանչյուր ծնող պիտի ուշադիր լինի, թե իր երեխան ում հետ է շփվում, և դպրոցում ինչ են դասավանդում։
Հաջորդ հարվածը եկեղեցուն են հասցնում, որով ուզում են մեր պետությունը պարզապես ոչնչացնել։ Ռազմավարական մյուս ուղղությունն առողջապահությունն է, եթե չունես առողջ բնակչություն, չես ունենալու աշխատող, զինվոր, նոր սերունդ։ ՈՒղիղ հարվածի տակ է նաև մեր ընտանիքի ինստիտուտը։ Ապաստարաններ են ստեղծում, ամեն ձևով ուզում են մտնել ընտանիքներ, որպեսզի բաժանությունների տոկոսն ավելացնեն։ Սարսափելին այն է, որ այս ամենին մասնակցում են հայի ազգանունով մարդիկ, որոնք հանուն փողի սեփական մորն էլ կվաճառեն։ Մեր պաշտպանության բանակի գեներալների վարկաբեկման արշավ է սկսվել։ Մեր երեխան այսօր ի՞նչ է տեսնում՝ վարկաբեկվել են գեներալները, բժիշկները, ուսուցիչները։ Երեխան մտածում է` գնամ դառնամ գեներալ, որ հետո ինձ հայհոյե՞ն։ Այնպես են անում, որ մեր երեխաները երազեն դառնալ տրանսգենդեր, մարիխուանիստ։ Այսինքն, ազգային արժեհամակարգի փոփոխություն է տեղի ունենում։ Երբ դու մեր արժեհամակարգը ծաղրում ես, մարդկանց ասում ես՝ հետամնաց, ուզում եմ ասել՝ ե՞ս եմ հետամնացը, որ ազգային արժեքներն եմ գովաբանում, թե՞ դուք, որ իրար քրտինք շնչելով, մինչև այսօր հանրային տրանսպորտում իրար գիրկ նստած երթևեկում եք։ Ինձ շատ անհանգստացնում է այն, որ դրսի խմբակներն իրենց ապազգային քաղաքականության համար օգտագործում են մեր երիտասարդներին։ ԱԺ-ում, կառավարությունում կան մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, նրանց տվել են որոշակի ֆինանսական միջոցներ, ապազգային արժեքներ սերմանել ու որպես գործիք օգտագործում են մեր պետության դեմ։ Այդ մարդկանց ընդամենը կասեմ՝ իմ խիղճը տանջում է, որ մենք պետությունն այն օրի ենք հասցրել, որ ձեզ օգտագործում են մեր պետության դեմ։ Ես պատրաստ եմ իմ բոլոր ռեսուրսները ներդնելու, որ ձեզ հետ պահեմ այդ ազգակործան ծրագրի իրականացումից։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ