Ձեռնամարտ` առանց կանոնների
14.01.2020 | 03:07
Ձմեռը կարծածից հետաքրքիր ստացվեց: Այն մեկնարկեց Վանեցյան-Փաշինյան ձեռնամարտով. այնքան թեժ էր, որ շատերի մեջ անգամ կասկած առաջացավ` արդյո՞ք Փաշինյանն ու Վանեցյանը շա՜տ խորքերում պայմանավորված չեն խաղում միմյանց հետ` Վանեցյանին վերապահելով Սոլեյմանիին ցավակցողի, սորոսիկների դեմ պայքարողի, ռուսական վեկտորը «կենդանի» պահողի (հիշենք` օդում կախված շշուկներ կային, որ Նիկոլը պաշտոնանկությունից առաջ Վանեցյանին համարել է ռուսական… լավ, ձևակերպենք նուրբ` Ռուսաստան շատ սիրող պերսոն) դերը, ասել է` ընդդիմադիր, ինստիտուցիոնալ պայքարը կարող է վարել Վանեցյանը` ընդդեմ արհեստական-ամերիկյան ինտելեկտի մարմնացում, ամեն ինչի «ընդունակ», արևմտյան պասաժը «համախմբման» տանող` ոչ անհայտ դասալիք, քրեական գործերով անցած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:
ՈՒ այս մեծ խաղում «արբիտրի» դերը կվերապահվի Նիկոլին:
Իսկ իրականում, Վանեցյան-Բաբաջանյան դուետը, ֆորսմաժորային զարգացումների դեպքում, կլինեն Նիկոլին փոխարինող պահեստայիններ, գեոկենտրոնների համար ընդունելի պերսոններ: ՈՒ այս խաղում` թե՛ ժողովրդական, թե՛ «բոլորեքյան» առավելությունը հաստատապես Վանեցյանի կողմն է, որը, ճիշտ է, թոթովախոս է քաղաքականության մեջ, անում է իր առաջին քայլերը, խոցելի է որոշ առումներով, սակայն, մարդկային տեսակաբանությամբ, ընդունելի է շատերի, եթե ոչ բոլորի կողմից, բացի սորոսիկներից:
Աբսու՞րդ է: ՈՒմ համար` ինչպես: Բայց քանի որ «կոպիտ դար է, կոպիտ բարքեր», իսկ քվանտային ռեզոնանսը կյանքի իրավունք ունի և խիստ առաջնահերթ է այսօր, վերը նշված վարկածին կյանքի իրավունք տանք` այլ վարկածների կողքին, մանավանդ որ, քաղտեխնոլոգիաներն ու օվերտոնների պատուհանները աշխատում են հենց անկանխատեսելիության սկզբունքով:
Մանավանդ որ, շատ մոտիկ` Իրանում, զարգացումների այնպիսի ասիմետրիա է, որ ժամն ու վայրկյանը չեն բավարարում ինֆո-հիբրիդային զարգացումները կլանելու համար: Ւսկ ԱՄՆ-ը շտապում է. նա կորցնում կամ դանդաղում է Վենեսուելայում, Գուայդոն ոչ մի կերպ չի արդարացնում իրեն, Հոնկոնգում կես տարի է` բան չի ստացվում, չնայած հուժկու գունավոր հեղափոխական մուտացիաներին, Ռուսաստանն ընդհանրապես չի կարողանում գունավորեցնել, երկրորդ պտույտի է տանում Սորոսին, Իրանում… Տեսնում եք` որոշակի շարժ կա այն առումով, որ բողոքի ելած ուսանողների շարքերն ստվարանում են, և առաջին անգամ Իրանում բողոքը սակրալի դեմ է` հոգևոր առաջնորդի` «Ալիի», այն է` Խամենեիի, ինչը չլսված-չտեսնված ռեզոնանս է, ուստի պետք է արձանագրել, որ Սոլեյմանիի սպանությամբ, ուկրիանական ինքնաթիռի «քվանտային» խոցմամբ ԱՄՆ-ը ինչ-որ առումով ճեղքեց իրանական մենթալ դաշտը, ու երբ իրանցին պահանջում է հոգևոր առաջնորդի հրաժարականը, դա արդեն լուրջ իրավիճակ է, եթե չասենք` Սոլեյմանիի սպանությունից էլ ավելի հուժկու «սպանություն»:
ՈՒ այս առումով չենք բացառում, որ Փաշինյան Նիկոլը և յուր «բաք-օֆիսներն» այնքան գրագետ ու դերաբաշխումային են խաղում, որ հնարավոր է շա՜տ խորքերում Վանեցյանի հետ խաղը գրագիտության, գեոմարտահրավերներ-հաշվարկների արտահայտություն լինի:
Մի ժպտացեք, թե` անհնար է: Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք: Հետո էլ կարծում ենք` Իոնիսյան կոչվածի բողոքի հուժկու նոտան ընդդեմ Փաշինյան, հենց այն հանգամանքով է պայմանավորված, որ ուժայինների նկատմամբ սորոսենք կարծես թե կորցնում են իրենց վերահսկողությունը. չնայած դեռ սպասենք, թե ովքեր կդառնան այդ կառույցների ղեկավարներ:
Հաջորդիվ ժպտում ու նկատառում եք, որ Փաշինյանը և յուր ընտանիքը նեյրոլինգվիստիկայի մեջ են, որովհետև ինքը ևս չունի ուժայինների նկատմամբ ամբողջական վերահսկողություն, և չի բացառվում, որ համակարգից հեռացած Վանեցյանը տեղյակ լինի` ինչ են խոսել փակ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու ուժային ԺՊ-ները, ինչ են որոշել` ով «Հալեպն» արտասանի ՍԴ-ի գլխին, ով բռնի ոչ միայն Հրայր Թովմասյանի սանիկի, այլև Հրայրի «ոտները»` թաթիկները կտրելու համար և այդպես շարունակ:
Դարձյալ ընդունեք` ով ինչպես կուզի: Վարկած է, որ կարող է նույնպես կյանքի իրավունք ունենալ, մանավանդ, ելնելով «ընտանիքի» բուռն հակազդեցությունից, մեկ էլ քաղաքականություն մտնելու պատրաստվող Վանեցյանի իմպուլսիվ, «կանգ առնելու» անընդունակ վարքից ելնելով:
Բոլոր դեպքերում, այո, ձմեռը բուռն ստացվեց։ Շարունակենք դիտել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ