Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
21.01.2020 | 13:48

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին նաև եկեղեցականների պատրաստության, հոգևոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության և կրթության բարելավման վերաբերյալ:


Քննարկումներ ծավալվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետևողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի և բարեպաշտ ժողովրդի:
Անդրադարձ կատարվեց նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցին:


Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվեց, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ և դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ:
Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե անցյալի և թե ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ