Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եղե՞լ է, թե՞ չի եղել հեղաշրջման փորձ Հայաստանում

Եղե՞լ է, թե՞ չի եղել հեղաշրջման փորձ Հայաստանում
26.01.2020 | 15:13

Երեկ Կապանում ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ. «Հեղաշրջում բառը ճիշտ չէ օգտագործել. ռևանշի փորձեր են եղել և այդ փորձերի ողնաշարը ջարդված է»: Իսկ ի՞նչի համար է ռևանշը, եթե ոչ իշխանափոխության: «Հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն: Ինչ ուզում եք ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել»՝ պնդեց Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե մի քանի ամիս առաջ պաշտոնանկ եղած ԱԱԾ և ոստիկանության պետերն այդ փորձերի հետ կապ ունեցե՞լ են, և մտավախություն չունի՞, որ Արթուր Վանեցյանը կարող է խոսել, Փաշինյանն ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն այդօրինակ մտավախություն ունի»: Հարցը հռետորական էր, չկա ընդհանրական պատասխան, թե ինչ տեսք ունի մտավախություն ունեցող մարդը: Համենայն դեպս՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ բավականին նման էր նման մտավախություն ՈՒՆԵՑԱԾ մարդու, որ արդեն հաղթահարել էր մտավախությունը ու ջանում էր ցրել նաև մտավախություն ունեցածների կասկածները: Ընդհանրապես՝ Արմեն Գրիգորյանի բոլոր մեկնաբանությունները հետո կամ ինքն է ստիպված վերաբացատրել, թե իրականում ինչ էր ուզում ասել, բայց ինչ է ասել, կամ՝ ուրիշները: Այս անգամ նրա մեկնաբանի դերում ստիպված էր լինել վարչապետը:


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում եղել է պետական հեղաշրջման փորձ, կանխվել է, վտանգ այլևս չկա: Թե ինչու՞ չկա հարուցված քրեական գործ հարցին, նա պատասխանել էր, որ կատարվում է քննություն և պարզ կլինի՝ քրգործի կարիք կա՞, թե՞ ոչ: ԱԱԾ-ն հեղաշրջման մասին հարցին պատասխանել էր, որ չի տիրապետում այդպիսի փորձի վերաբերյալ տեղեկատվության: Ստացվում է՝ ԱԽ քարտուղարը ասում է՝ վտանգն անցել է, ԱԱԾ-ն տեղեկություն էլ չի ունեցել, որ վտանգ է եղել: Իսկ վարչապետն ասում է. «Գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում՚: Բայց նա էլ հասկանում է, որ խնդիրը լրագրողները չեն: «Եթե Արմեն Գրիգորյանի ասածները ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային մի երևույթի նկարագրություն, և եթե այդպես ձևակերպենք, կարող ենք անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, որ վերջնականապես պարտված և ջախջախված են՚: Ինչ է նշանակում հիբրիդային պրոցե՞ս: Տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի: «Ինչո՞ւ է հեղաշրջում բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում: Որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաստացի՝ նա ոչ թե հերքեց, որ եղել է հեղաշրջման փորձ, այլ՝ վերանվանեց: Ու՝ հաստատեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես Կապանում մամլո ասուլիսը համեմատաբար խաղաղ էր, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հընթացս հրաժարական չտվեց՝ ինչպես Վանաձորի ասուլիսում, այլ հրաժարականներ էլ չեղան: Սկանդալնե՞ր: Իհարկե եղան: Վարչապետը եզակի տաղանդ ունի մարդկանց իրենից վանելու: Նրա մեջ շատ բարձրաձայն է խոսում նախկին գլխավոր խմբագիրը, որ ի պաշտոնե չի կարող խոսքի տակ մնալ ու պարտավոր է հակադարձել ավելի ու ավելի… Օրինակ՝ Էդմոն Մարուքյանին: Փաշինյան-Մարուքյան բանավեճն արդեն վերածվում է լեզվակռվի, որտեղ կորչում է բուն հարցը: Իսկ գլխավոր սկանդալը ՍԴ նախագահին էր վերաբերում: Փաստացի Նիկոլ Փաշինյանն ունի ևս մեկ անուրանալի տաղանդ՝ կարողանում է չափազանց կարևոր ու լուրջ հարցերը այնպես համադրել սկանդալների հետ, որ հաջորդ օրը բոլորը վազեն սկանդալի հետևից, իսկ կարևորը կորչի: Օրինակ՝ երեկ նա բացառեց վերադարձը կիսանախագահական համակարգին: Ասաց՝ կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է ու եղել է կառավարման համակարգի ձախողման հիմնական պատճառը: «Կամ պետք է լինի ամբողջական նախագահական կամ ամբողջական խորհրդարանական համակարգ: Իմ կարծիքով, կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ մինչև չենք համոզվել, այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»: Ասաց՝ սահմանդրական փոփոխությունների նպատակն է դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա իրողություններին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը:


Ասուլիսի սկզբում էլ փաստախեղդ ու թվախեղդ արեց, որից ավելի ձանձրալի կարող էին լինել միայն այն սկետչերը, որ նայում ու օրինակ է բերում վարչապետը: Նա դեռ չունի մամլո քարտուղար, հուսանք՝ արագ կընտրի ու կընտրի այնպիսի մեկին, որ նրան համոզիչ կբացատրի՝ ինքը գենսեկ չէ, ասուլիսն էլ ՍՄԿԿ համագումար չէ, «նոր Հայաստանի՚ 100, թե 1000 փաստերը չեն իրենից սպասելիքը, դա պարտավոր են անել իր 12 առաքյալները, ներեցեք՝ նախարարները: Ինքը գերլեգիտիմ վարչապետ է՝ գերլեգիտիմ սպասումներով: Իսկ մինչև հիմա համակարգ չի փոխվել Հայաստանում, բյուջեի կառուցվածք ու տնտեսության կառուցվածք չի փոխվել, իր իսկ խոստովանությամբ՝ նույնիսկ Ամուլսարի ճանապարհը չի կարողանում բացել:


Սուպերվարչապետական համակարգից էլ չի ուզում հրաժարվել, իր կարծիքով էլ՝ համոզիչ բացատրություն է գտել, որ այդ համակարգը սուպերվարչապետական չէ …արդար ընտրություններից հետո: Դե լավ, էլի: Մութ չի:
Իսկ գուցե մութ է՝ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չի լսել, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, բայց աշխատանքի չի գնում: «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան և կհետաքրքրվեմ մանրամասն»՝ սա էր նրա պատասխանը: Իսկ գլխավոր սկանդալը, կրկնեմ, հայտարարությունն էր, որ հեղափոխությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նոր իշխանություններին. «2018-ի մայիսից ՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»:


Հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018-ի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ Սահմանադրական դատարանին։ Սա ասում և պնդում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:


…Ու հետևեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը ֆեյսբուքում.«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:
Դատելով հասարակության ու լրագրության ընդհանրական հետաքրքրությունների մակարդակից՝ Նիկոլ Փաշինյանը 5 ժամանոց ասուլիսը ջուրը գցեց ու երեկվանից այսօր, գուցե մի քանի օր էլ քաղաքը խոսելու է հենց այս սկանդալից: Արժե՞ր թնդանոթով ճնճղուկ խփել:

Դիտվել է՝ 4240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ