Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիեզերական որոշում Ռուսաստանում

Տիեզերական որոշում Ռուսաստանում
11.03.2020 | 10:43

Նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է Սահմանադրությունում նախագահական ժամկետների թվի սահմանափակման վերացմանը: Սակայն նրա խոսքից հետևում է, որ չի բացառվում նախագահական ժամկետների զրոյացումը: Պետք է վճռի Սահմանադրական դատարանը՝ ասաց ՌԴ նախագահը: Նա նպատակահարմար չի համարում Սահմանադրությունից հանել նախագահական ժամկետների սահմանափակումը, բայց հարցը կարելի է լուծել այլ կերպ՝ չհաշվել այն ժամկետները, որ նա արդեն նախագահել է՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո: «Երկրորդ առաջարկը, ըստ էության, նշանակում է հանել սահմանափակումները ցանկացած մարդու, ցանկացած քաղաքացու համար, ներառյալ գործող նախագահին, և թույլ տալ ապագայում մասնակցել ընտրությունների: Բնականաբար՝ բաց ու մրցակցային ընտրություններում»՝ Պետդումայում հայտարարեց ՌԴ նախագահը՝ մեկնաբանելով պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկը: Առաջին կին տիեզերագնացն առաջարկում է, որ մեկ մարդը չի կարող երկու ժամկետից ավելի լինել նախագահի պաշտոնում նորմը կգործի՝ առանց հաշվի առնելու արդեն եղած ժամկետները՝ նոր Սահմանադրության ուժ մեջ մտնելուց հետո: Զրոյացումը հնարավոր է 2 պայմանով՝ եթե քաղաքացիներն ընդունեն փոփոխությունը ապրիլի 22-ի համառուսաստանյան քվեարկությամբ և եթե ՌԴ Սահմանադրական դատարանը պաշտոնական եզրակացություն տա, որ փոփոխությունը չի հակասում Հիմնական օրենքի սկզբունքներին ու հիմնական դրույթներին: Պետդուման առաջարկն ընդունեց՝ կողմ 380, դեմ 43, ձեռնպահ 1:


Պուտինը ելույթ ունեցավ Պետդումայում, որ երեքշաբթի ընդհատել էր Սահմանադրության փոփոխությունների քննարկումը երկրորդ ընթերցումով ու սպասում էր նախագահի կարծիքին 2 հարցով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու նախագահական ժամկետների զրոյացման: Պետդումայում Պուտինն ասաց, որ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը իրեն տեղեկացրել է նախագահական ժամկետների զրոյացման նախաձեռնության մասին, որ առաջարկել է Վալենտինա Տերեշկովան: Ելույթը Պետդումայում նախագահը սկսեց շնորհակալությամբ նրանց, որ մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների նախապատրաստմանը աշխատանքային խմբում: Փոփոխությունները նրա խոսքով՝ ուղղված են Ռուսաստանի ինքնիշխանության, «ավանդույթների ու արժեքների» պահպանմանը, նաև «մեր պետության սոցիալական բնույթի լիակատար բացահայտմանը»: «Վստահ եմ, որ հետագայում նախագահական իշխանությունը այսքան անձնավորված չի լինի»՝ հայտարարեց Վլադիմիր Պուտինը: Սակայն հիմա ինքը տեսնում է, որ հասարակությունը սպասում է իր գնահատականին՝ այդ թվում 2024-ից հետո, երբ լրանում է իր իրավասությունների ժամկետը: ՌԴ նախագահը մերժեց պատգամավոր Ալեքսանդր Կարելինի՝ Պետդումայի արտահերթ ընտրությունների առաջարկը: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հրապարակումից հետո, և հիմքեր կան, որ գործող խորհրրդարանը ունենա այդ իրավասությունները՝ գտնում է Պուտինը:


Գործող նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնելու առաջարկը Պուտինին արվել էր Պետերբուրգում վետերանների հանդիպմանը: «Կարելի է բեկանել ժամկետների սահմանափակումը, առավելևս, որ մի քանի այլ երկրներում սահմանափակումներ չկան, իսկ ԱՄՆ-ում հայտնվել է 1948-ին և միայն 1951-ին է ընդունվել բոլոր նահանգների մակարդակով»՝ ասաց Պուտինը: Նրա խոսքով՝ կայունությունը, գուցե ավելի կարևոր է և պետք է գերակա լինի, բայց երբ քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտը կայուն է, իսկ պետությունը դառնում է դժվար խոցելի, առաջին պլան է գալիս իշխանության փոփոխելիությունը, իսկ Սահմանադրության փոփոխությունները ընդունվում են ոչ թե մեկ տարով, այլ 30-50: «Մենք պետք է մտածենք ապագա սերունդների մասին»՝ ասաց Պուտինը:

BBC


Հ.Գ. Այսինքն՝ արդար ու ժողովրդավարական ընտրություններով Վլադիմիր Պուտինը մնում է օրինական իշխանություն մինչև 2036-ը՝ 2024+6+6: Ու՝ ամենապարզ եղանակով: ՌԴ-ում փոխվում է Սահմանադրությունը, նախագահական նախկին ժամկետները զրոյանում են: Իսկ կդիմանա՞ այդքան նրան Ռուսաստանը: 2036-ին նա կլինի 84 տարեկան: Պատահական չէ, որ Պետդումայում առաջարկն արել է առաջին կին տիեզերագնացը, փաստացի՝ սա տիեզերական փոփոխություն է ՌԴ Սահմանադրության մեջ, որին ռուս ժողովուրդը չի կարող չհամաձայնել, առավելևս՝ ՌԴ Սահմանադրական դատարանը: Պատահական չէր, որ Պուտինը հերքել էր Պետխորհրդի նախագահ լինելու հավանականությունը: Ամեն ինչ գնում է իր ընթացքով: Եթե չլինեն ֆորս մաժորներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ