Կորոնավիրուսի կասկածանքով նաև բժիշկ է մեկուսացվել
13.03.2020 | 02:46
Առողջապահության նախարարությունը, ըստ երևույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով և «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում:
«Իրատեսի» տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան էր ժամանել Իտալիայից, եկել էր մասնակցելու տղայի նշանդրեքին: «Պարզ է, որ խնջույքի է մասնակցել, տասնյակից ավելի մարդկանց հետ է շփվել, վարսավիրանոց ու խանութ գնացել, հարևանների հետ զրուցել և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների մեծամասնությունը էջմիածնից է, որտեղ նախարարությունն իրականացրել է «Նշանդրեք» օպերացիան ու միանգամից 57 մարդու մեկուսացրել:
Ըստ մեր ունեցած մեկ այլ տեղեկության, Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ նաև բժիշկ կա, ու չի բացառվում, որ նրա մոտ նույնպես կորոնավիրուս հայտնաբերվի: «Բժիշկը շտապօգնության ծառայությունից է: Նախորդ երկու օրերին ծառայության բրիգադների մեծ մասն օդանավակայանում է եղել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիների կանչն են ուշացրել: Ըստ երևույթին, վերադառնալուց հետո մեքենաներն ու արտահագուստը նորմալ չեն ախտահանվել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ