«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վեհափառ. Համավարակը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը

Վեհափառ. Համավարակը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը
13.04.2020 | 11:33

Ապրիլի 12-ին Զատկի Urbi et orbi ուղերձում Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթեց բոլորի համար, ով մահացել կամ վարակվել է կորոնավիրուսով, կոչ արեց թուլացնել միջազգային պատժամիջոցները, աղքատ երկրների պարտքերը ներել և դադարեցնել պատերազմները: «Անտարբերություն, եսասիրություն, բաժանումներ, մոռացում՝ այս բառերը մենք չենք ուզում այս շրջանում լսել»՝ ընդգծեց պոնտիֆիկոսը: Պանդեմիայի պատճառով ավանդական զատկական պատարագ Վատիկանում չեղավ: Առաջին անգամ Հռոմի պապը Սուրբ Զատկի Urbi et orbi (Քաղաքին ու աշխարհին) ուղերձը բարձրաձայնեց ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ բազմահազար հավատացյալների համար, այլ՝ դատարկ տաճարում: Նրա ելույթը հեռարձակվում էր օնլայն ու հեռուստաալիքներով: «Շատերի հանար սա կլինի միայնության Զատիկ, որ անցնում է սգի ու պանդեմիայի բերած բազում դժվարությունների մեջ, ֆիզիկական տառապանքների ու տնտեսական պրոբլեմների»՝ ասաց Ֆրանցիսկոս պապը: Նա աղոթեց նրանց համար, ում պանդեմիան անմիջականորեն վերաբերել է և մխիթարություն ու հույս մաղթեց նրանց, որ անցնում են փորձությունների միջով, հատկապես տարեցներին ու միայնակներին: Պոնտիֆիկոսը հիշեց մարդկանց, որ «խոցելի իրավիճակում են, օրինակ՝ բուժհաստատություններում աշխատողներին, զորանոցներում կամ բանտերում ապրողներին», չքավորներին ու փախստականներին, ում համար ավելի է դժվարացել առաջին անհրաժեշտության բարիքներ ձեռքբերելն ու բուժօգնություն ստանալը:


Պապը հատուկ ուշադրություն դարձրեց բժիշկներին, բուժքույրերին ու բուժեղբայրներին, որ կյանքեր են փրկում, հաճախ զոհելով սեփականը: «Նրանց ու նաև նրանց, որ ջանադիր աշխատում են հասարակության կյանքի անհրաժեշտ ծառայություններն ապահովելու համար՝ իրավապահների, զինվորականների, որ շատ երկրներում նպաստում են բնակչության տառապանքների ու դժվարությունների մեղմմանը, ուղղված է մեր միտքը, սիրով ու երախտագիտությամբ լի»՜ ասաց պոնտիֆիկոսը: «Հիմա ժամանակը չէ անտարբերության, ամբողջ աշխարհն է տառապում ու պետք է մեկտեղվի, որ պանդեմիային դիմակայի»՝ ընդգծեց Հռոմի պապը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը դարակազմիկ մարտահրավերի առաջ է: Նա կոչ արեց Եվրոպային համերաշխության, որ օգնել է մայրցամաքին վերածնվել երկրորդ աշխարհամարտից հետո: Նա նաև կոչ արեց աղքատ պետությունների պարքերը ներել ու թուլացնել միջազգային պատժամիջոցները, որ «դժվարացնում են անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրենց քաղաքացիներին» այն երկրներին, որոնց նկատմամբ գործում են: Զենքի արտադրության համար ծախսվող գումարները Ֆրանցիսկոս պապը առաջարկեց ծախսել մարդկանց կյանքը փրկելու վրա: Նա մաղթեց, որ պանդեմիան դառնա ժամանակ, երբ վերջ է դրվում պատերազմներին ու կոնֆլիկտներին այդ թվում Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում:
RFI


Հ.Գ. Երեկ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Սուրբ Զատկի պատարագ մատուցեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Դատարկ տաճարում՝ հոգևորականների ու երգչախմբի հետ, որ, ինչպես կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ էր առաջին անգամ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու:
«Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ հայտնեց Իր չարչարանքների և Հարության մասին, որի իմաստը նույնիսկ առաքյալները հստակությամբ չէին ըմբռնում։ Քրիստոսի խաչելությունից հետո նրանք հուսահատ փակվել էին վերնատան մեջ և տարակուսում էին հավատալ Փրկչի Հարության մասին յուղաբեր կանանց ավետիսին։ Սակայն Հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումից հետո տխրությունը վերափոխվեց Տիրոջ հետ միասնության երանության։ Տիրոջ խաչելության և մահվան հարուցած ցավը փոխակերպվեց Փրկչի հաղթության բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ հարության տիեզերանորոգ արշալույսի։ Եվ քրիստոնեության լույսն ու վարդապետությունը հաղթականորեն տարածվեցին ողջ աշխարհում՝ մարդկության կյանքն ուղղորդելով դեպի փրկություն ու հավիտենություն»՝ ասաց Վեհափառը։ Նա շեշտեց, որ Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ. «Այս տարվա զատկական կենսանորոգ տոնակատարությունը ողջ աշխարհում բազում հավատացյալներ անցկացնում են մեկուսի, շատեր՝ հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից։ Համավարակի ներկա բարդ պայմաններում նաև մեր եկեղեցիներում առանց հավատացյալների ենք կատարում սրբազան արարողությունները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելիներ, հոգով, մտքով ու ձեր աղոթքներով մեզ հետ եք, և միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տոնը։ Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է և հավիտենության պարգևը բոլորիս»։ Նա շեշտեց, որ աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը։ «Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը և դրանով պայմանավորված բոլոր դժվարությունները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում։ Սակայն առավել էական է, որ անշրջելի հաղթանակ արձանագրվի անմարդկային բոլոր դրսևորումների, նյութապաշտության, աղքատության, անհավասարության, ռազմատենչության, պատերազմների և այլ չարիքների դեմ։ Մարդկության մեջ եղել են և այսօր էլ կան մարդասիրության, համերաշխության, ժողովուրդների իրավունքների պաշտպանության, հանուն բարիքի համատեղ գործելու բազում վկայություններ, որոնք լուսավոր ուղենիշ են աշխարհի նոր ընթացքի համար։ Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքը Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր։ Աստծո ողորմությամբ այս փորձությանն էլ աշխարհը կդիմագրավի։ Սակայն կենսականորեն կարևոր է այդ հաղթահարման հետ դառնալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված, հոգեպես զորացած՝ Աստծուն մշտապես ունենալով մեզ առաջնորդ ու ապավեն»՝ ընդգծեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա վերստին կոչ արեց ի հայրենիս և ի սփյուռս՝ համավարակի դժվարին իրավիճակը հաղթահարելու, հիվանդների ապաքինման միջոցներն ու խնամքը հոգալու, խիստ նեղության մեջ հայտնված հայորդիներին օգնության ձեռք մեկնելու գործում հնարավոր զորակցություն բերելու հայրենի իշխանություններին և ընծայաբերումներ կատարելու պետության կողմից այս նպատակով բացված հատուկ հաշվեհամարին։ «Մեր Եկեղեցին այս օրերին աշխարհասփյուռ իր թեմերով ավելիով իր ջանքերն է ներդնում օժանդակություն ցուցաբերելու կարիքավորներին, հոգևոր խնամք և մխիթարություն մատուցելու մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և համայն աշխարհում։ Բարեպաշտ զավակներ Մեր, Տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախենք մեր կյանքն ու գործը, ամուր պահենք համազգային միասնությունն ու համերաշխությունը՝ որպես Քրիստոսով հաղթանակած, Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։ Ապրենք հարության հավատով, Քրիստոսի պատվիրանների իրագործման նախանձախնդրությամբ՝ նոր հաղթանակներով ու պայծառ երազներով կերտելու մեր բարօր, շեն ու հզոր հայրենիքը և նրա լուսավոր գալիքը»՝ նշեց Վեհափառը։


Նա Քրիստոսի հրաշափառ Հարության քաջալերող ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ հայցելով Երկնավոր մեր Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը: «Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին, Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն՝ մաղթելով ուժ ու կորով դժվարին իրավիճակները հաղթահարելու և հայրենի պետությունը առաջընթացի ու բարօրության ուղիներով առաջնորդելու։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս, ի մասնավորի՝ Մեր բարձր գնահատանքը ստեղծված ծանր պայմաններում իրենց երախտարժան ծառայությունը մատուցող բժիշկներին, մեր հաղթական բանակի քաջարի զինվորներին ու սպաներին, ոստիկաններին, ուսուցիչներին, գովարժան սպասավորություն իրականացնող բոլոր նվիրյալ անձանց»:
Եվ Հիսուսի խաչափայտի նշխարը ձեռքին՝ Վեհափառը աղոթեց բոլորիս համար ու ավետեց. «Մնացեք Տիրոջ սիրո, շնորհի և օրհնության ներքո այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Հոգևոր տերերի աղոթքներն ու աշխարհի տերերի ջանքերը գուցե մեկտեղվեն ու արագացնեն պանդեմիայի հեռացումը քաղաքից ու աշխարհից՝ Urbi et orbi…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ