«Կլասիկ» սրճախմություն
08.05.2020 | 00:33
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո: Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է դարձել՝ իշխանություններն անկեղծ են բոլորի հետ: «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որևէ բան չեն թաքցնում»,- մանրամասնել է «կլասիկ» քաղաքական գործիչը:
Առաջին անգամ չէ, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները հանդիպում են բոլորի աչքից հեռու, փակ դռների հետևում: Մոտ մեկ տարի առաջ էլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ էր հանդիպում ունեցել, ինչից հետո ԼՀԿ-ականները, որպես արդարացում, նշում էին, թե Փաշինյանը «սեյֆում» եղած-չեղածի հետևից էր եկել, որ մնացել էր «Ելք» խմբակցության եղած ժամանակներից:
Երբեմնի թիմակիցները փակ դռների հետևում սրճախմության ժամանակ, բացի բանակցային թեմայից, խոսել են նաև երեխաների, ընտանիքների որպիսության մասին ու, ըստ երևույթին, հիշել գինի խմելու ու ղափամա ուտելու ժամանակները, ինչից հետո, ի դեպ, ձևավորվեց «Ելք» դաշինքը: Թե ինչ կարող է լինել դառը սուրճ վայելելուց հետո, Փաշինյանին ու Մարուքյանին է հայտնի:
Եթե իշխանության պարագայում ինչ-որ առումով հասկանալի է գաղտնի հանդիպումների ձևաչափը, ապա իրեն «կլասիկ» ընդդիմություն հռչակողը պետք է հասկանա՝ գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ