Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա
23.01.2009 | 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Ներկայումս խիստ արդիական է կայուն զարգացման հիմնահարցերի արծարծումը: Միաժամանակ, կայուն զարգացում ասելով, երբեմն, մի կողմից այն նույնացնում են կենսոլորտի և հարակից խնդիրների լուծման հետ, իսկ ավելի հաճախ` սահմանափակվում տեղական նշանակության հիմնահարցերի քննարկմամբ: Մինչդեռ կարևոր է գիտակցել, որ որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա:
Ավելին, այն երկրները, որոնք ի վիճակի չեն ապահովելու բարենպաստ պայմաններ տարածաշրջանային արդյունավետ համագործակցության ծավալման համար, վաղ թե ուշ հարկադրված կլինեն այդ միջավայրը ձևավորելու` համաշխարհային տնտեսությունում որոշակի կշիռ ձեռք բերելու և սեփական մրցակցային առավելությունները լիարժեք իրացնելու նպատակով: Այլ խոսքով, այսօրվա փոխկապակցված աշխարհում որևէ երկիր չի կարող անհաղորդ մնալ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին և ապահովել կայուն զարգացում հասարակական կյանքի որևէ ասպարեզում: Հետևաբար, առաջնահերթ խնդիրներից է խորությամբ վերլուծել ժամանակակից աշխարհում տեղ գտած գլխավոր միտումները և գնահատել դրանց հնարավոր ազդեցություններն ինչպես առանձին երկրների, այնպես էլ երկրների խմբերի, ռազմավարական դաշինքների, տարածաշրջանային միավորումների վրա:
Վերջին շրջանում շատ է խոսվում գլոբալացման համընդհանուր միտման մասին` մոռացության մատնելով դրա հակակշիռը կազմող տարածաշրջանայնացման ոչ պակաս զանգվածային բնույթը: Կարևոր է նկատել, որ հենց տարածաշրջանայնացումն էլ որոշակիորեն նպաստում է գլոբալացման առավել ընդունելի չափորոշիչների տարածմանը և համընդհանուր արժեքների տեղայնացմանը` տվյալ երկրներից յուրաքանչյուրի առավել էական առանձնահատկություններից ելնելով: Օրինակները բազմաթիվ են. Եվրոպական միություն, Հարավարևելյան Ասիայի երկրների համախումբ, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտի և այլն: Չնայած տարածաշրջանայնացման տարբեր առանձնահատկություններին, առնվազն մի կարևոր ընդհանրություն է նկատվում բոլոր հիշյալ կառույցներում: Ժողովուրդներն ու պետություններն ի վիճակի են եղել համախմբվելու ընդհանուր խնդիրների լուծման շուրջ` երկրորդ պլան մղելով բոլորին բնորոշ ազգամիջյան խնդիրներն ու քաղաքական հակամարտությունները: Հենց ընդհանուր մտահոգություններն ու սպառնալիքների շուրջ միացյալ պայքարելու պատրաստակամությունն էլ հետագայում հնարավորություն են ընձեռել ընդլայնելու համագործակցության շրջանակները` ներառելով տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներ ու ոլորտներ:
Կովկասյան տարածաշրջանում կայուն զարգացման համար համագործակցության հիմքերը ևս բազմաթիվ են` սկսած տարերային աղետների կանխատեսման, դրանց պատրաստվածության աստիճանի բարձրացման, տեխնածին աղետների կանխարգելման, վերջիններիս ժամանակ ժամանակին և արդյունավետ փոխօգնություն կազմակերպելու խնդիրներից, վերջացրած կենսոլորտի սպառնալիքներին համատեղ դիմակայելու, բնապահպանական հարցերում համագործակցության և այլ հարցերով, որոնք կարող են և պետք է ծավալվեն քաղաքական երկխոսություններին զուգահեռ: Կայուն զարգացման ապահովման կարևորագույն նախադրյալներից մեկը տարածաշրջանային համագործակցության բացակայության պայմաններում յուրաքանչյուր երկրին հասցված տնտեսական վնասի գնահատականն է և ազգային տնտեսությունների բացարձակ ու համեմատական առավելությունների իրացման նախապայմանների հստակեցումը:
Այս ամենը հուշում է, որ տարածաշրջանում հարևանների հետ արդյունավետ մրցակցելու և համագործակցությանը ակտիվորեն մասնակցելու համար յուրաքանչյուր երկիր պետք է նպատակաուղղի իր մարդկային, հանքահումքային, ֆինանսական, տեխնոլոգիական և այլ ռեսուրսները դեպի տնտեսության այն ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնցում, ըստ Մ. Պորտերի հայտնի տեսության, առկա են ազգային մրցակցային առավելությունները: Մյուս կողմից, անհրաժեշտ է բացահայտել տնտեսական սպառնալիքների ողջ համակարգը և հետևողականորեն պայքարել դրանց վերացման ու երկրում տնտեսական անվտանգության ապահովման, ներքին տնտեսական կայունության ձևավորման և դրա զարգացման ուղղությամբ:
Տնտեսական անվտանգությանն ու կայուն զարգացմանը սպառնացող վտանգներն իրենց բնույթով կարող են լինել ներքին և արտաքին: Հայաստանի տնտեսությունում բարեփոխումների փուլում առաջացած և տնտեսական անվտանգությանն սպառնացող ներքին հիմնական սպառնալիքներն են՝
l զարգացման կողմնորոշիչների բացակայությունը,
l տնտեսության կառավարման համակարգի ծայրաստիճան քաղաքականացվածությունը (կուսակցականացվածությունը),
l կոռուպցիան և կաշառակերությունը,
l ծայրաստիճան աղքատությունն ու բնակչության մեծ մասի անվճարունակությունը,
l «ուղեղների» արտահոսքը,
l տնտեսության կառուցվածքային ձևախախտման ուժեղացումը,
l հայրենական արտադրանքի մրցունակության ցածր մակարդակը,
l ընդլայնված վերարտադրության պայմանակարգում տնտեսության գործելու անկարողությունը,
l բնակչության սպառման և ապրանքների արտադրության միջև անհավասարակշռությունը, որը փոխհատուցվում է սպառողական ներկրման շնորհիվ,
l ներդրումային և նորամուծական աշխուժության նվազումը, գիտատեխնիկական կարողության քայքայումը,
l տնտեսության տարբեր ճյուղերում մենաշնորհի գոյության բարձր տեսակարար կշիռը,
l արտադրության արդյունավետության բարձրացման խթանիչների բացակայությունը,
l ներքին պարտքի աճը,
l սղաճի բարձր տեմպերը կամ արհեստականորեն կայունացված փոխարժեքները,
l ֆինանսական համակարգի անկայունությունը,
l երկրի վճարունակության համակարգի քայքայումը,
l հանրապետության մարզերի տնտեսական զարգացման անհամաչափության խորացումը,
l հասարակության գույքային անհավասարության և շերտավորման ուժեղացումը,
l տնտեսության քրեականացումը,
l պետական վերահսկողության համակարգի թուլացումը:
Արտաքին սպառնալիքների թվին են պատկանում՝
l տրանսպորտային շրջափակումը,
l Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը,
l տնտեսության ներսում արտաքին ընկերությունների մենաշնորհների և արտաքին կախվածության ավելացումը,
l երկրի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին բացարձակ կախվածությունը,
l երկրի վերածումն այլ պետության կցորդի,
l միջազգային հանրության հետ արտաքին առևտրում խտրականության դրսևորումները,
l ներկրումների նկատմամբ հակումների ուժեղացումը, կախվածությունը ներմուծումից,
l արտաքին պարտքի աճը, դրա սպասարկման համար պահանջվող միջոցների կրճատումը,
l արտարժույթի արտահոսքը երկրից,
l տնտեսության դոլարիզացիան և ազգային դրամանիշի ապակայունացումը, վերջինիս դիրքերի թուլացումը:
Ներքին և արտաքին սպառնալիքների համադրումը վկայում է, որ հանրապետության համար առավել վտանգավոր են ներքին սպառնալիքները: Արտաքին սպառնալիքների մի շարք աղբյուրներ (օրինակ՝ արտաքին պարտքի ավելացումը, մերձավոր արտերկրի հետ արտաքին առևտրային շրջանառության ծավալների կրճատումը և այլն) բխում են ներքին պատճառներից. տնտեսության ցածր արդյունավետություն, վերամշակող ճյուղերի ցածր մրցունակություն և հարակից գործոններ:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 6619

Մեկնաբանություններ