Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԵՆ, ՈՉ ԹԵ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌևՏՈՒՐՆ ՈՒ ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԵՆ, ՈՉ ԹԵ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌևՏՈՒՐՆ ՈՒ ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»
02.11.2010 | 00:00

Հոկտեմբերի 29-31-ին Երևանում տեղի ունեցավ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ամենամյա «DigiTec» ցուցահանդեսը։ Արդեն 6-րդ անգամ անցկացվող ՏՀՏ ոլորտի կարևորագույն այս իրադարձությունը տարեցտարի ավելի է ընդլայնում իր շրջանակները։ Դրա ապացույցն է ինչպես մասնակից տեղական ընկերությունների քանակական և որակական աճը, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ընկերությունների մասնակցությունը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, անդրադառնալով ցուցահանդեսից իրենց ակնկալիքներին, նշեց, որ դրանք առավել քան արդարացել են. «Մենք սպասում էինք, որ «DigiTec-2010»-ին կմասնակցի 60 ընկերություն, մասնակցեց 68-ը, ակնկալում էինք 15 հազար այցելու, այցելեց ավելի քան 16 հազար մարդ։ Աստիճանաբար մարդիկ հասկանում են, որ այս երկրի ապագան ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ոչ թե փողոցային առևտուրն ու յոլա գնալու մտայնությունը»։ ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը նշեց, որ այս ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու կարողությունները տեսնելու հնարավորություն է` միտված միջազգային կապերի ընդլայնմանը։ «DigiTec»-ը նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ՝ Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել։ Բացի այդ ամենից, ցուցահանդեսն ունի նաև կրթական նպատակ։
«DigiTec Expo»-ի տնօրեն ՎԱՀԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, անդրադառնալով ցուցահանդեսին ներկայացած ընկերություններին, մասնավորապես նշեց. «Ընկերություններն իրենց մարքեթինգային նախնական գործողությունները բավականին լավ էին իրականացրել։ ՏՏ-ն այն ոլորտն է, որ մշտապես արդիական է։ Ամբողջ աշխարհն այսօր շարժվում է տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Որքան Հայաստանը զարգանա, այնքան այս միջոցառման ծավալներն ընդլայնվելու են՝ ավելի շատ այցելուներ ներգրավելով։ Մարդիկ գիտակցում են, որ ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներինն է»։
Հայկական ընկերությունները ցուցահանդեսում ներկայացնում էին սեփական ծրագրային լուծումները, որոնց կիրառումն էապես կարող է բարձրացնել ամենատարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետությունը։ «Սայմոտեկ» ՍՊԸ-ն «DigiTec»-ում ներկայացնում է հեռաբժշկական համակարգ, որը, ըստ ընկերության տնօրեն ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, թույլ է տալիս բժշկական ինֆորմացիան համացանցի միջոցով տեղափոխել տարածության վրա և առցանց (օն լայն) ախտորոշում իրականացնել։ «Սայմոտեկը» ներկայացնում է նաև ռոբոտներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ռոբոտատեխնիկայում լուծելու համալիր խնդիրներ իրական համակարգում։ Հրաչյա Խաչատրյանի փոխանցմամբ` հետաքրքրությունն իրենց արտադրատեսակների նկատմամբ բավականին մեծ է, ընդ որում, հետաքրքրված են ոչ միայն տեղացիները, այլև արտասահմանցի այցելուները։ Նույնիսկ կան մարդիկ, որ ցանկություն են հայտնում մասնակցելու նախագծման ընթացքին։ «Սայմոտեկի» տնօրենը հատուկ ընդգծեց նաև այս տարվա «DigiTec»-ում ինժեներական ընկերությունների լայն մասնակցությունը։
«DigiTec»-ում ամենամեծ հետաքրքրություն վայելող տաղավարներից մեկը «Ֆլեքսիբլ ափլիքեյշնս»-ի տաղավարն էր։ ՏՏ ոլորտում գործող հայկական «Ֆլեքսիբլ ափլիքեյշնս» ՓԲԸ-ն սպառողին առաջարկում է վեբկայքերի, ծրագրերի մշակման ծառայություններ, խորհրդատվություն, հիմնադրվել է ԱՄՆ-ում գործող «Թայմ մասթերս»-ի աջակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Թայմ մասթերս»-ի նախագահ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, իրենք տրամադրում են հաճախումների կառավարման սարքավորումներ և համակարգեր ամբողջ աշխարհով մեկ։ Հատկապես ուշադրության կենտրոնում էին մատնահետք, ձեռքի և դեմքի տվյալներ կարդացող բիոմետրիկ, ինչպես նաև քարտ կարդացող սարքերը։ Հայաստանյան որոշ ձեռնարկություններ ցանկություն են հայտնել ձեռք բերելու այդ սարքերը` իրենց ընկերությունների հաճախումները կառավարելու համար։ Հաճախումների կառավարման համակարգերը ոչ միայն ժամանակ են խնայում` ամբողջ գործընթացը կատարելով հաշված րոպեներում, այլև գործում են անվրեպ։
«Ֆլեքսիբլ ափլիքեյշնս»-ի մեկ այլ՝ համակարգչի աշխատանքի մոնիթորինգի համակարգը հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ինչ նպատակներով են աշխատողներն օգտագործում համակարգիչն աշխատանքային ժամերին։ FLEXAP WATCHER ծրագիրը վերլուծում է համակարգչի աշխատանքը և աղյուսակների, դիագրամների ու գրաֆիկների միջոցով ցույց է տալիս աշխատողի օգտագործած ծրագրերն ու փաստաթղթերը, այցելած վեբկայքերը, յուրաքանչյուր ծրագրի, վեբկայքի, փաստաթղթի վրա ծախսած ժամաքանակը, համակարգչի աշխատանքի ընդհանուր տևողությունը։ Տիգրան Գալստյանը նշում է, որ ներկայացված ծրագրերը մատչելի են օգտագործման համար։ Բացի այդ, իրենց մասնագետները սպառողներին մատուցում են նաև խորհրդատվություն, հետվաճառքային սպասարկում, որպեսզի գնորդները կարողանան լիարժեք օգտվել նշված համակարգերից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ