«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով ոչ մի երկրում դեմոկրատիա, կայունություն չի հաստատվի»

«ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով ոչ  մի երկրում դեմոկրատիա, կայունություն չի հաստատվի»
13.07.2012 | 02:14

«Իրատես de facto»-ի «Կլոր սեղանի» շուրջը բանավիճում են թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ, արաբագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:

ԼՐԱԳՐՈՂ- Թունիսում, ապա Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, այժմ էլ Սիրիայում իրականացվող «Արաբական գարուն» կոչվող ժողովրդավարական շարժումը, որն սկիզբ է առել 2010-ի դեկտեմբերին, առայսօր միայն քաոս է ստեղծել այդ երկրներում: Ի՞նչ սցենար է իրականացվում Մերձավոր Արևելքում:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ -Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները հուշում են, որ իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի շարք սցենարներ:
ԼՐԱԳՐՈՂ - Ի դեպ, 2001-ից շրջանառության մեջ դրվեց ամերիկյան «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծը, որի նպատակն է մահմեդական պետությունների ժողովրդավարացմամբ, ազատականացմամբ հնարավորություն ստեղծել, որ Վաշինգտոնն առավել հեշտությամբ «հարաբերվի» նրանց հետ և հեշտությամբ միջամտի նրանց գործերին։ Թերևս գործ ունենք այդ նախագծի տարբեր սցենարների հե՞տ:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Իրոք, տարիներ առաջ շրջանառվեց «Մեծ Մերձավոր Արևելք» ամերիկյան նախագիծը, նպատակը կոմունիկացիաներից օգտվելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Սակայն հակված եմ կարծելու, որ այս գործում միայն ամերիկյան պրոյեկտը չէ, որ գործում է: Ինչպես ասացի, սցենարները մի քանիսն են: Բանն այն է, որ այս գործընթացներում ներգրավված են մի քանի խաղացողներ. հիմնական խաղացողն ԱՄՆ-ն է, որն իր շահերն է հետապնդում, բայց կա նաև Եվրամիություն, կա Ռուսաստան: Սահմանափակվենք այս երեք խաղացողներով։ Ինչո՞ւ, որովհետև կա նաև Թուրքիա, կա Իրան…
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Հեռվում նաև Չինաստան:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Այո, որն այս գործընթացների արդյունքում ամենամեծ տուժողն է համարվում, քանի որ Չինաստանը նպատակ ուներ այս տարածաշրջանից տանելու հիմնական էներգառեսուրսները, բայց ստեղծված իրավիճակի պատճառով այն բազմամիլիոնանոց ներդրումային ծրագրերը, որ կատարել է Չինաստանը Հյուսիսային Աֆրիկայում, այլևս չկան: Մի խոսքով, սցենարները տարբեր են և ամեն պահի սրբագրվում-խմբագրվում են:
ԼՐԱԳՐՈՂ- Ի՞նչ կասեք Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի հայտարարության առնչությամբ, ըստ որի` Սիրիայի դեմ կազմակերպվել է դավադրություն, որին մասնակցում է 70 երկիր. «Աշխարհի 70 երկիր հանցավոր կամպանիա է ձեռնարկել Սիրիայի դեմ»:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Իրանի այդ հայտարարությունը ես դիտարկում եմ հետևյալ կերպ. գոյություն ունի շիական գոտի, և այսօր փորձ է արվում քանդելու շիական գոտին, իսկ քանի որ այդտեղ կարևոր խաղացողը Սիրիան է, ուրեմն ամեն ինչ արվում է թուլացնելու այն, ինչը կթուլացնի նաև Իրանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Նախ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրն առաջին անգամ մշակվել է Իսրայելում և շրջանառության մեջ դրվել 1992-ին: Հակաիրաքյան երկրորդ պատերազմից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ սկսեց աշխուժացում նկատվել: Մերձավոր Արևելքի երկրները 12-ն են, որոնք, ըստ այդ ծրագրի, ենթարկվում են մասնատման: Նույնիսկ քարտեզ էլ հրապարակվեց, ընդ որում` Պենտագոնում: Ի դեպ, ըստ այդ քարտեզի, այս երկրների մասնատման արդյունքում ամենամեծ փայաբաժին ստանում է Քրդստանը` Թավրիզից մինչև Դիարբեքիր Քրդստան է լինելու: Տարօրինակորեն Թավրիզն էլ է ներառված: Թե որքանով է այս ծրագիրն իրականանալի, ժամանակը ցույց կտա:
ԼՐԱԳՐՈՂ- Խոսքը, հավանաբար, ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի մասին է, որը շրջանառության մեջ հայտնվեց 2006 թվականին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Այո: Նույնիսկ Իտալիայում է այդ հարցով կոնֆերանս հրավիրվել, որին մինչև վերջ մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Կոնֆերանսում, համաձայն այդ քարտեզի, ցուցադրվել է, թե որ երկրները պետք է մասնատվեն: Թուրքիայի ընդդիմությունը խիստ քննադատեց իշխանությանը, թե ինչու Թուրքիայի ներկայացուցիչները չեն լքել դահլիճը, երբ նման հարց է քննարկվել: Այս ծրագրում, իհարկե, ամեն երկիր իր նպատակներն ու շահերն ունի, բացի դրանից, նման նախագծերը, ինչպես Հայկ Քոչարյանը նկատեց, իրականացվում են մի քանի սցենարներով: Այսինքն, նախ մեկն են փորձում, եթե վերջինս` պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ, չի իրականանում, սկսում են երկրորդ տարբերակը շրջանառել:
Փաստն այն է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող այդ գործընթացները` «Արաբական գարուն» կոչվածը, չեն նպաստում ժողովրդավարության հաստատմանը, և այս երկրները, իրոք, վերածել են քաոսի: ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով ոչ մի երկրում դեմոկրատիա, կայունություն չի հաստատվի, ու նրանց նպատակն էլ իհարկե դա չէ:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Նախ ասեմ` ոչ թե սցենարներն են շատ, այլ շրջանառության մեջ դրված տարբերակներն են շատ: Այդ կերպ է աշխատում ցանկացած հետախուզություն: Ցանկացած տարբերակ, որը պետք է բեմադրես, նախ պետք է իմանաս, թե դիտորդներն ինչպես են այն ընդունում` ծափերո՞վ, սուլելո՞վ, թե՞ անտարբերությամբ: Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը շատ է խորացել: Եվ դրա պատճառն այն է, որ սկզբից ևեթ սխալ է տեղի ունեցել, որովհետև հաշվի չի առնվել տարածաշրջանի ժողովուրդների մտածելակերպը: Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե արաբական աշխարհը` հոգևոր, մշակութային, մտածելակերպի առումով, միասնական երևույթ է, ապա սխալվում է: Իրականում արաբական աշխարհ գոյություն չունի. կարող ենք ասել արաբալեզու, սեմական ազգերի, մուսուլմանական աշխարհ: Ալավիների գործոնից բացի, այնտեղ առկա է նաև ասորիների, խալդերի գործոնը, որոնք, ճիշտ է, արաբալեզու, սակայն տարբեր մտածողության տեր ժողովուրդներ են: Լիբանանի օրինակն էլ դաս չեղավ, ինչը ցույց տվեց, որ չկա արաբական միասնական մտածելակերպ: Սա նշանակում է, որ սկզբից ևեթ հաշվի չի առնվել, թե տվյալ բնակչության ուղեղում իրենց նախագիծն ինչպես է ընկալվելու:
ԼՐԱԳՐՈՂ- Ամերիկյան մամուլն արձանագրում է այն փաստը, որ ԱՄՆ-ի իշխանություններն ակտիվորեն զինում են սիրիական ընդդիմությանը: Եթե նկատի ունենանք, որ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկատվությունը հենց այնպես չեն տարածում, ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում այս տեղեկատվական արտահոսքը:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Իսկապես այդպես է, ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն ինքնանպատակ լրատվություն չեն տարածում: Այս լրատվական արտահոսքը ևս հստակ նպատակ ունի. գրում են, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ֆինանսավորում են, բայց միաժամանակ մի կարևոր հանգամանք են շեշտում, թե ԱՄՆ-ը զինում է լավ ընդդիմադիրներին, որ զենքը չհայտնվի վատերի` «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ձեռքում: Նաև փորձ է արվում շրջանառելու այն միտքը, թե ԱՄՆ-ը պայքարում է Սիրիայի բնակչության իրավունքների պաշտպանության համար: Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ն արդեն գիտակցում է, որ Սիրիայում հնարավոր չէ հարցերը լուծել այնպես, ինչպես Լիբանանում:
ԼՐԱԳՐՈՂ- Իսկ ո՞րն է նման եզրահանգման պատճառը:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Որովհետև դա թույլ չեն տալիս սիրիական իշխանության ուժն ու ռեսուրսները: Ընդդիմությանը զինելն ու իրար դեմ հանելը հարցի լուծում չէ: Այժմ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առաջարկում են նոր` եմենյան ծրագիրը, թե այն որքանով կգործի, ցույց կտա ժամանակը:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Մի բան պարզ է. քանի դեռ մեծ խաղացողների մրցակցությունը չի ավարտվել, ոչինչ չի լինի: Բերեմ արցախյան խնդրի օրինակը. ինչի՞ են հանգել այս 20 տարում. ոչնչի: 20 տարի է անցել, բայց լուծումը չկա, ինչո՞ւ, որովհետև և՛ մեր, և՛ մերձավորարևելյան տարածաշրջանում մեծ խաղացողների մրցակցություն է ծավալվում: Իհարկե, Արցախի դեպքում չի կարող ընտրվել հարցը պատերազմով լուծելու տարբերակը: Հակառակը, հայտարարում են, որ այս խնդիրը պետք է լուծվի առանց զինված բախումների, փոխարենը, որքան կարողանում են, երկարաձգում են:
ԼՐԱԳՐՈՂ- Սիրիայում ունենք մեծաթիվ հայկական համայնք, պաշտոնական տվյալներով` 60-80 հազար հայ է ապրում: Մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցն այսօր շատ կարևոր խնդիր է մեզ համար: Մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում հայ համայնքն արդեն մի քանի զոհ է տվել, վտանգի տակ են հայկական եկեղեցիները. տեղեկություն տարածվեց, որ Սիրիայի զինյալ ընդդիմադիրները գրավել են Հոմսի հայկական եկեղեցին և այն հիվանդանոցի վերածել: Այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի պաշտոնական Երևանը՝ հաջակցություն սիրիահայ համայնքի:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Խաղի մեջ ներգրավված են հզորները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը: Եվ այս մեծ խաղի մեջ Հայաստանը հայտարարություն անի, թե չանի, միևնույն է, այն էական ազդեցություն չի կարող ունենալ զարգացումների վրա: Արձագանքի պարագայում Հայաստանի ձայնը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում ավելի լավ է չարձագանքելը: Կարծում եմ` Սիրիայում ստեղծված իրավիճակին Հայաստանի ցանկացած պաշտոնական արձագանք ավելորդ գլխացավանք կարող է դառնալ: Եթե ՀՀ-ի հնչեցրած հայտարարությունը լինի պրոամերիկյան, ապա այն հարվածի տակ կդնի ռուսաստանյան հայկական համայնքը, չմոռանանք նաև հայ-իրանական հարաբերությունների և Իրանում ապրող հայկական համայնքի մասին: Այդ իմաստով, կարծում եմ, հայտարարության փոխարեն գործել է պետք: Առանց որևէ հայտարարության գործելը շատ ավելի արդյունավետ կլինի: Սիրիայի նախագահը Հայաստանին բարեկամ երկրի նախագահ է, հետևաբար սիրիական իշխանությունները կարող են ինչ-որ կերպ օժանդակել հայկական համայնքին:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Այս հարցում ես այլ մոտեցում ունեմ. եթե Հայաստանը դիտարկում ենք որպես հարավկովկասյան մի փոքր պետություն, փակ սահմաններով, խեղճ վիճակում, ուրեմն, այո, որևէ հայտարարություն հնչեցնելը կլինի անիմաստ: Բայց եթե ՀՀ-ն դիտարկում ենք որպես հզոր սփյուռք ունեցող երկիր և որպես հայկական ցանցի կենտրոն, ուրեմն Հայաստանն անպայման պետք է արտահայտի իր դիրքորոշումը: Այն պետք է շատ լուրջ մեսիջներ պարունակի, որ մենք այսօր համախմբման խնդիր ունենք: Հետևապես, պետք է փորձենք արդյունավետորեն օգտագործել մեր ռեսուրսները, որպեսզի օգնենք սիրիահայերին` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Կապ չունի` Սիրիայի իշխանությունը կմնա նո՞ւյնը, թե՞ կփոխվի: Խոսքը վերաբերում է այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր այդ երկրում են ստեղծել իրենց միջավայրը, մշակույթը, կենցաղը: Այդ տեսանկյունից Հայաստանը պետք է արձագանքի: Այլ բան է, թե ինչպիսին կլինի այդ արձագանքը. կհնչի որպես պաշտոնական հայտարարությո՞ւն, թե՞ ինչ-որ քայլեր կարվեն այլ խողովակներով: Հազար ու մի «գործիքներ» կան, ուղղակի աշխատել է պետք: Եվ առհասարակ, Հայաստանը կարևորագույն հարցերում պետք է վերցնի իրավիճակներին արագ արձագանքելու կուրս, ինչը չի նկատվում: Սիրիայի հայերը պետք է զգան, որ իրենց թիկունքում պետություն է կանգնած:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Կա մի կարևոր հանգամանք. ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը չպետք է դրսևորի չեզոքություն: Ինչո՞ւ. Իրաքի դեպքերի հետևանքներն ապացուցեցին, որ այն ուղղված էր հայկական համայնքի բնաջնջմանը: Դրանից օգտվեցին և՛ ահաբեկիչները` պայթեցնելով հայկական եկեղեցիները, օգտվեցին թալանչիները, ովքեր թալանեցին հայերին պատկանող խանութները: Իսկ ի՞նչ արեցին այդ ժամանակ մեր իշխանությունները։ Նրանք սուսուփուս կազմակերպում էին իրաքյան հայերի հայրենադարձությունը դեպի Հայաստան: Բայց, կներեք, իրաքահայերն ի՞նչ կապ ունեն այս Հայաստանի հետ: Սիրիահայության կորիզը Կիլիկիայի հայությունն է: Գաղթի ճամփեքով են նրանք անցել: Հայկական լեգեոնի թոռներն են նրանք, ինչո՞ւ պետք է իրենց հայրենի դաշտերը թողնեն-հեռանան: Չմոռանանք, որ մուսալեռցիների թոռներն են Սիրիա գաղթել, ովքեր պետք եկած դեպքում գիտեն ինչպես կռվել: ՈՒ եթե պետք լինի կազմակերպել նրանց հայրենադարձությունը, ապա այն պետք է լինի միմիայն դեպի Արևմտյան Հայաստան: Այսօր մի իրաքահայ կգտնե՞ք Հայաստանում, իհարկե` ոչ, նրանք սփռվել են Եվրոպայով մեկ:
ԼՐԱԳՐՈՂ- Այսինքն, մենք կորցրինք և շարունակում ենք կորցնել հայկական կարևորագույն համայնքները Մերձավոր Արևելքում:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Իհարկե, և այսօր Իրաքում մենք ունենք փոքրաթիվ համայնք: Նույն իրավիճակն է սպասում Սիրիայի համայնքին: Պետք է հիշեցնեմ 80-ականներին Լիբանանում ստեղծված պատերազմական իրավիճակը, երբ հայկական համայնքը, որը բոլորի կողմից դրդված ներքաշվեց պատերազմական գործողությունների մեջ, զենք վերցրեց ու Բեյրութի հայկական թաղամասում կազմակերպեց ինքնապաշտպանություն և բոլորին ստիպեց հաշվի նստել իր հետ: Սա պետք է հիշեն բոլորը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Առհասարակ, երբ որևէ երկրում լինում են պատերազմական իրավիճակներ, հեղաշրջում, տուժում է հայկական համայնքը, այն փոշիանում է:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Համայնքից բացի, տուժում են առհասարակ փոքրամասնությունները` թե՛ կրոնական, թե՛ էթնիկ, քանի որ նրանք խուժանի համար խոցելի ու չպաշտպանված խավ են:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Թե այս ամենն ո՞վ է կազմակերպել, ի՞նչ դավադրություն է, ո՞ւմ ծրագիրն է գործում` ԱՄՆ-ի՞, Կրեմլի՞, թե՞ Չինաստանի, մեզ համար սա չէ էականը, այլ այն, որ Հայաստանի իշխանությունների պարապությամբ մենք նպաստում ենք հայկական սփյուռքի հզոր համայնքների ոչնչացմանը: Չմոռանանք, որ սրանք այն համայնքներն են, որոնք շատ հաճախ են ֆինանսավորել Հայ դատին վերաբերող գործերը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Թույլ տվեք մի հարց էլ ես տամ. իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որ չեն անում:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ -Առաջին` Հայաստանը պետք է հայտարարի ու շեշտի, որ դատապարտում է Սիրիայում տեղի ունեցող երկկողմ սպանությունները: Երկրորդ` պետք է զգուշացնի, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն կազմակերպել հայերի դեմ: Հիշեցնեմ, որ երկու հայի պատանդ են վերցրել, ինչպես նշվեց, ոտնձգություններ են եղել մեր եկեղեցիների դեմ: Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն, որ նման ոտնձգությունների դեպքում հարցը քննարկելի կդարձնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այսքանը բավական է, նման բովանդակությամբ հայտարարությունից հետո այլ բան պետք չէ հնչեցնել: Եվ ինչպես Հակոբ Չաքրյանն ասաց, այո, գործել է պետք: Ավանդական կուսակցությունները փոխանակ Հայաստանի հրապարակներում ինչ-որ բաներ կազմակերպեն, թող շուտափույթ մոբիլիզացնեն իրենց լծակները և օգնեն մեր հայրենակիցներին:
ԼՐԱԳՐՈՂ- Խոսենք Թուրքիայի ներկայիս դերի մասին: Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ Թուրքիան այսօր հայտնվել է նպաստավոր վիճակում և, գլխապտույտ իր հաջողություններից ոգևորված, որոշել է դառնալ տարածաշրջանի առաջատարն ու իր ինքնուրույն խաղը խաղալ: Իրո՞ք Թուրքիային թույլ կտրվի այդչափ ակտիվանալ և ինքնուրույնանալ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Ո՛չ, իհարկե: Երբ սկսվեցին Սիրիայի դեպքերը, Թուրքիան թագավորական կեցվածք ընդունեց, որպեսզի Ասադի վարչակարգի տապալումից հետո, նոր իշխանության դեպքում, կարողանա Սիրիայում իր դիրքերն ամրապնդել: Ինչպես նաև, ԱՄՆ-ի հանձնարարությունները կատարողի իրավունքով, տարածաշրջանում ստանձնել առանցքային դերակատարում: Սակայն նկատենք, որ ԱՄՆ-ը նման դերակատարման հարցում շատ խանդոտ է և տարածաշրջանում նույնիսկ թույլ չի տալիս Եվրամիության ռազմաքաղաքական ներկայությունը: Եվ ես չեմ կարծում, որ Թուրքիային, եթե անգամ վերջինս կատարի Վաշինգտոնի բոլոր պահանջները, որևէ ազդեցիկ, խոշոր դեր վերապահվի: Տեսեք. Էրդողանի կառավարությունը, որն արդեն 10 տարի է, ինչ իշխանության ղեկին է, բոլոր հարևանների հետ առկա խնդիրները զրոյական մակարդակի իջեցնելու կուրս վերցրեց: Չնայած այդ կուրսը ձախողվեց, բայց մինչ այդ սույն քաղաքականության շնորհիվ Թուրքիան կարողացավ Սիրիայի, ինչպես նաև Իրանի ու Իրաքի հետ բարելավել հարաբերությունները: Մինչդեռ այսօր Սիրիայի, ավելի ճիշտ, Ասադի վարչակարգի հետ Թուրքիայի հարաբերությունները խիստ սրվել են, լարված են նաև թուրք-իրանական հարաբերությունները: Իրանը բազմիցս նախազգուշացրել է` եթե որևէ հարձակում լինի Իրանի վրա, ապա կհարվածի Թուրքիային ու կոչնչացնի վերջինիս հակաօդային պաշտպանությունը: Զգուշացրել է նաև Սիրիայի հարցում, հայտարարելով զգույշ լինել, և որ Թուրքիան դեռ պատասխան է տալու: Խիստ սրված են Սիրիա-Թուրքիա հարաբերությունները. չմոռանանք, որ «Սիրիայի ազատ բանակ» կոչվածը տեղակայված է հենց Թուրքիայում: Եվ այս իրավիճակում ասել, թե Թուրքիան տարածաշրջանում միանձնյա դերակատար է, նշանակում է գերագնահատել նրա հնարավորությունները: Զարմանալին այն է, որ մեզանում չափից դուրս են գերագնահատում Թուրքիայի դերը:
Եթե անգամ Սիրիայում իշխանությունը փոխվի, չնայած այդ համոզմունքին չեմ, ապա նոր իշխանությունները ևս Թուրքիայի այսօրվա թշնամական վերաբերմունքն անպայման հաշվի են առնելու, քանի որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե Ասադի վարչախմբի, այլ հենց Սիրիայի դեմ: Հիշենք, որ Թուրքիան բանակ է տեղակայում սահմանին, ահաբեկիչներին մարզում է ու զինում, հետախույզներ է ուղարկում ու նման կեղտոտ քայլեր է իրականացնում Սիրիայի դեմ, ինչը Սիրիան չի մոռանա: Այնպես որ, եթե Սիրիայում նոր իշխանություն էլ հաստատվի, ապա այն պետք է զգուշանա Թուրքիայից:
Արաբական մյուս պետությունները որքան էլ դեմ լինեն Ասադի վարչախմբին, միևնույն է, դրական չեն վերաբերվում Թուրքիայի ակտիվ միջամտությանը, և նրանք ևս պետք է զգուշանան: Հիշենք, որ Եգիպտոսն ի սկզբանե մերժեց Թուրքիայի մոդելը: Երբ Եգիպտոսում սկսվեցին հակակառավարական խռովությունները, և Թուրքիան արաբական աշխարհի համար մոդել առաջադրեց, Անկարայում Եգիպտոսի դեսպանը հայտարարեց, որ Եգիպտոսը մոդելի կարիք չունի, արաբական աշխարհը նույնպես չունի. «Արաբական աշխարհի մոդելը մենք ենք. Թուրքիան չի կարող արաբական աշխարհի համար մոդել համարվել»: Ի վերջո, չմոռանանք, որ կան նաև պատմական խնդիրներ։ Դեռ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին արաբներն այդ երկրի հանդեպ դրական վերաբերմունք չեն ունեցել: Եվ այս ամենն անտեսել ու գերագնահատել Թուրքիայի դերակատարությունը, մեղմ ասած, թյուրիմացություն է:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Ասվածին հավելեմ հետևյալը. արաբները երբեք չեն ների, որ այս միջամտությունների պատճառով զարթոնք է ապրում քրդական գործոնը, և, փաստորեն, արաբական երկրները պառակտվում են հօգուտ ինչ-որ քրդական ինքնավարությունների: Նույնը եղավ Իրաքում, նույնը սպասվում է Սիրիայում: Քրդերն ակտիվացել են, տեսեք, թե ո՜վ է միավորված ընդդիմության առաջնորդը. ամերիկացիները Ստոկհոլմից մի քրդի դարձրել են Սիրիայի ընդդիմության առաջնորդ: Կրկնվում է Իրաքի տարբերակը, երբ երկու քուրդ ընդդիմության առաջնորդներն էին: Եվ սա, կրկնում եմ, արաբները երբեք չեն ների:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Ի դեպ, Սիրիայի քրդերը ևս խիստ դեմ են Թուրքիայի միջամտությանը: Բացի դրանից, Էրդողանը մեղադրում է Բաշար Ասադին սեփական ժողովրդին սպանելու մեջ, բայց նույն Թուրքիան ինքն է սպանում սեփական քաղաքացիներին. ՊԿԿ-ի անդամների դեմ Թուրքիայի իշխանությունները լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացրին: Հետևաբար, Թուրքիան բարոյական իրավունք չունի այդ հարցում մեղադրելու Ասադին: Ընդ որում, այս մասին Թուրքիային հաճախ են հիշեցնում թե՛ Սիրիայից, թե՛ Իրանից:
Այնպես որ, Թուրքիայի դերի մասին հնչող հայտարարություններն ամպագոռգոռ են և անպատասխանատու: Հայաստանում այսօր կա թուրք-ադրբեջանական քարոզչություն իրականացնող թափթփուկների մի խավ, որը բոլորովին այլ գույներով է ներկայացնում իրականությունը: Բոլորը թող իմանան, որ այդ «հաջողակ» Թուրքիան ինքն է գտնվում վերակառուցման փուլում, նա դեռ պետք է սահմանադրություն փոխի, լուծի Քրդական հարցը, բանակի դերը նվազեցնի: Բայց չի կարողանում կառուցվածքային փոփոխություններ կատարել, որովհետև սրվել է Քրդական հարցը: Հետևաբար, Թուրքիան ինքն է դեռ կառուցվում ու դեռ ամբողջությամբ չի ձևավորվել: Բերեմ մեկ օրինակ ևս` հասկանալու համար, որ Թուրքիայի հզորության մասին արվող հայտարարությունները սին են: Թուրքերն ամերիկացիներից վարձել են ինը անօդաչու ինքնաթիռ, բայց չեն կարողանում դրանք օգտագործել, և գիտե՞ք ինչու. որովհետև այդ ինքնաթիռները թեպետ Թուրքիայում են, բայց քանի որ գտնվում են Ինջիրլիք ռազմաբազայում, թուրքական կողմն օգտագործել չի կարողանում, որովհետև թուրք զինվորականն իրավունք չունի մուտք գործելու Ինջիրլիք: Որպեսզի Թուրքիան կարողանա իր տարածքում գտնվող ինքնաթիռներն օգտագործել, դրա համար, նախ, պետք է դիմի ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, սա էլ Պենտագոնին, և միայն վերջինիս թույլտվության դեպքում կկարողանա օգտագործել դրանք: Ահա իրականում այսպիսի իրավիճակում է Թուրքիան:
ԼՐԱԳՐՈՂ- Մերձավոր Արևելքում սրված իրավիճակն ի՞նչ վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացների վրա:
ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ- Եթե Մերձավոր Արևելքում կա լարվածություն, պատերազմական իրավիճակ, ուրեմն կա ռազմական մեծ փորձ ունեցող մարդկանց ներկայություն, Մերձավոր Արևելքի գործընթացներում ձևավորվում է մի զանգված, որը կռվելու փորձ է ձեռք բերում: Հետևաբար, հավանական է, որ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դեպքում ռազմական գործողություններում թրծված, զինված մարդիկ հայտնվեն Ղարաբաղի թիկունքում` Ադրբեջանի կողմից: Այս առումով ես վտանգ եմ տեսնում, և դրա դեմ պետք է նախօրոք պայքարել` այսօր ևեթ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ- Տարածաշրջանում մենք ունենք երկու բարեկամ երկիր. մեկը Սիրիան է, որում ստեղծված այս խառնաշփոթն անդրադառնում է մեր մյուս բարեկամ երկրի` Իրանի վրա: Հետևաբար, Հայաստանին ամենևին էլ ձեռնտու չէ այս իրավիճակը: Եթե Սիրիայում լինի արտաքին միջամտություն, հերթը հասնելու է Իրանին: Իսկ անմիջականորեն մեր սահմանների մոտ որևէ բախում, պատերազմ կամ ռմբակոծություն չի կարող մեզ ձեռնտու լինել: Կարծում եմ, քանի դեռ մեծ տերությունները չեն լուծել Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագրի չեզոքացման հարցը, այդ բոլորը թողած` Ղարաբաղում նոր իրավիճակ չեն ստեղծի: Այս պահին նրանք չեն էլ կարող արցախյան հարցով լրջորեն զբաղվել: Հետևաբար, գործընթացը կշարունակվի, կձգձգվի, և դեֆակտո իրավիճակը կպահպանվի: Կարծում եմ, այս իրավիճակի պահպանումը մեր օգտին է:
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ- Քանի որ մենք գտնվում ենք ոչ թե Լյուքսեմբուրգի կամ Ֆրանսիայի կողքին, ապա պետք է զորացնենք նախահարձակ լինելու ռազմական պատրաստակամությունը: Հարևանն առաջին հերթին նայում է, թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, ու կարո՞ղ ենք հետ մղել հարվածը: Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմից որպես վարձկաններ կռվող ռուսները զարմանում էին, թե էս հայերը ո՜նց են կռվում: Այ, թող այսօր դա ասեն թուրքը, վրացին, ամերիկացին, նաև արաբն ու իրանցին: Թող զարմանան, ինչպես զարմանում էին ադրբեջանական կողմից կռվող վարձկան չեչենները, որ մեր տղերքի հարվածից փախել էին ու առասպելներ էին պատմում, թե ինչե՜ր են անում հայերը Ղարաբաղի սարերում:


«Կլոր սեղանը» վարեց
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 150976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ