ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»

...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»
05.04.2013 | 02:35

Շարունակվում է Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակող ու կասեցնող ապազգային գործընթացը։ Վերջին 11 տարում առաջին անգամ 2012-ին գրանցվեց Սևանի մակարդակի իջեցում։

Արդեն գաղտնիք չէ, որ վերջին 6-7 տարում էլ ավելի հաճախակի են դարձել Սևանա լճից` օրենքով նախատեսված չափից (170 մլն խմ) շատ ավելի մեծ ծավալների ջրի բացթողումները, որոնք իրագործվում են իշխանության վերին օղակների լուռ համաձայնությամբ և հովանավորությամբ: Ցավոք, դա է վկայում այն փաստը, որ որոշ տարիների՝ հուլիս ամսվա ընթացքում, լճում, բավականին բարձր նիշ գրանցած ջրի մակարդակից (տարեսկզբի համեմատ` 60-70 սմ) տարեվերջին անցանկալի մեծ և անբնական անկում էր գրանցվում, իջեցնելով այն մոտ 40 սմ-ով, ինչը կասկածի տակ է դնում լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների պաշտոնական «համեստ» տվյալների իսկությունը:

Ցավալի է, որ նախատեսված չափից ավելի մեծ ծավալներով ջրի անօրեն բացթողումներից բացի, ժամանակ առ ժամանակ, մեր իշխանությունների նախաձեռնությամբ, տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով լճից լրացուցիչ ծավալներով ջուր է բաց թողնվում: Սակայն մեր հանրությունը վաղուց արդեն չի կասկածում, որ ջրի այդպիսի մեծ ծավալների բացթողումներն ուղղված են փրկելու իշխանական մեծ լծակներ ունեցող բարձրաստիճան ղեկավարներին և օլիգարխներին պատկանող, լճի ողջ ափամերձ տարածքները զբաղեցրած բազմաթիվ գերշահութաբեր օբյեկտները և թանկարժեք կառույցները: Մեր հանրությունը վերջնականապես համոզվել է, որ լճի հետագա բախտն այլևս չի գտնվում պետական հոգածության ներքո` հուսալի, նրա մասին մտածող, վստահելի մարդկանց ձեռքերում: Նա չի հավատում իշխանությունների այն պնդումներին, թե իբր ջրի միջին տարեկան բացթողումը լճից (չհաշված լրացուցիչ բացթողումները) չի անցնում 170-200 մլն խմ-ից, սակայն, այդուհանդերձ, չի էլ կարողանում հակադարձել, հերքել այն, քանզի չկան իրականությունը լուսաբանող և հաստատող այլընտրանքային տեղեկատվական աղբյուրներ` հակառակն ապացուցող փաստերով:

Դեռ Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք, ի շահ Սևանա լճի սուղ պաշարների խնայման, բաց թողնվող ջրի տարեկան ծավալները կրճատվեցին մինչև 120 մլն խմ-ի, ամրագրելով նրա բացթողնման ժամկետային խիստ գրաֆիկ` հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը (138 օր): Սակայն, մի քանի տարի անց, ցավոք, մարեցին իշխանությունների այդ ընդգծված ուշադրությունն ու հոգատարությունը լճի նկատմամբ:

Սկզբնական շրջանում Սևան-Հրազդան միակ ջրանցքով, որն իր ճանապարհին հատվում է Երևան-Սևան մայրուղու հետ, Հրազդան թեքվող խաչմերուկից քիչ անց, Սևան տանող ուղղությամբ բաց թողնվող ջրի ծավալները կարծես թե համապատասխանում էին վերը նշված թույլատրված չափին` 120 մլն խմ-ին, երբ ջրի մակարդակը ջրանցքում կազմում էր նրա բարձրության (կամ՝ խորության) քառորդ մասը միայն: Սակայն հետագայում նրա մակարդակը ջրանցքում տարեցտարի բարձրացավ և վերջին 6-7 տարիներին ու մինչ օրս իր թողունակությամբ շատ քիչ է զիջում «մութ ու ցուրտ» տարիների` հարկադրաբար և լրիվ հզորությամբ բաց թողնվող ջրի ծավալներին, երբ ջրի մակարդակը ջրանցքում հասնում էր նրա վերին նիշին:

Ի միջի այլոց, էլեկտրաէներգիայով սուղ այդ տարիներին անգամ լրատվամիջոցները մշտապես իրենց ուշադրության դաշտում էին պահում լճի մակարդակի փոփոխման, բաց թողնված ջրի ծավալների հետ կապված տվյալները` իրենց հավաստի վիճակագրական աղբյուրների մասին (առանց գրաքննության ու աղճատման) մեր հանրությանը տեղյակ պահելու նպատակով, ինչը, ցավոք, այսօր շատ նվազ և կցկտուր ձևով է ներկայացվում կամ ավելի ճիշտ` շփոթեցնող և ապատեղեկացնող (գուցե և՝ միտումնավոր) հայտարարություններ են:

Եվ ահա, այդ տարիներին հաճախակի հնչող վիճակագրական ծառայության մի տվյալով` 1993-ի սկզբից մինչև սեպտեմբերի 15-ը (258 օր) լճից բաց է թողնվել 1439,5 մլն խմ ջուր («Գոլոս Արմենիի», 16.12.93 թ.): Դա նշանակում է, որ օրական միջին հաշվով բաց է թողնվել ավելի քան 5,5 մլն խմ ջուր կամ 138 օրում` ավելի քան 750 մլն խմ:

Բնական է, որ, ի տարբերություն պատերազմական տարիների, այսօր լինում են օրեր կամ ժամեր, երբ ջրանցքը գործում է իր ոչ լրիվ թողունակությամբ կամ մեկ, երկու օրով դադարեցվում է ջրառը Սևանից, ինչի արդյունքում, բնականաբար, ինչ-որ չափով (մոտ 20 %-ով կամ 27 օրով ջրառի դադարեցում) կրճատվել են ջրի բացթողնման ծավալները: Որպեսզի բերված փաստարկներն ու թվերն ավելի արժանահավատ ու մոտ լինեն իրողությանը, կասկած չհարուցեն, երաշխիք լինեն և հաստատեն հետագա հաշվարկների վերլուծության արդյունքում արված գնահատականների իսկությունը, ընդունենք, որ բաց թողնված ջրի ծավալները (այդ թվում և` 2012-ին) վերոհիշյալ տարիների համեմատ կրճատվել են ոչ թե վերը նշված չափով (մեկ հինգերորդով), այլ անհամեմատ ավելի շատ՝ մեկ երրորդով: Դա համարժեք է ջրանցքում ջրի մակարդակի բարձրությանը նրա երկու երրորդ մասով, ինչը վերջին տարիների համար լճից սովորական, միջին ջրառի քանակն է:

Այսպիսով, ստացվում է, որ անգամ մեկ երրորդով կրճատման դեպքում էլ, ըստ ժամկետային գրաֆիկի, վերջին տարիներին Սևանից տարեկան բաց է թողնվել ոչ թե 170 մլն խմ ջուր, այլ մոտ 500 մլն խմ, այն էլ` առանց գոլորշացման գործոնի առկայության:

Քանի որ անցյալ տարի ջրառը սկսվել էր ժամկետից ամիս ու կես շուտ՝ մայիսի 2-ին (իհարկե, սա առաջին դեպքը չէր), այդ իսկ պատճառով արդեն սեպտեմբերի վերջերին բաց թողնված ջրի ծավալներն անցել էին 550 մլն խմ-ն (նույն ջրի մակարդակի՝ ջրանցքի երկու երրորդ բարձրության հաշվարկով), ինչը, թերևս, ստիպեց իշխանություններին դադարեցնել այն: Եվ դա այն դեպքում, երբ նրանք հավաստիացնում էին, որ ջրի լրացուցիչ բացթողնման դեպքում անգամ բաց թողնվող ջրի ընդհանուր ծավալը չի գերազանցի 320 մլն խմ-ն:

Ահա այսպիսին է Սևանա լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալների իրականությանը մոտ պատկերը, որին գրեթե բոլորովին տեղյակ չէ մեր հանրությունը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք թույլատրվող ծավալից մոտ երեք անգամ ավելի ջուր բաց թողնելուց հետո էլ անհրաժեշտ էր լրացուցիչ քանակի ջուր բաց թողնել Սևանից ոռոգման նպատակով, երբ բոլոր բնապահպան ՀԿ-ներն ապացուցում էին, որ տարին երաշտային չի եղել, այլ ընդհակառակը՝ ձյունառատ և հորդառատ անձրևների տարի է եղել: Կարող է, իրոք, իշխանությունները որոշել են կասեցնել լճի մակարդակի հետագա բարձրացումը: Թերևս այդ է վկայում հարցի լուծման (լճի մակարդակի բարձրացման կասեցման կամ նրա հետագա իջեցման) նրանց կողմից վերջերս «հայտնագործված»՝ հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու նոր տարբերակը` թույլ չտալ Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացումը 15-20 սմ-ից ավելի (պատճառաբանելով, որ, մասնագետների կարծիքով, լճի մակարդակի արագ բարձրացումը կարող է վտանգել նրա էկոհամակարգը), դրանով իսկ` ջրի մակարդակի բարձրացումը մինչև հաշվարկային 1903,5 մ ուղղակի ձգձգել, մինչև անկանխատեսելի՝ 2031 թ., ապահովելով ափամերձ տարածքներում «իշխանավոր» օբյեկտների «երկարակեցությունը»: Վիճելի է, իհարկե, որ նման վտանգ կարող է սպառնալ լճին, քանզի բնապահպան մասնագետների դիտարկումներով՝ վերջին 11 տարում լճի մակարդակի սովորականից արագ բարձրացման արդյունքում, երբ լճի մակարդակը (3-4 տարիների բացառությամբ) բարձրացել է 40 և ավելի սմ-ով, անգամ 52, 56 սմ-ով` լճի էկոլոգիական իրավիճակի, ինչպես նաև նրա կենսաբանական տեսականու վերականգնման ուղղությամբ, արդեն դրական տեղաշարժեր են գրանցվել: Ցավալի է, որ մակարդակի այդ յուրօրինակ և մտացածին կասեցման գործընթացը սկսել է իրագործվել հենց այսօր, երբ դեռևս շարունակվում է բնակլիմայական հիրավի նպաստավոր պայմանների, հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով հարուստ ժամանակաշրջանը, կապված մեր մոլորակի վրա տեղի ունեցող համընդհանուր տաքացման պրոցեսների հետ: Շատ ափսոս, որ չենք օգտվում (գուցե և հետագայում այլևս երբեք չկրկնվող) բնության պարգևած բարենպաստ այս պահից:

Արդեն երկար տարիներ է, ինչ ձգձգվում է Արփա-Սևան ջրանցքի վերանորոգումը, կիսատ են լցվում կամ էլ ընդհանրապես չեն լցվում հանրապետության շատ ջրամբարներ` նախատեսված Սևանա լճի «բեռը» թեթևացնելու, նրա պաշարները խնայելու և լրացնելու նպատակով: Իսկ Եղվարդի խորհրդային տարիներին արդեն իսկ հսկայական ծավալի հողային (հիմնական) աշխատանքներ կատարած (մոտ 230 մլն խմ տարողությամբ ջրամբարի) կառույցը, այդպես էլ մնաց կիսավարտ, որը կարող էր տարեկան խնայել 100-200 մլն խմ ջուր:

Չգիտես ինչու, ամեն անգամ ատոմակայանի աշխատանքը պրոֆիլակտիկ նպատակներով դադարեցվում է հենց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչի պատճառով մոտ մեկ ամսով «հարկադրաբար», լրացուցիչ ջուր է բաց թողնվում լճից` Սևան-Հրազդան հէկերի կասկադն աշխատեցնելու նպատակով:

Արդյո՞ք այս բոլորը պատահական զուգադիպություններ են, ոչ թե կանխավ մտածված, լավ ծրագրված «համալիր միջոցառումներ», որոնց վառ և թարմ ապացույցն է վերն արդեն նշված մեծ ծավալներով ջրի բացթողումը` ոռոգման նպատակով: Եվ այսքանից հետո ցավ ես զգում` լսելով, որ գյուղերում շատ տնտեսություններ ջրի «կարոտ» են մնում, միայն նրա համար, որ տվյալ պահին գյուղացին վճարունակ չէ, և Սևանի ջրերը բաժին են դառնում Արաքս գետին:

Չնայած մեր հանրությանն արդեն հայտնի է, թե ինչ նպատակով է կասեցվում լճի մակարդակի բարձրացումը, այնուհանդերձ, դժվար է պատկերացնել, որ «վերևներում» կարող են գտնվել մարդիկ, ովքեր կհամարձակվեն զոհաբերել մի ողջ ժողովրդի կուռքը և ազգային խորհրդանիշ համարվող Սևանա լիճն իրենց անձնական շահերի համար, չվախենալով հետագա պատասխանատվությունից: Այս տրամաբանությունից ելնելով` հնարավոր է, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն ավելի ծանրակշիռ, ինչ-ինչ շահեր հետապնդող պատճառներ, որոնց մասին գուցե և տեղյակ չի պահվում հանրությունը: Թերևս դրանով կարելի է բացատրել այն, որ լրիվ անտեսելով մեր հանրության, հատկապես բնապահպան ՀԿ-ների հայրենանվեր և արդարացված բողոքները, Ազգային ժողովը հասարակության համար անհասկանալի և շատ առեղծվածային, բավականին սեղմ ժամկետում, հապճեպ, առանց բնապահպանների մասնակցության (նրանց ուղղակի թույլ չտրվեց մասնակցել ԱԺ-ի լսումներին), հաշվի չառնելով նրանց շատ լուրջ և ծանրակշիռ հակափաստարկները, ընդունեց կամային օրենք` լրացուցիչ 170 մլն խմ ջրի բացթողնման թույլտվության մասին: Ցավալի է, որ մարտականորեն տրամադրված մեր բնապահպանները (և ոչ միայն նրանք), ովքեր արժանի «կռիվ էին տալիս» Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու դեմ, մինչ օրս, թերևս, տեղյակ չեն, թե իրականում Սևանից տարեկան որքան ջուր է բաց թողնվում` չհաշված լրացուցիչ բացթողումները:

Այս բոլորը հիմք են տալիս ենթադրելու և հանգելու իրականությանը մոտ, թերևս, միակ տրամաբանական եզրակացությանը. Սևան-Հրազդան կասկադի օտարման (ենթադրյալ) պայմանագրում նշված գործարքի շահութաբերությունն ապահովող անհրաժեշտ ջրի նվազագույն քանակը շատ ավելի մեծ է, քան օրենքով թույլատրված բաց թողնվող ջրի քանակը (170 մլն խմ):

Քանի որ մեր իշխանությունները տարիներ շարունակ կարողացել են Սևանա լճից անարգել, հանրության կողմից առանց լուրջ վերահսկողության բաց թողնել թույլատրվածից շատ ավելի մեծ ծավալների ջուր որպես օրենքով թույլատրվածի սահմաններում, ապա ի՞նչն է խանգարում նրանց, անօրեն բաց թողած մեծ ծավալների ջուրը, լճի մակարդակի բարձրացումը կասեցնելուց բացի, օգտագործել նաև լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալու համար՝ նույն այդ կասկադի շահագործմամբ: Եվ այսքանից հետո էլ, անտեսելով հանրության լուրջ ընդվզումները, ժամանակ առ ժամանակ, լրացուցիչ քանակի ջուր է բաց թողնվում լճից:

Եվ այս բոլորն իրագործվում է նպատակաուղղված, մի խումբ իշխանավորների կողմից և նրանց թույլտվությամբ, դրանով իսկ զրկելով մեր հետագա սերունդներին աներևակայելի մեծ հարստությունից` բառի բուն իմաստով: Բոլորին է հայտնի, որ ոչ շատ հեռու ապագայում (15-20 տարի անց) Սևանա լճի 1 սմ մակարդակին համապատասխանող (մոտ 12,5 մլն խմ) ծավալի քաղցրահամ, խմելու ջուրը (եթե մինչ այդ չապականենք լիճը) Մերձավոր Արևելքի սակավաջուր երկրներում կարժենա ոչ պակաս, քան 1 միլիարդ դոլար: Ցավոք, միայն անցյալ տարի հենց այնպես կորցրինք լճի առնվազն 30-ից 35 սմ մակարդակ: Իսկ ինչպիսի՞ ծավալների ջուր կարող էինք խնայել վերջին տարիներին:

Եթե 2002 թվից սկսած առաջին 3 տարում լճի մակարդակը բարձրացել է 132 սմ, ապա վերջին 3 տարում այն բարձրացել է ընդամենը 67 սմ-ով: Ավելին, երրորդ տարվա վերջին՝ 2012-ին, երբ սպասվում էր լճի մակարդակի զգալի աճ՝ թույլատրված չափից շատ ավելի մեծ ծավալների ջրի բացթողնման «արդյունքում», վերջին 11 տարում առաջին անգամ արձանագրվեց ջրի մակարդակի բացասական սալդո` 3 սմ-ով իջեցում տարեսկզբի համեմատ:

Չեմ կարող չնշել նաև, որ Սևանի մակարդակը այս տարվա սկզբին 14 սմ-ով ցածր է եղել, քան 2,5 տարի առաջ՝ 2010-ի հուլիսին: Այստեղ, իհարկե, հաշվի չի առնված ծովի մակերևույթից Սևանա լճի մակարդակի՝ մինչ 01.01.2011-ը՝ նախկինում միջազգայնորեն ընդունված (հաստատուն) բարձրության նիշի՝ նոր, ճշտված՝ 20 սմ-ով ավելացված չափը:

Այս բոլորը ակնհայտորեն ապացուցում և հաստատում են լճի մակարդակի բարձրացման՝ կանխամտածված արգելակման և կասեցման ապազգային և հանցավոր գործընթացը: Տպավորություն է ստեղծվում, թե դեռ ոչ հեռու անցյալում ինչ-որ մութ ու չար ուժերի սկսած «խաչակրաց արշավանքը» մեր անզուգական, սակայն այսօր անպաշտպան, երկնային հրաշք Սևանա լճի դեմ դեռևս շարունակվում է, այն էլ ոչ միայն ջրի մակարդակի բարձրացման կասեցման, այլև նրա ձկնապաշարների ոչնչացման առումով:

Եթե սրանից 8-10 տարի առաջ լճի արդեն բավականին խաթարված էկոհամակարգի վերականգնման ամենաէական, առաջնային, գերակա և շատ կարևոր գրավականը անվերապահորեն համարվում էր լճի մակարդակի բարձրացումը, ապա այսօր նրա` դեռ ոչ լրիվ ապաքինված էկոհամակարգը, ցավոք, մի այլ, ոչ պակաս մահացու վտանգի առջև է կանգնած` լճում ձկան ներկայիս խղճուկ պաշարների վերջնական և իսպառ վերացման սարսափելի փաստի իրողության առումով, և նրա վերականգնումը նախկին պաշարների մակարդակին ոչ պակաս դժվարին խնդիր է, քան ջրի մակարդակի բարձրացումը:

Պետք չէ լինել մասնագետ` հասկանալու, որ թեկուզ պակաս ջրով, սակայն ձկան հարուստ պաշարներով (ինչպես եղել է 25-30 տարի առաջ) Սևանա լիճը էկոլոգիապես ավելի կայուն և երկար կգոյատևի, քան ջրի բարձր մակարդակով, սակայն առանց ձկան: Այնպես որ Սևանա լիճը ոչ հեռու ապագայում կարող է վերածվել հսկայական ճահճուտի, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն ձկան արագ վերականգնման ուղղությամբ:

Ամեն անգամ խոր ցավ ես ապրում և մեծ դժվարությամբ հաշտվում այն մտքի հետ, որ վերջին 30 տարում լճում ձկան պաշարները կրճատվել են 50-60 անգամ:

Այսպես, եթե 1983 թ. ձկան պաշարները լճում կազմում էին 11 հազար տոննա, 2004-ին` 2-3 հազար տոննա, ապա 2005-2008 թթ. նրանք չէին գերազանցում 500-600 տոննան: Դրանով է պայմանավորված, որ 1978-82 թթ. ձկան միջին տարեկան արդյունահանումը լճից 3070 տոննա էր, 1985-1990 թթ.` 2200 տ., 1995-1999 թթ.` 800 տ: 2008-ից պետականորեն արգելված է ձկան որսը լճում, երբ նրա պաշարները լճում ընդամենը 170 տ էին (գուցե և այսօր այն անհամեմատ ավելի պակաս է), որի 80 %-ը ներկայացված է ոչ հասուն ձկներով (ՀՀ ԳԱԱ կենդանաբանական և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներով):

Դեռևս 1990-ականներից սկսած գիտականորեն չհիմնավորված, տարիներ շարունակ, թույլատրվածից 4-5 անգամ ավելի մեծ քանակի ձկան որսն ու արդյունահանումը (ըստ նույն աղբյուրի), թերևս, բազմապատկվեցին հատկապես վերջին 10-12 տարում, երբ իշխանավորների, օլիգարխների և նրանց կիսակրիմինալ «յուրայինների» «գրոշներով» օտարած (իրականում` բռնազավթած) լճի ողջ հսկայական ափամերձ տարածքներում, դեռ մինչ օրս սնկի պես աճող մեծ ու փոքր, շքեղ և ոչ այնքան, բավականին մեծ շահութաբերությամբ` հյուրանոցային, ռեստորանային համալիրների, բազմապիսի ժամանցային խաղատների, ինչպես նաև տարբեր մանր-մունր սննդի, սպասարկման շատ կառույցներում և օբյեկտներում մինչ վերջերս մատուցվող ուտեստի առյուծի բաժինը կազմում էր ձկնեղենը: Հենց այստեղ էր հիմնականում տեղի ունենում (գաղտնի թե բացահայտ, գիշեր թե ցերեկ) հանրային սեփականություն հանդիսացող Սևանի ձկան` անհաշիվ և ոչ մեկին հայտնի քանակի անդադրում հափշտակումը` ձկնագողությունը, որին, անկասկած, տեղյակ էին շատ իշխանավորներ:

Ցավոք, եթե Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալները կարելի է որոշել վերը նշված իրականությանը բավականին մոտ հաշվարկով, ապա արդյունահանվող, առավել ևս գողացվող ձկան քանակը լճից բացարձակապես անհնարին է որոշել անգամ մոտավոր հաշվարկներով: Գողացվող ձկան խիստ մոտավոր քանակը գուցե և կարելի է որոշել, եթե ընդունենք, որ ափամերձում եղած մի քանի հարյուր օբյեկտներից ընդամենը 20-25-ից, յուրաքանչյուրում ամսական միջին հաշվով մատուցվի նվազագույնը 200-300 կգ ձկնեղեն, և առնվազն մի այդքան էլ ամենուրեք թաքուն կամ բացահայտ վաճառվի:

Այսօր արդեն սովորական երևույթ է դարձել, որ հանրապետության տարբեր վայրերից (հիմնականում Երևանից) հազարավոր մարդիկ անգամ ձմռան ամիսներին ընկերներով կամ ընտանիքներով իրենց ամեն տեսակի խնջույքներն ու ծիսակատարություններն անմիջականորեն կազմակերպում են լճի ափամերձ օբյեկտներում, ձկով «համեմված» սեղանների շուրջը, դրանով իսկ «նպաստելով» ձկան է՛լ ավելի արագ ոչնչացմանը և անհետացմանը լճում:

Չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը մեր իրավապահ մարմինները «հանկարծ» բացահայտեն, որ այդ բոլոր` վերը նշված «անձեռնմխելի», փակ, պետական հսկողությունից դուրս կառույցներից և օբյեկտներից շատ շատերում, այսքան տարիների ընթացքում, իրոք, կազմակերպվել, իրականում գործել և այսօր էլ գործում են իրենց մինի «ձկնարդյունաբերությունը», իրենց պատկանող, ափամերձ տարածքը ողողող, արդեն «իրենցով» արած ջրային հատվածը` իր ընդերքով, որսի չափերին համապատասխանող անհատական տեխնիկայով ու հանդերձանքով, իրենց «գործունեության» ռազմավարական ուրույն գործելաոճով և տակտիկայով:

Տպավորություն է ստեղծվում, որ Սևանա լիճը` իր ողջ ափամերձ տարածքին հարող ջրի հայելու մակերեսով ու նրա ընդերքով (կենդանական աշխարհով) արդեն սեփականաշնորհված է և այժմ պատկանում է մի խումբ բարձրաստիճան իշխանավոր-օլիգարխների, և հետևապես, հանդիսանում է նրանց կոլեկտիվ սեփականությունը` լճում դեռևս մնացած ձկան պաշարներով հանդերձ: Այդ է պատճառը, որ ոչ մի հասարակ մահկանացու վերջին 10-12 տարում չի կարողանում անվճար, անարգել և առանց սկանդալի մոտենալ քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող ջրափին և իր հանգիստն անցկացնել այնտեղ:

Իշխանությունները համառորեն խուսափում են այդ հարցի արծարծումից, գուցե և, իրոք, չեն ուզում լուծել` վախենալով «նեղացնել» յուրայիններին: Միայն վերջերս, հանրության անապահով խավի զայրույթը մեղմելու նպատակով, իշխանությունները ստիպված լճի ափամերձ տարածքից մի քանի ոչ մեծ չափերի լողափեր «նվիրեցին» նրանց, ինչի մասին երկար ժամանակ թմբկահարվում էր հեռուստատեսությամբ:

Ցավոք, մեր իշխանավորներն այսօր անբավարար ուշադրություն են դարձնում Սևանա լճի, նրա ավազանի հետ կապված բազմաթիվ պրոբլեմներին, հատկապես լճի ոչ բարվոք էկոհամակարգի (անթույլատրելի դանդաղ մաքրվող ափամերձ տարածքը անտառներից), նրա ջրի մակարդակի և կենդանական աշխարհի արագ և էֆեկտիվ վերականգնման, մեծ չափերի հասած ձկնագողության դեմ հաստատակամ պայքարելու ուղղությամբ և այլն:

Ի դեպ, կարծում եմ, որ իրականում ձկնագողությունը շատ քիչ է պակասել, ուղղակի այն և նրա իրացման տեխնոլոգիաներն են ավելի կատարելագործվել և կազմակերպված դարձել:

Էնդեմիկ տեսակի ձկան արհեստական բուծումը և նրանց հարյուր հազարներով` լիճ բացթողնումը այնքան էլ չեն փրկի դրությունը, քանզի նրանց գերակշռող մասը, մեկ-երկու տարի անց, դեռևս «չհասունացած» վերարտադրմանը, միևնույն է, կհայտնվի վերոհիշյալ օբյեկտների սեղաններին, քանի դեռ իշխանությունները՝ լուրջ, նպատակաուղղված, հիմնովին և վերջնականապես չեն կասեցրել ձկնագողության մաֆիայի «հաղթարշավը»:

Եվս մի քանի տարի, և Սևանա լիճը կմնա առանց ձկան, բառիս բուն իմաստով, ինչի բացակայությունն ուղղակիորեն կբերի լճի կենսաբանական մահվան (անկախ ջրի մակարդակի հետագա բարձրացումից), որի արդյունքում կկորցնենք Սևանա լիճը, որպես մեզ կյանք պարգևող խմելու ջրի հսկայական շտեմարան:

Որպեսզի Սևանա լիճը հեռու պահենք այդ մռայլ և հոռետեսական ճակատագրից` իշխանությունները պետք է շտապ, առանց հապաղելու, հիմնովին և լուրջ վերանայեն լճի ապագայի հետ կապված, վերջին տարիներին կուտակված բոլոր տեսակի պրոբլեմները և դրանք լուծեն բոլորվին նոր ռազմավարական մոտեցումով, չխուսափելով կտրուկ, արմատական, հեղափոխական և անգամ «վիրահատական» մեթոդներից:

Համոզված եմ, որ Սևանա լճի ճակատագրով անկեղծորեն մտահոգված մեր ողջ ժողովուրդը համամիտ կլինի և նրա կողմից հավանության կարժանանա` վերահաս մահացու վտանգից լճի փրկության ստորև առաջարկվող միակ երաշխիքն ապահովող համալիր միջոցառումների անհետաձգելի իրագործումը մեր իշխանությունների կողմից.

ա) լճից բաց թողնվող ջրի ծավալների չափերի հսկողության աշխատանքներին օրենսդրորեն մասնակից դարձնել (ներգրավել) նաև բնապահպանական ՀԿ-ներին (ըստ Օրհուսի կոնվենցիայի)` իրենց ստուգման արդյունքների մասին իշխանություններին և հանրությանը հրապարակավ հաշվետվություն տալու իրավունքով:

բ) Լճին հարող ափամերձ ողջ տարածքը (նրա շրջագծով), ջրի եզրից առնվազն 100-150 մետր ափի լայնությամբ (կախված ափամերձ ռելիեֆից) ճանաչել որպես հանրային գերակա շահ, վերադարձնելով այն պետությանը, որպես հանրության սեփականություն:

գ) Հնարավորինս կարճ ժամկետում, անխտիր, բացարձակապես բոլոր տեսակի օբյեկտներն ու շինությունները (չհաշված տեղաբնակների) հեռացնել («մաքրել») այդ տարածքից, ընդհուպ մինչև բարձրաստիճան պաշտոնյաների դղյակները, բացառությամբ պետական կարևոր կարգավիճակ ունեցող շինությունները: Ազատված ափամերձ գոտում, ինչ-ինչ պատճառներով չտեղափոխված, կամ չապամոնտաժված շինությունների (սեփական) զբաղեցրած հողատարածքը պետության կողմից կարող է տրամադրվել վարձակալությամբ (ամսական), որից ստացված եկամուտները կօգտագործվեն միայն Սևանի էկոհամակարգի վերականգնման կարիքների համար:

դ) Ձկան որսը կազմակերպել և իրագործել միայն պետական մակարդակով, խստագույն հսկողության և հաշվետվության պայմաններում:

ե) Բաց լճում կամ ափամերձ տարածքում մնացած կարգի ձկան որսը (բացի ափամերձ տարածքում` սիրողական, անհատական որսից) դիտարկել որպես ձկնագողություն և խստագույնս պատժել:

զ) Խստիվ արգելել լիճը սնող գետերի վրա հէկերի կառուցումը:

Միայն այս պայմանների առկայության դեպքում գերության մեջ հայտնված Սևանա լիճն իր ընդերքով, իր ափամերձ տարածքներով, իր ազգային պարկով «կազատագրվի» օլիգարխների դաժան ու ծանր կապանքներից, «կշնչի» լիաթոք և կապաքինվի «ինքնուրույն»:

Հուսանք, որ իշխանությունները վերջապես ճիշտ կգնահատեն Սևանա լճի արժանիքներն ու արժեքը, արմատապես կփոխեն իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ և այսուհետ առանձնահատուկ, ընդգծված ուշադրություն կդարձնեն նրա հետագա ճակատագրին: Դրա համար բավական է, որ իշխանությունները մեծ խնամքով, սեփականատիրոջ հոգեբանությամբ, խնայողաբար և հաշվենկատ վերաբերվեն լճի անգնահատելի բարիքներին ու հարստությանը, այլ ոչ թե այսօրվա նման այն մի քանի գրոշով գցեն մեր ժողովրդին օտար, նրա նկատմամբ ոչ բարյացակամ, անբարո և անարժան մարդկանց ձեռքը, ովքեր անօրենաբար օգտվում, օգտագործում և ինչու ոչ՝ վայելում են մեր ժողովրդին պատկանող հարստությունը:

Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4440

Մեկնաբանություններ