Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զորիի նամակում շատ խորքային բան կա»

«Զորիի նամակում  շատ խորքային բան կա»
18.10.2013 | 00:40

Քաղաքական գործիչ, արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի վարած այն քաղաքականությունը, ըստ որի, հայկական ճաշատեսակներից սկսած մինչև գորգերը ադրբեջանական ծագում ունեն։ Այս մասին նա հայտարարեց «Իրատես de facto» ակումբում, հավելելով, որ հայկական կողմն այս ամենին համարժեք չի արձագանքում։ «Պետք է, չէ՞, դրանց մեկ-մեկ պատասխանել, որ լավաշից հեռու մնան, դա իրենցը չէ։ Էդ գորգերից էլ հեռու մնացեք»,- ասաց բանախոսն ու անդրադարձավ վերջին օրերին բուռն քննարկվող Զորի Բալայանի նամակին։ «Նամակն ընթերցելիս մի սևեռվեք միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, այստեղ կան նաև այլ սուբյեկտներ՝ Թուրքիա, Ադրբեջան։ Նամակում խոսվում է Գյուլիստանի պայմանագրի 3-րդ կետի՝ Բաքվի խանության մասին, որ Ադրբեջանի պես պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Եթե տարածքների համար նկրտումներ ունեն, թող մտածեն Բաքվի խանությունը պահելու մասին, որն էլ 200 տարի առաջ անցել է Ռուսաստանին։ Շատ բաներ կան, որոնց մասին չեմ կարող խոսել։ Եթե ուզում եք իմանալ, այստեղ շատ խորքային մտքեր կան։ Վերջին տասը տարվա ընթացքում, եթե մի կիսանորմալ բան է եղել, սա է»,- շեշտեց արձակագիրը՝ հընթացս նշելով, որ Զորի Բալայանի նամակի վրա չպետք է այդքան կենտրոնանալ։ Այս համատեքստում նա հիշեցրեց պատմական այն փաստը, թե ինչպես Կուտուզովը Մոսկվան հանձնեց, որպեսզի Նապոլեոնի «ողնաշարը» ջարդվի։ Արցախին առնչվող դրվագի առնչությամբ էլ ակումբի հյուրն արձանագրեց. «Արցախի ճակատագիրը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը։ Նա երբեք թույլ չի տա, որ կեղծիքներով հանրաքվե անցկացվի»։
Իշխանության վարած քաղաքականության բացթողումներն ընդդիմադիր գործիչը չշրջանցեց։ «Իշխանությունները հասկանալով, որ «Առա՛ջ, Հայաստան» հեքիաթով չեն կարողանում խաբել ժողովրդին, հորինեցին մեկ ուրիշը՝ «Ապահով Հայաստան»։ Գնացեք, տեսեք՝ ինչպես են մարդիկ իրար հերթ չտալով փախչում ապահով Հայաստանից»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը, ով նաև ընդդիմության այսօրվա վիճակի մասին իր դիտարկումները ներկայացրեց՝ նախ անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի այն տեսակետին, թե Հայաստանում ընդդիմությունը թույլ է։ «Արմենը գուցե նկատի ունի այն, որ երկու ամիս վերցրին Ազատության հրապարակը, հետո ցույցեր չարեցին։ Բախտներս բերեց, որ մեկ տարով չէին վերցրել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ վարձակալելու նպատակը ո՞րն է։ Եթե գիտեք, որ թույլ եք, ինչո՞ւ եք վարձակալում։ Երևի նա իրենց նկատի ուներ, իսկ ես չգիտեմ` «Ժառանգությունը» ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ»,- հեգնեց քաղաքական գործիչը և ՀԱԿ-ը համարեց Հայաստանի միակ ընդդիմությունը, իսկ միակ լիդեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լրագրողների այն պնդումներին, թե հիմա ինչո՞ւ է տանը փակվել ՀԱԿ առաջնորդը, բանախոսը շեշտեց. «Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ: Սպասում է, մինչև դուք հասունանաք»: Դիտարկմանը, թե ինչպես վստահել մի ուժի, որը ներքին հակասություններ ունի, մասնավորապես Նիկոլ Փաշինյան-Զուրաբյան, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ինչպես եք մի ողջ կառույցի գործունեությունը կապում երկու մարդու հետ, որ նստում են իրար հետ ու չեն խոսում: Է, թող չխոսեն, դրանից ի՞նչ է փոխվում։ Ասեմ, որ ես ՀԱԿ անդամ չեմ։ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի՝ իրար հետ խոսել-չխոսելը ինձ այնքան է հետաքրքրում, որքան անցյալ տարվա ձյունը։ Այնտեղ կա Լևոն Տեր-Պետրոսյան, որն ունի ծրագիր և այն իրագործելու է հայրենիքը փրկելու համար»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ