Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տաճատ Սարգսյանը հերքում է, նրա հակառակորդները` հաստատում

Տաճատ Սարգսյանը հերքում է,  նրա հակառակորդները` հաստատում
14.03.2014 | 01:16

Հայաստանի կոմունիստական կուսակցության շուրջ առաջացած խմորումներին այսօր «Իրատես de facto» ակումբում վերստին անդրադարձան կոմունիստներ ԱՇՈՏ ՊԱՊՅԱՆԸ, ԲՈՐԻՍ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ և ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք մտահոգված էին այն հարցով, որ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը կանոնադրական խախտումներով է ընտրվել: Չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, տեղի է ունեցել բյուրոյի նիստ, որի ժամանակ Աշոտ Պապյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել, ինչի պատճառների առնչությամբ վերջինս ներկայացրեց իր դիտարկումները. «Բյուրոյի նիստին հրավիրված էին հիմնականում նրանք, ովքեր անօրինական ընտրվել էին բյուրոյի անդամ և քարտուղարներ, ճնշում գործադրելով հարց բարձրացրին, որպեսզի ինձ հեռացնեն: Ես էլ ասացի` մինչ ինձ հեռացնելը թող ինքն իր տոմսը ցույց տա` իրոք այն պատռե՞լ է, թե՞ ոչ: Նա տոմսը ցույց չտվեց»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Տաճատ Սարգսյանն ինքն իրեն ղեկավար հռչակելու վերաբերյալ հետևյալ բացատրությունն է տվել. «Քանի որ ես պիտի իշխանությունների հետ հարաբերվեմ, որպես պաշտոնակատար ինձ ոչ ոք բանի տեղ չի դնի, դրա համար ինքս ինձ առաջարկեցի այդ պաշտոնում»: Կոմունիստը նկատեց, որ իր պայքարը ոչ թե կուսակցության, այլ Տաճատ Սարգսյանի դեմ է:
Բորիս Գյուրջյանն էլ նշեց, որ Աշոտ Պապյանի հեռացման հարցը պետք է հաստատի բյուրոն, իսկ նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանի ինքնակամ հեռանալու մասով էլ շեշտեց, որ եղել է լիազորությունների դադարեցման դիմում, իսկ թե ինչու դրանից հետո առաջացան այս հակասությունները, պետք է հարցնել միայն և միայն Տաճատ Սարգսյանին: Նրա հետ լրագրողները զրուցեցին ՀԿԿ գրասենյակում, որտեղ Սարգսյանը պարզաբանումներ տվեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Ի դեպ, մի պատ է բաժանում կուսակից «հակառակորդներին». նրանք նույն տանիքի տակ են դեռ «նստում»:
«Ընկեր Թովմասյանը գնալիս հայտարարեց, որ կուսակցությունը հանձնում է երիտասարդ կադրերին: Ես չգիտեմ` ընկեր Թովմասյանը ում նկատի ուներ, համենայն դեպս, նրա աշխատած տարիներին ես նման վերաբերմունք չեմ նկատել»,- ասաց Տաճատ Սարգսյանը` ընդգծելով, որ նպատակահարմար չէր մինչև համագումարն ինքը մնար պաշտոնակատարի կարգավիճակում, քանի որ «դժվար է հարաբերվել կազմակերպությունների ղեկավարների հետ»: ՀԿԿ քարտուղարը վստահեցրեց, որ իր քվեարկությունն անցել է միաձայն և ոչ մի հակականոնադրական քայլ չի եղել, ավելին, հոտնկայս ծափահարել են նրա ընտրվելը: «Ո՞ր աշխատանքում չկան թերություններ: Որտեղ աշխատանք կա, այնտեղ էլ՝ թերություն: Դրանից հետո ընկեր Աշոտ Պապյանը և նրա համախոհը որոշեցին օգտագործել առիթը՝ այդ ամենը ողջ հանրապետությունով մեկ բարձրաձայնելու»,- ասաց կոմունիստը և անդրադարձավ «կոնկրետ» մեղադրանքներին:
Ասուլիսում Աշոտ Պապյանը հիշեցրեց, որ 91-ին Գյումրիում ՀՀՇ-ի հանրահավաքում անձամբ տեսել է, թե ոնց է նա պատռել կուսակցական տոմսը: Դրան Տաճատ Սարգսյանն այսպես հակադարձեց. «Դա հերյուրանք է… Լինելով նման ղեկավար օրգանների անդամ, Տաճատ Սարգսյանը չէր կարող նման բան իրեն թույլ տալ և ուշադրության չարժանանալ»: Նա նաև տեղեկացրեց, որ այդ հարցով հանձնաժողով է ստեղծվել, որին անձամբ մասնակցել է Իշխան Թովմասյանը, որն էլ հետագայում հայտարարել է, թե նման բան տեղի չի ունեցել:
Մյուս մեղադրանքին էլ, թե մի շարք «ժողովրդական» օրենքներին «դեմ» է քվեարկել, այդ թվում՝ աղետի գոտուն լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելուն, Տաճատ Սարգսյանը հերքում է` պատճառաբանելով. «Որպես աղետից տուժած, ո՞նց ինձ թույլ կտամ դրան «դեմ» քվեարկել: Էն ժամանակ ԳԽ-ում «տաբլոն» կեղծում էր, իրական պատկերը չէր տալիս: Եղել են բազմակի դեպքեր, երբ կողմ են քվեարկել, բայց դեմ է ցույց տվել»:
Դրսից, առավել ստույգ, Գենադի Զյուգանովից ֆինանսավորում ստանալու լուրի առնչությամբ էլ կոմունիստը փաստեց, որ տեղյակ է Հայաստանի «Կուսակցությունների մասին» օրենքին, իրենք ֆինանսի կարիք չունեն, բայց «ո՞վ չի ուզենա, որ ՀԿԿ-ն ունենա լավ ֆինանսավորում, եթե անգամ դա դրսից լինի»:
Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ է պլենումը անցել «փակ» ռեժիմով, որից դժգոհ են ընդդիմախոսները, Տաճատ Սարգսյանը պատասխանեց. «Այդ պրակտիկան կուսակցության ստեղծման տարիներից է գործում: Եղել են մարդիկ, ովքեր փորձել են կուսակցությունը քայքայել: Հետագայում էլ պրակտիկայից օգտվել ենք: Պլենումի նախօրեին այդ ընկեր Պապյանը՝ իր համախոհներով, մտադրություն ունեին աշխատանքները խաթարել, դրա համար որոշեցինք հեռու մնալ տարատեսակ խոսակցություններից և փակ ռեժիմով անցկացրինք»:
Տաճատ Սարգսյանի խոսքից ակնհայտ էր դառնում, որ նա նահանջելու նպատակ չունի, իսկ Աշոտ Պապյանի հարցում էլ հաստատակամ է` հեռացվելու է կուսակցությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ