Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդամենը երկու տարի, և կլրանա Կարսի պայմանագրի 100-ամյակը

Ընդամենը երկու տարի, և կլրանա Կարսի պայմանագրի 100-ամյակը
19.03.2019 | 02:02

Հարկ չեմ համարում անդրադառնալ ռուս-թուրքական դարավոր թշնամությանը: Հայտնի դարձվածքը, թե չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, հաստատ այդ երկու ազգերին չի վերաբերում: Ռուսներն ու թուրքերն ընդամենը մեկ անգամ են «բարեկամացել» և այն էլ պատմական անչափ դժվար և ծանր ժամանակներում` հոկտեմբերյան հեղափոխության ծանր տարիներին։ 1917-ի հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը մի քանի տարի գրեթե ոչ մի պետություն չէր ճանաչել։ Նույն վիճակում էր նաև պարտված Թուրքիան, որի օրինական կառավարությանը զուգահեռ գործում էր Աթաթուրքի այսպես կոչված Անգորայի կառավարությունը, որն ուներ ոչ միայն ինքնահաստատման ցանկություն, այլև նրան անհրաժեշտ էին միջոցներ Անտանտայի դեմ կռվելու համար: Ստեղծված իրավիճակում Անգորայի կառավարությունը դիմեց Մոսկվային բարեկամության և փոխօգնության պայմանագիր կնքելու համար: Քանի որ բոլշևիկները դեռևս տարված էին համաշխարհային հեղափոխության սին գաղափարներով` ի դեմս Թուրքիայի երազում էին Արևելքի մուսուլմաններին հեղափոխական դաշտ բերել: Այդ բարեկամության վերջը հենց սկզբից էլ պարզ էր Թուրքիայի համար: Միայն բոլշևիկներն էին, որ մինչև վերջին պահը հավատում էին Աթաթուրքի հեղափոխական հայացքներին, թեկուզ հենց սկզբից էլ Աթաթուրքը հայտարարել էր, որ իրենց հետաքրքրում է ոչ թե բոլշևիզմի գաղափարախոսությունը, այլ Թուրքիայի շահը:


Այդ շահից ընդհանուր հայտարարում տուժեց միայն հայ ժողովուրդը (ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական առումով), ու ամենաողբալին` Արևելյան Հայաստանի մի հսկայական տարածք զիջվեց Թուրքիային և որպես վերադիր այդ ամենին` Նախիջևանի ինքնավար մարզը որպես պրոտեկտորատ հանձնվեց Ադրբեջանին: Կարսի պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց Թուրքիան կողմնորոշվեց դեպի Արևմուտք, իսկ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական երկու միլիոն սվին պատրաստ էր հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա, և միայն ֆոն Պապենի շատախոսությունը ժամանակավորապես հետաձգեց Թուրքիայի գիշատչական ախորժակը: Թե ինչ է ասել Ստալինը պատերազմի վերջում կորցրած տարածքների վերաբերյալ, այսօր հայտնի է ամենքիս: Ռուսները միշտ երազել են Թուրքիան իրենց եթե ոչ դաշնակիցը, գոնե ֆորմալ բարեկամը դարձնել: Բայց ավա՜ղ: Արևմուտքի այդ անհավատարիմ շունը միշտ խաղացել է նրանց հետ և հաճախ ռուսներին որպես դագանակ օգտագործել է Արևմուտքի հետ իր խաղում: Հիշենք ոչ վաղ անցյալում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը և այդ կապակցությամբ Պուտինի կատաղած ելույթը: Մի որոշ ժամանակ այդպես էլ լարված մնացին այդ հարաբերությունները, մինչև Թուրիքիան կատարեց իր «բարեկամական» ժեստը, ոչ միայն ներողություն խնդրեց կատարվածի համար, այլև սիրով ընդառաջեց Ռուսաստանին` իր տարածքով ռուսական գազը արտահանել Եվրոպա: Այսօր ռուս-թուրքական հարաբերություններում կարծես ամեն ինչ լավ է: Ռուսաստանը բարեկամ է, իսկ Արևմուտքը, ԱՄՆ-ը` ոչ բարեկամներ: Չգիտեմ ով ինչպես է հակված գնահատելու ռուս-թուրքական բարեկամությունը, բայց իրականում Թուրքիան այդ ջերմացմամբ փորձում է սիրաշահել Ռուսաստանին, չէ՞ որ 2021-ը սարերի հետևում չէ: Ընդամենը երկու տարի և կլրանա ռուս-թուրքական բարեկամության Կարսի պայմանագրի 100-ամյակը: Այն պետք է վերանորոգվի, և հավատացած եմ, որ վերանորոգումից հետո Թուրքիան ինչպես նախկինում է եղել, կթքի այդ բարեկամության վրա: Ասեմ, որ Պուտինը Լենինից խելոք չէ: Աթաթուրքը կարողացավ հիմարացնել Իլյիչին: Տա Աստված, Պուտինը չհայտնվի այդ դերում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Երբ կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որին իբր մասնակցել էր նաև Հայաստանը, պետք է ասել, որ Հայաստանը թեև արդեն խորհրդայնացված, անկարող էր ազդելու պայմանագրի ելքի վրա: Այն ժամանակ խորհրդային Ռուսաստանը իրական տերն էր հողային այն տարածքների, որոնք զիջում էր Թուրքիային: Այսօր` գրեթե 100 տարի հետո, Ռուսաստանի մասը չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Նախիջևանը և ո՛չ էլ զիջված Արևելյան Հայաստանի տարածքները: Այստեղ տեղին հարց է առաջանում. Ռուսաստանը կարո՞ղ է, նորից իրավունք ունի՞ զիջելու Թուրքիային այն, ինչի տերը չէ ինքը: Հին լատինական ասացվածքն ասում է` ոչ ոք չի կարող տալ ուրիշին ավելի շատ իրավունք, եթե ինքը դա չունի: Այդ իրավունքը Ռուսաստանն այսօր ունի՞, թե՞ ոչ: Կարծում եմ` չունի: Մեր դիվանագիտության անելիքն է Ռուսաստանին, որպես դաշնակցի հասկացնել և դուրս հանել այդ խաղից ու ակտիվ պայքարել այդ պայմանագրի վավերացման դեմ: Այսինքն, եթե Ռուսաստանը կամավոր դուրս է գալիս խաղից որպես կողմ, այնտեղ մնում են Ադրբեջանն ու Վրաստանը: Վրաստանը որպես կողմ ոչինչ չի զիջել Թուրքիային, Ադրբեջանը ոչ միայն չի զիջել, այլև ապօրինի հարստացել է: Եթե Ռուսաստանը չի վավերացնում արդեն իր դարն ապրած պայմանագիրը, մեր հետագա քայլերի ընթացքը կորոշվի նման պայմաններում գործող միջազգային իրավունքով, թեպետ հանուն ճշմարտության ասենք, որ նման գործընթաց, մի կողմի չվավերացումը ինքնին կբերի երևի նրան, որ Թուրքիան առանց որևէ միջազգային իրավական ակտի պիտի շարունակի օկուպացնել մեկ ուրիշ պետության (տվյալ դեպքում մեր) տարածքը: Ռուսաստանի չվավերացման դեպքում անորոշ է դառնում նաև Նախիջևանի ճակատագիրը: Թող որևէ մեկը ցույց տա միջազգային իրավունքից մեկ օրինակ, որտեղ պրոտեկտորատը իր տարածքը տրամադրում է որպես ռազմաբազա իրեն հովանավոր երկրի դեմ: Որպեսզի Ադրբեջանին Ռուսաստանը զրկի ինքնուրույն խաղացողի կարգավիճակից, պետք է գնա այդ պայմանագրի չվավերացման ճանապարհով:

Դիտվել է՝ 11524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ