Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արսեն Թորոսյանի նկատմամբ ԱԱԾ ներկայացվածը միանգամայն սպասելի էր

Արսեն Թորոսյանի նկատմամբ ԱԱԾ ներկայացվածը միանգամայն սպասելի էր
05.04.2019 | 03:51

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Դա միանգամայն սպասելի էր, քանի որ նախարարը և նախարարությունը վաղուց անցել են թույլատրելիի սահմանը և վտանգում են Հայաստանի բնակչության մի ստվար հատվածի առողջությունը։

Դեռ 2018 թ. դեկտեմբերի 14-ին մենք հանդես եկանք «Եթե Փաշինյանը հետևություններ չանի իր կադրային քաղաքականության աղաղակող սխալներից, ապա...» վերտառությամբ հոդվածով , որը, ցավոք, անտեսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արդեն մենք խոսում ենք այդ անտեսման հետևանքների մասին։


2019 թ. մարտի 22-ին բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և ՀՀ քաղաքացի, ծնող Հայկ Այվազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով կատարված ու կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ։ ԱԱԾ տնօրենին ուղղված հաղորդման մեջ մասնավորապես նշված է.
«2016 թվականի մարտի 17-ին, ՀՀ Կառավարության N10 որոշման համաձայն հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը։ Որոշման հավելված 3-ի համաձայն Մարդու պապիլոմավիրուսի (այսուհետ` ՄՊՎ) դեմ պատվաստանյութի ներարկումը կատարվելու է միայն 13 տարեկան աղջիկներին։ Հայտարարվել է, որ ՀՀ տարածքում կիրառվելու է «Գարդասիլ-4» պատվաստանյութը։ 2019 թվականի հունվարի 28-ին «Ազատություն» հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ «… մեր նման երկրները պետք է ներդրում ունենան և մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…»: Տե՛ս 20-րդ րոպեից:


2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է «Մարդու Պապիլոմավիրուսային Վարակի Դեմ Պատվաստումային Գործընթացի Բարելավման և Պատվաստումային Տարիքի Ընդլայնման Մասին» 194-Ա հրամանը, ըստ որի ընդլայնվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (ըստ ստորև ներկայացվող տեսանյութի
Վերոնշյալ տեսանյութի հավաստիությունը փաստում է 12.03.2019-ին «Բուժ Ինֆո» հաղորդման շրջանակներում կատարված հայտարարությունն այն մասին, որ ՄՊՎ դեմ պատվաստման կարող են դիմել «14 – 45 տարեկան բոլորը»։ (Տե՛ս 23-րդ րոպեից) Թեև հրապարակումներից հայտնի է դարձել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 29-ին տվել է 194-Ա հրամանը, այնուամենայնիվ տեսանյութի հրապարակման օրվա դրությամբ այդ հրամանը բացակայել է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքէջից։ Միաժամանակ, ըստ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագրի այն ցուցված է 9-26 տարեկան անձանց (էջ 1) և ցուցված չէ 27 տարեկանից բարձր անձանց (էջ 11):


Պարենի և դեղերի գործակալության (FDA) պաշտոնական կայքում 02.05.2018-ին հրապարակվել է վերջին թարմացումը «Գարդասիլ-4»-ի տարիքային ցուցումների վերաբերյալ, որը ներառում է 9-26 տարեկան հասակը։
«Գարդասիլ» պատվաստանյութը համացանցում ակտիվ գովազդում են մի շարք անհատներ, իսկ «Գարդասիլի» գովազդը ՀՀ-ում արգելված է։
«Գովազդի մասին» ՀՀ օրենք – Հոդված 15, 7-րդ կետի 71, 72 ենթակետեր «Դեղերի մասին» ՀՀ օրենք – Հոդված 28, 2-րդ, 4-րդ, 8-րդ կետեր։
Կան քաղաքացիներ, ովքեր գովազդի հետ համատեղ «Գարդասիլը» ներկայացնում են որպես հակաքաղցկեղային և կյանք փրկող պատվաստանյութ։ Միաժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում տարածում են տագնապ առաջացնող տեղեկատվություն ՄՊՎ «վնասակար ազդեցությունների» մասին։
Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր նկարագրի մեջ նշված է, որ «Գարդասիլ-4»-ը նախատեսված չէ քաղցկեղի բուժման համար։
2019 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակվել է «Ընդլայնվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է տարիքային շեմի ընդլայնման մասին` առանց նշելու, որ դա վերաբերում է միայն «Գարդասիլ-9»-ին, այլ ոչ «Գարդասիլ-4»-ին։ Այսպիսով, բնակչությանը տրամադրվում է ապատեղեկատվություն։


2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը նվեր է տվել «Գարդասիլ-4»-ի 32400 դեղաչափ, որից ծախսվել է շուրջ 2000 դեղաչափ։ Մնացած շուրջ 30000 դեղաչափ Գարդասիլի պահպանման ժամկետը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (Տե՛ս փաստաթուղթ N1)»:
Արթուր Վանեցյանին հանցագործության մասին հաղորդմամբ դիմած անձինք ԱԱԾ տնօրենին տեղեկացրել են, որ 2018 թ. հունիսի 20-ին Մարինա Խաչատրյանի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2019 թ. ձեռք է բերվելու «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ, որի յուրաքանչյուր սրվակի համար պետական միջոցներից վճարվելու է 4,5 ԱՄՆ դոլար (Գարդասիլ-4-ի շուկայական գինը մոտ 100 ԱՄՆ դոլար է) (տե՛ս փաստաթուղթ N2)։
«2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետում նշվում է. վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունների կրճատում` նվազագույնը 30 %-ով (մինչև 2015 թ.),- նշված է հիշյալ հաղորդման մեջ։- ՀՀ ԱՆ «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» 2014 թվականի բուժաշխատողների համար ազգային ուղեցույցի նախաբանում նշվում է, որ լայնածավալ սքրինինգային հետազոտությունների իրականացումը հնարավորություն կընձեռի կանխարգելել քաղցկեղը։ Իսկ էջ 10-ում նշվում է, որ առկա բազմաթիվ սքրինինգային թեսթերի միջոցով հնարավոր է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը։


Մինչդեռ 2005-ից ՀՀ-ում ներդրված և տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը պատշաճ չկատարելու արդյունքում ավելացել է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը։
ՀՀ ԱՆ-ն 2017-ին հրապարակել է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ազգային ուղեցույց»։ Այստեղ նշված փաստերից ցանկանում ենք առանձնացնել հետևյալ դրույթները. ոչ բոլոր մարդիկ են վարակվում ՄՊՎ-ով, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են և ՄՊՎ-ն դրանցից մեկն է։ Վարակվածների 70-90 %-ը ինքնաբուժվում է (էջ 11): ՄՊՎ վարակի ձեռքբերման և ինվազիվ քաղցկեղի առաջացման միջև ժամանակահատվածը սովորաբար 20 տարի է կամ ավելի երկար (էջ 12): Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութը շուկայում առկա է 2006-ից»։
Հաշվի առնելով վերոգրյալը, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Մարինա Խաչատրյանն ու Հայկ Այվազյանը հանգել են հետևյալ եզրակացություններին՝
«ՀՀ առողջապահության նախարարը 2019-ի հունվարի 29-ին ստորագրել է 194-Ա հրամանը (ըստ ներկայացված տեսանյութի), որը չի հրապարակվել ԱՆ պաշտոնական կայքում և, հետևաբար, պահվել է հանրությունից գաղտնի։


ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ավելացվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (14-45 տարեկան), ինչը նախատեսված չէ «Գարդասիլ-4»-ի ընդհանուր նկարագրով (9-26 տարեկան) ու պարենի և դեղերի գործակալության (FDA) հրապարակումներով։
Տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ հրապարակում են ապատեղեկատվություն, տագնապ առաջացնող տեղեկատվություն և «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ։
Թեև 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամը ՀՀ-ին տրամադրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի ողջ խմբաքանակը չի իրացվել և այն ունի պահպանման ժամկետ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ը, այնուամենայնիվ, պետական միջոցներով ձեռք է բերվում «Գարդասիլ-4» պատվաստանյութի նոր խմբաքանակ։


2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետի համաձայն վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները մինչև 2015 թիվը պետք է կրճատվեին նվազագույնը 30 %-ով։ Սակայն ըստ ՀՀ ԱՆ հրապարակած տվյալների արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացել են։ Հետևաբար, վերոհիշյալ` ՀՀ Կառավարության հաստատած ռազմավարության պահանջը չի կատարվել, իսկ ռազմավարության իրականացման համար հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային։


Ելնելով վերոգրյալից պահանջում ենք կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են այս ապօրինությունների համար»։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ