Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիշիր, որ դու մահկանացու ես

Հիշիր, որ դու մահկանացու ես
14.06.2019 | 10:32

Կառքը սլանում էր քառատրոփ: Ձիերի վրա ոսկեզօծ դիպակը փայլփլում էր Իտալիայի խելահեղ գեղեցիկ երկնքի տակ, ոսկե զանգերը անդադար ղողանջում էին: Կեսարի ճերմակ՝ ոսկեգույն եզրազարդերով, տոգան քամուց սավառնում էր նրա շուրջ՝ զանգերի ղողանջի հետ: Viva Caesar` թնդում էր Ապիյան ճանապարհը, որով Հռոմ էր մտնում տրիումֆատոր Հուլիոս Կեսարը՝ գալլական պատերազմում հաղթելուց ու Ռուբիկոնն անցնելուց հետո: Բացարձակ ու անվերապահ հաղթանակը վազում էր նրա հետևից՝ հազիվ հասցնելով դիպչել ճերմակ ոսկեզարդերով տոգայի քղանցքին: Եվ միայն կառքում նրա կողքին կանգնած ստրուկը պարբերաբար շշնջում էր ականջին՝ «Հիշիր, որ դու մահկանացու ես»: ՈՒրիշ ոչ ոք իրավունք չուներ Կեսարի կողքին լինել: Այդպես էր պահանջում ավանդույթը: Եվ ստրուկի միակ գործը Կեսարին կրկնելն էր. «Հիշիր, որ դու մահկանացու ես»: Առանձնապես պետք չէր հիշեցնել: Հռոմ հաղթական մուտքից հետո նրա առաջին քայլը Սենատում Հողային օրենսգիրքը ընդունելն էր, որ ծառայությունը տարիքի պատճառով թողնող լեգեոներներին ապահովում էր հողով, իսկ Հռոմեական կայսրության անծայրածիր տարածքների բնակիչներին՝ հողի վրա աշխատանքով: Երկրորդ քայլով Կեսարը սկսեց վերակառուցել Հռոմը՝ լեռնային աղբյուրների մաքուր ջուրը քարե խողովակներով Հավերժական քաղաք բերելով ու ջրանցք փորելով, որ Հռոմը միանա ծովին, ու հացահատիկը քաղաք հասցնելը խնդիր չլինի: Պատերազմում հաղթելուց հետո Հուլիոս Կեսարը այլ ելք չուներ՝ պիտի հաղթեր խաղաղության մեջ: Նա հիշում էր, որ մահկանացու է, իսկ հավերժական է միայն Հռոմը: Այսինքն՝ Հայրենիքը, որ իրեն շնորհել էր «Հայրենիքի հայր» տիտղոսը:


Իսկ մենք հիշու՞մ ենք, որ մահկանացու ենք: ՈՒ կարիք չունե՞նք մեկի, որ միշտ մեր ականջին շշնջա. «Հիշիր, որ դու մահկանացու ես»:
Կարծում եմ՝ ոչ: Համենայն դեպս՝ եզրակացությունների մակարդակում մենք այդ գիտակցությունը չունենք՝ հայրենիքի հավերժության ու մեր մահկանացու լինելու:
Հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ էին, ուշադրության կենտրոնում Աբովյանի քաղաքապետի ընտրությունն էր, գործող քաղաքապետը վերընտրվեց՝ հաղթելով ՔՊ թեկնածուին, ում ընտրարշավին հունիսի 5-ին միացել էր վարչապետը: Իրադարձությունը որակվեց տիեզերական աղետ՝ խորագնա եզրակացությունների հենք դառնալով:


Նիկոլ Փաշինյանը գնահատեց. «Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է»: «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ-ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»:


Արժանապատիվ գնահատական է: Բայց փաստացի՝ այդ գնահատականի մեջ ՔՊ իրական նախագահը ՔՊ-ում մնացել է մենակ: Նախ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ դա ԲՀԿ-ի հաղթանակը չէր, այլ Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունը: Եվ՝ «Լոգիկայից դուրս է նախկին 20-25 տարիների դեմ մեր պայքարը, երբ իշխող ուժը կարևորագույն քաղաքներից մեկում պարտվում է»: Հետո հայտնի դարձավ, որ ՔՊ-ում շատ մեծ դժգոհություն կա ժողովրդավարությունից: ՔՊ-ականները կարծում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ: ՈՒ նույնիսկ պաշտոնյաներին վիրավորանքը քրեականացնելու օրինագիծ են առաջարկում:
Որ ցանկացած ընտրության արդյունքները պետք է գնահատել ու հաշվի առնել, աներկբա է: Խնդիրը եզրակացությունն է:

Փաստացի՝ ՔՊ-ն պատճառը որոնում է ոչ թե իր մեջ, այլ շարունակում է ֆետիշացնել «նախորդ հանցավոր ռեժիմը» և սկսում է մեղադրել ժողովրդին, որ բավարար ժողովրդավար չէ՝ ժողովրդավարական իշխանություն ունենալու համար և «ուժեղ ձեռք է պետք»: Այսինքն՝ բռնապետությու՞ն: «Թավիշի» փոխարկում «երկաթի՞»: Այդքան կա՞րճ է հեղափոխականների պահեստային նստարանը: Բացի այդ՝ մամուլում լուրեր եղան, որ ՔՊ-ն ուներ Աբովյանի քաղաքապետի 2 թեկնածու՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանի: Ընտրվել է մարզպետի թեկնածուն ու հիմա ՔՊ-ն պատրաստվում է քննարկել ... Սասուն Միքայելյանի հարցը, որ «չի աշխատել» Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուի համար: Ի՞նչ պիտի աներ Սասուն Միքայելյանը՝ գնար-քվեարկե՞ր, թե՞ ընտրակեղծիքների դիմեր:
Ինչու՞ է ՔՊ-ն ծանր տանում իր պարտությունը ընդամենը մեկ քաղաքում և ինչու՞ չի քննարկում, որ համարյա կես տարի վարում է ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հերոսացման գործընթաց, որի հետևանքներից մեկը Աբովյանի քաղաքապետի վերընտրությունն է։ ՈՒ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, պաշտպանությունն ու հակադրությունը ՔՊ-ն առաջին հերթին իր ներսում պիտի պարզի, հետո որոնի հասարակության մեղքը: ՔՊ-ում շատ շուտ մոռացան, որ իրենց 70-տոկոսանոց հաղթանակն ԱԺ արտահերթ ընտրություններում ստացել են ընտրությունների մասնակիցների 44 տոկոսից միայն: Եվ ստացան ոչ թե իրենք, այլ վարչապետը: Օրեցօր ակնհայտ է, որ 2013-ին ստեղծված ՔՊ-ի կենսագրությունը չի բավարարում կայացած ու իշխանության պատրաստ, խելամիտ քաղաքական ուժ լինելուն: Նրանք լավն են հաղթելիս, պարտվելիս դառնում են խռովկան երեխա, որ խաղալիքը կորցրել կամ կոտրել է:


Փաստացի՝ խաղալիքի սկզբունքով էլ վերաբերվում են իշխանությանը, համարելով, որ բացարձակ իրավունք ունեն ամեն ինչ ու ամենքին վեթինգելու՝ հաշվի չառնելով ռեալ իրավիճակը և իրենց քայլերի հետևանքները: Օրինակ՝ եթե պարզվի, որ տարաբախտ դատավորներից մի քանիսը միայն վեթինգով չեն անցնի, ու ամբողջ աղմուկը փոթորիկ էր մի բաժակ ջրում, ի՞նչ պիտի ասեն հետվեթինգային շրջանում: Ռուբեն Կարանզային կանչեն, որ աֆրիկյան երկրների օրինակով բացատրի՝ ինչ հետամնաց ենք, բայց տեղյակ չե՞նք։
Ո՞վ պիտի բացատրի կրկնակի ստանդարտների պատճառը, երբ «գլուխ ցխելու» սպառնալիքում մի դեպքում՝ Ջիվան Գասպարյանի, հանցակազմ չկա, մեկ այլ դեպքում՝ Արթուր Դանիելյանի, որ կրկնում է նրա ասածը, այնքան մեծ սպառնալիք կա, որ ձեռնաշղթաներով բերման է ենթարկվում՝ մեղադրանքով, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Եվ՝ երկու ժամից ազատ է արձակվում: Այսինքն՝ վարչապետի նկատմամբ սպառնալիքը հե՞չ, թե՞ սպառնալիք չէր: Որտե՞ղ է տրամաբանությունը:


Կա՞ տրամաբանություն, որ ՀՀ վարչապետի պահանջով Արցախում պաշտոնանկություններ են լինում: Ճիշտ է՝ հրապարակավ երկու կողմից էլ հերքվում է, որ նման պահանջ է եղել: Բայց փաստը մնում է փաստ, որ Վիտալի Բալասանյանն այլևս ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը չէ: Պաշտոնական բացատրությունը՝ պատրաստվում է նախագահական ընտրություններին, որ 2020-ի մարտի 31-ին են: Այսինքն՝ ինչպես Հայաստանում Գագիկ Ծառուկյանի դեպքում, այնպես էլ Արցախում՝ Վիտալի Բալասանյանի դեպքում, Նիկոլ Փաշինյանն իր քայլերով նպաստում է նրանց ապագա հաղթանակի՞ն: Վերադասավորումներն Արցախում վկայեցին, որ Բակո Սահակյանը Հայաստանի իշխանության հետ խաղաղության ճանապարհներ է որոնում, բայց չի պատրաստվում հանձնվել՝ օրինակ, ՊՆ նախկին ու արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանին ոստիկանապետ նշանակելով: Վիտալի Բալասանյանը տարբեր պատճառներով համարվում է հին համակարգի թեկնածու, բայց թիկունքում ունի ոչ միայն առաջին պատերազմում Արցախի հերոս լինելը, այլև 2016-ի քառօրյայում ընթացք բեկելու փաստը: ՈՒ ակնհայտ է, թե նրա՝ Արցախի նախագահ լինելուն, ներսում ու հատկապես դրսում ովքեր ու ինչու են դեմ: Զարմանալի չի լինի, եթե Արցախի նախագահի հրաժարական տված խորհրդական Արթուր Աղաբեկյանը ևս առաջադրվի նախագահի թեկնածու: Տրենդ է: Մնում է հրաժարական տա Սամվել Բաբայանը, բայց նա փոխարենը ստորագրահավաք է անում սահմանադրական բարեփոխումների պահանջով, որ կարողանա առաջադրվել: Այսինքն՝ կարևոր չէ, թե փոփոխությունը, եթե ընդհանրապես կատարվի, ինչ հետևանքներ կունենա, կարևոր է, որ Սամվել Բաբայանը գրանցվի նախագահի թեկնածու: Օրենքով կամ սադրանքներով: Ոնց կստացվի: Չէ՞ որ հիմա բոլորը հայրենասեր են: ՈՒ հանուն Սամվել Բաբայանի կպահանջեն, որ Արցախը միանա Հայաստանին կամ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Հետևանքների մասին թող Ալիևը մտածի: Սամվել Բաբայանը մտածել է՝ առաջարկել է Արցախի կառավարումը հանձնել «ռուսական մանդատին»։ Հետո էլ՝ Հայաստանի հարցը կգա:


Հայաստանի մասին: Ավելի ստույգ՝ ՀՀ նախագահի: Թվում է՝ նա միակ մարդն է, որ գիտի ինչ է անում ու ինչու է անում: Եվ անշեղ գնում է իր ճանապարհով՝ որքան էլ փորձում են ներքաշել ավանդական, պրիմիտիվ մուտիլովկաների մեջ: Ինքնին հասկանալի է՝ որ Սահմանադրությամբ երկրի գլուխ լինելը, անձնական ու քաղաքական կապեր ունենալն աշխարհաքաղաքական կենտրոններում ու աներեր հեղինակությունը, խորհրդարանական կառավարման մոդելով՝ զրկված լինելով հանդերձ պետության կառավարմանն անմիջական մասնակցությունից, Արմեն Սարգսյանի հետհեղափոխական կյանքը խոցելի էր դարձնելու: ՀՀ նախագահը ստանձնել է հայերին համաշխարհային ազգ, Հայաստանը նոր որակներով աշխարհին ճանաչելի դարձնելու գործը ու անում է հնարավորը: Դիլիջանում կազմակերպված «Մտքերի գագաթաժողովը» փայլուն օրինակ էր, երբ տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գիտնականներ, ձեռներեցներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ քննարկում էին մոլորակի ներկա ու ապագա մարտահրավերները: Ճիշտ է՝ գտնվեցին մարդիկ, որ Հայաստանին օգուտ չտվող ապարդյուն ծախս անվանեցին գագաթաժողովը, բայց նրանք աշխարհին նայում են իրենց փակ պատուհանից, ու ոչ ոք մեղավոր չէ, որ ամենուր պատ են տեսնում: Արմեն Սարգսյանը քանդում է պատերը, որ Հայաստանը ներկայանա երկիր, որտեղ զարգանում են գիտությունը, մշակույթը, տնտեսությունը, երկիր, որ բաց է աշխարհի առաջ և ուզում է ապրել քաղաքակիրթ կյանք: Հետո ինչ, որ դա մեր այսօրը չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մարկոս Պորցիոս Կատոն Ավագը բոլոր ելույթները Հռոմի Սենատում ավարտում էր նույն նախադասությամբ՝ «Իսկ Կարթագենը պետք է կործանվի»։ Սցիպիոն Աֆրիկացին պունիական երրորդ պատերազմում հաղթեց Հաննիբալ Համիլկար Բարկային, Կարթագենը կործանվեց, տեղը աղ ցանվեց: Բայց Կատոնը չէր ասում՝ ինչ պիտի լինի Կարթագենը կործանելուց հետո: Հայաստանում հիմա Կատոնի դար է՝ բոլորը գիտեն՝ ինչն է պետք կործանել, ոչ ոք չի ասում՝ ինչ ու ինչպես կառուցել: Հիշեցնեմ՝ Հաննիբալին հաղթած ու Կարթագենը կործանած Սցիպիոն Աֆրիկացուն Հռոմը շնորհակալ եղավ շատ կարճ ժամանակով, հետո շնորհազրկեց: Կարթագենը նորից կառուցվեց ու դարձավ Հռոմի Միջերկրածովյան ամենամեծ նավահանգիստը, այդ ժամանակ Կատոնն արդեն չկար: Ո՞րն է մեր «Կարթագենը»` «նախորդ հանցավոր ռեժի՞մը», «քրեաօլիգարխիկ համակա՞րգը», ԶԼՄ-նե՞րը, համակա՞րգը, անձի՞նք, թե՞ մտածողության կարծրատիպերը: Ո՞ր Կարթագենը պիտի ավերվի ու նորը կառուցվի: Հիմա ամեն մեկս մի Կատոն՝ գնում ենք Կարթագենը կործանելու ու հատկապես աղ ցանելու, որ ոչինչ չաճի: Խաղաղության համար տալիս ես՝ ինչ ունես, հետո պատերազմում ես, որ ապրես: Պունիական պատերազմներից առաջ էլ, հետո էլ անհայտ զինվորին ու հայտնի զորավարին նույն հողին են հանձնում: Կարթագենը երբեք չի կառուցվի, եթե ներքին պատերազմդ չես ավարտել ու չես հաղթել Կատոնին քո ներսում: Եվ համենայն դեպս՝ հիշիր, որ դու մահկանացու ես:

Դիտվել է՝ 2544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ