Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս կառավարության գործունեության ծրագիրը բոլոր կառավարությունների համեմատ ամենաանորոշն էր»

«Այս կառավարության գործունեության ծրագիրը բոլոր կառավարությունների համեմատ ամենաանորոշն էր»
21.06.2019 | 00:44

Այս շաբաթ խորհրդարանում ներկայացվեց 2018-ի բյուջեի կատարողականը։ Իշխանական ճռճռան խոսքերից անդին կա նաև արտախորհրդարանական ուժերի տեսակետ, որը հակառակի մասին է փաստում՝ տնտեսական խնդիրները վերհանելով։ Նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական այսօրվա հիմնախնդիրներին։

-Մարդիկ գնացին իշխանափոխության հստակ ակնկալիքով` իրենց կյանքն ավելի բարեկեցիկ կդառնա։ Մեկ տարի հետո տնտեսությունն ի՞նչ վիճակում է, մարդկանց լավ ապրելու սպասումն ինչ-որ չափով իրականացա՞վ։ Ո՞րն է պատճառը, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը հասարակությանը տեսանելի չէ։
-Եթե հակիրճ ասենք, ապա տնտեսական քաղաքականության տեսլականի բացակայությունն է պատճառը։ Ոչ միայն տեսլական չկա, այլև ճանապարհային քարտեզ էլ գոյություն չունի։ Երբ 2018-ի հունիսին քննարկվում էր կառավարության գործունեության ծրագիրը, որպես տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ելույթ եմ ունեցել և փաստել, որ այս ծրագրում անգամ շոշափելի ապագային միտված ցուցանիշներ չկան։ Ասում էին, թե սա ժամանակավոր կառավարություն է, որին դեմ եմ. չի կարող ժամանակավոր կառավարություն լինել, որովհետև մեր երկիրն այնպիսի պայմաններում է, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։ Դեկտեմբերի 9-ից հետո էլ կառավարության ծրագիրը խիստ քննադատության ենթարկվեց, ընդ որում, նույն թեզերով և որակումներով, ինչպիսին ժամանակին ընդդիմությունը քննադատում էր Կարեն Կարապետյանի ծրագիրը։ Մինչդեռ ես չեմ հիշում կառավարության որևէ ծրագիր, որ այդչափ պատասխանատու, ոլորտ առ ոլորտ, տարի առ տարի ներկայացներ խնդիրները, դրանց հասնելու ժամանակացույցը, ինչպիսին Կարեն Կարապետյանի ծրագիրն էր։ Սակայն նրա ծրագիրը շատ կոշտ քննադատության էր արժանանում։
Այս կառավարության գործունեության ծրագիրը բոլոր կառավարությունների համեմատ ամենաանորոշն էր, որևէ պատասխանատվություն իրենից չէր ենթադրում։ Ծրագիրն այնպես էր գրված, որ կարող էին ցանկացած պահի ասել, որ այն կատարել են։ Օրինակ, էապես նվազեցնել աղքատությունը։ Ո՞րն է էապեսը։ Կարող են 1 տոկոս կրճատել և ասել, որ դա «էապես» է։ Եթե հանրային սպասումների մասին ենք խոսում, գոնե պետք է որոշակի ցուցանիշներ արձանագրվեին։ Այսօր մենք զրկվել ենք կառավարության ծրագիրը գնահատելու հնարավորությունից։ Իր իսկ գործողությունները գնահատելու համար նույնիսկ կառավարությանն են պետք որոշակի ցուցանիշներ։ Սա անհրաժեշտ է նախ վարչապետին, որ իր կառավարության աշխատանքը կարողանա օբյեկտիվորեն գնահատել` իր թիմը լա՞վ են աշխատեց, թե՞ վատ։ Եթե անգամ արձանագրում էին, որ օրինակ, 40 տոկոս մատչելիություն կապահովեն կենսաթոշակառուների համար, բայց ստացվել է 35 տոկոս, հավատացնում եմ, հանրությունն էլի գոհ կմնար, որովհետև ջանքեր են գործադրել, բայց իրենց ցանկացած թիվը չեն ստացել։ Բայց երբ ընդհանրապես ոչինչ չեն նշում, հասկանալի չէ, թե ինչպես պետք է հաջողություններ արձանագրելու համար շահագրգիռ լինեն։ Հեղափոխական էյֆորիայով պայմանավորված այնպիսի մեծ խոսոտումներ էին տվել, որ դրանք ցուցանիշի վերածելն ուղղակի անիրականանալի կլիներ, դրանից խուսափելու համար ընդհանրապես ձեռնպահ մնացին ցուցանիշներ նշելուց։ Բայց սա չի նշանակում, որ այնտեղ ցուցանիշներ ընդհանրապես չկան, պարզապես դրանք խիստ անբավարար են։
-Ցուցանիշներ չներկայացնելը պատասխանատվությունից խուսափելու ձև՞ է, որ հանրությունը ինչ-որ պահի չասի, թե այս-այս խոստումները տվեցիք ու չկատարեցիք։
-Այո, մեծ խոստումներ են տալիս, իշխանություն են դառնում ու հասկանում, որ դրանք երբեմն անիրականանալի են, դրա համար խուսափում են կոնկրետությունից, պատասխանատվությունից։ Անորոշ ու լղոզված ցուցանիշները միշտ կարելի է յուրովի մեկնաբանել։ Իսկ եթե հանրային մեծ վարկանիշ էլ ունես, ավելի հեշտ է այս ամենին հավատալը։
-Հենց հանրային մեծ վարկանիշ ունեցող այս կառավարությունը կարող էր տնտեսությունում արմատական, կտրուկ բարեփոխումներ անել, որի համար ոչ մեկը նրան չէր քննադատի։ Ինչու՞ չօգտագործեցին այդ մեծ հանրային ռեսուրսը՝ իրական փոփոխությունների գնալու համար։
-Խորքային, երբեմն ցավագին բարեփոխումներ իրականացնելու լավագույն հնարավորություն ունեցող կառավարությունը Նիկոլ Փաշինյանինն է։ Ոչ մի կառավարություն այսպիսի ջերմոցային պայմաններում չի եղել, այսքան հանրային վստահության, մեծ հենարան ԱԺ-ում չի ունեցել, կառավարության ոչ մի ղեկավար այսչափ վստահություն չի վայելել։ Ավելին, ոչ մի կառավարություն քաղաքական առումով այսչափ անատամ ընդդիմություն չի ունեցել։ Քաղաքական լուրջ, ազդեցիկ ընդդիմախոսներ այս կառավարությունը չունի և խորհրդարանում, և խոհրդարանից դուրս։ Սրանից լավ հնարավորություն որևէ կառավարություն երբևէ չի ունեցել։
-ՈՒրեմն ինչու՞ չեն անում։
-Պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս կա։
-Կադրե՞րը լավը չեն։
-Այո։
-Ինչու փորձառու մասնագետներին, պրոֆեսիոնալներին չեն ներգրավում կառավարման համակարգ։ Այսօր մենք լրիվ այլ գործընթացի ականատեսն ենք, երբ բարձր պաշտոնի են նշանակվում անգամ մեկ տարվա աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներ, որոնց ամենամեծ «արժանիքը» նրանց հաշվեհամարին կլորիկ գումարների առկայությունն է։
-Իրենք իրենց համար ստեղծել են մի փակուղի, թակարդ, որի մեջ հայտնվել են ու չեն ցանկանում դուրս գալ։ Անվերապահ բոլոր նախկինները վատն են, հանցագործ են։ Բայց չէ՞ որ այդ նախկինների մեջ շատերն ազգանվեր գործեր են արել, օրինապաշտ են, պրոֆեսիոնալ են։ Պրոֆեսիոնալիզմը ձեռք են բերում ոչ միայն կրթական համակարգերում, այլև աշխատանքի ընթացքում։ Նախկինների մեջ կան շատ լուրջ պրոֆեսիոնալներ, բայց այս կառավարությունը դրանից արդեն իրեն զրկել է։ Այսօրվա կառավարության կազմում էլ նախկիններն են, բայց ցավոք, ոչ ամենապրոֆեսիոնալները կամ թիմային աշխատանքը նրանց մոտ գուցե չի ստացվում։ Այսօր կարելի է ամեն ինչ ասել նախկինների մասին, բայց պետք է ընդունել մեկ բան. եթե այս երկրում քարը քարին է դրվել, եղել է նախկինների ժամանակ։ Շատ եմ ցավում, որ նախկիններին չհաջողվեց հանրային կյանքի արատները՝ կոռուպցիա, հովանավորչություն, որը սկսվել է դեռևս 90-ականներից, արմատապես փոխել, սակայն կարող եմ ցանկացածի հետ բանավիճել, որ այս առումով լուրջ քայլեր արվել են։
-Տնտեսության թթվածինը ներդրումներն են։ Սակայն այս առումով էլ վիճակը հուսադրող չէ, ներդրումները մեր երկրում ավելանալու փոխարեն կրճատվել են։ Սա ինչո՞վ է պայմանավորված, չէ՞ որ, ինչպես գործող իշխանությունն է ասում, համակարգային կոռուպցիան վերացել է, «փայ» չեն մտնում, ՀՀԿ-ն հեռացել է, ընտրություններն ավարտվել են, տնտեսական, դատական հեղափոխությունները մեր քթի տակ են։ Էլ ի՞նչ է ուզում ներդրողը։
-Մեզանում ներդրումների բացակայության համար կար մի չհիմնավորված փաստարկ, այն է՝ կոռուպցիան խոչընդոտում է ներդրումներ ներգրավելուն, ներդրողի հետ իշխանավորները փորձում են «փայ» մտնել։ Բայց պարզվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Այո, Հայաստանում կոռուպցիան պետք է հնարավորինս նվազագույնի հասցնել։ Բայց շատ երկրներ կան, այդ թվում արաբական երկները, որտեղ լավ ծաղկում է կոռուպցիան, բայց ամենամեծ ներդրումների հոսքն այնտեղ է։ Կոռուպցիան ներդրողի համար ծախս է, բայց ներդրողն անգամ կոռուպցիայից չի խուսափում, երբ դա իր համար հասկանալի և կայուն է։ Եթե այդ բոլոր ծախսերի պարագայում նրա ներդրումն ապահովում է շահույթ, ապա ներդրում կլինի այդ երկրում, եթե՝ ոչ, ուրեմն՝ ոչ։ Մեր պարագայում պոտենցիալ ներդրողը շատ ծախսեր չէր անի, բայց կա շահութաբերության խնդիր, ինչն առաջնայինն է։ Եթե շահութաբերություն չունեցավ ոլորտը, զրո կոռուպցիայի դեպքում էլ ներդրողը չի գա Հայաստան։ Այսօր ես չեմ տեսնում որևէ վերլուծություն այս ուղղությամբ։ Օրինակ, ո՞ր ոլորտներն ենք համարում գերակա ու հաշվարկե՞լ ենք, թե այդտեղ միջին շահութաբերությունը որքան է։ Եթե որևէ ներդրողի առաջարկեք 5-10 տոկոս շահութաբերություն, նա ինչու՞ պիտի գա Հայաստան, նա այդ ներդրումը կանի մերձբալթյան, արևելյան երկրներում, որտեղ փակ սահմաններ, լոբիստիկ դժվարություններ գոյություն չունեն։ Այս ամենը ենթադրում է, որ մենք շատ լուրջ վերլուծություն պետք է անենք այն ոլորտներում, որոնք կադրային ներուժ ունեն, գիտատար, նյութատար են ու պահանջում են մտավոր կարողություններ։ Այստեղ պետք է շահութաբերությունն ապահովենք և հաջողության փորձեր ներկայացնենք։
Հաջորդ էական հանգամանքը. պետք է Հայաստանը ներկայացնել աշխարհին, շատերն անգամ գլոբուսի վրա չգիտեն Հայաստանի տեղը։ Մեր տնտեսական դիվանագիտությունը զրո մակարդակում է։ Ոչ մի դեսպան այսօր տնտեսությամբ չի զբաղվում։ Խոշոր տերությունների դեսպանները փոքր Հայաստանում տնտեսական հարցերով էլ են զբաղվում, իսկ մեր դեսպանները դրսում ոչ մի աշխատանք չեն ծավալում։ Չկա ինստիտուտ, համակարգ, որը դրսում ներդրողին կներկայացնի, թե ինչպիսին է Հայաստանը։ Բացի օտարերկրյա ներդրողներից, մենք մեծ խնդիր ունենք նաև ներսի ներդրողների հետ։ Այսօր պայմաններ չենք ստեղծում նաև ներսի ներդրողի խնայողությունները ներգրավելու համար։ Միակ ինստիտուտը մնացել է պետական պարտատոմսերը։ Եթե գումար ունես խնայած, տնտեսությունում արդյունավետ ներդնելու հնարավորություն չունես։ Միայն տնտեսական հեղափոխությամբ չենք կարող աշխատատեղեր ստեղծել, քանի որ երկրում բոլորը չեն կարող բիզնեսմեն լինել։ Ասում են՝ ներառական տնտեսություն ենք փորձում ստեղծել, լավ, եթե բոլորը զբաղվեցին բիզնեսով, մեր տնտեսությունը դառնում է մրցունա՞կ։ Երբ խոսում ենք տնտեսական քաղաքականության մասին, պետք է հիշենք, որ դրա վերջնանպատակը մրցունակ Հայաստան ունենալն է։ Սա նշանակում է ունենալ արտադրական կարողություններ՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, բարձր արտադրողականությամբ, որոնց արդյունքում կձևավորվի ապրանք, որը մրցունակ կլինի դրսի շուկայում։ Տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր է առնվազն լուծել երկու կարևոր խնդիր. նախ տնտեսությունը դիվերսիֆիկացնել, այսինքն ամեն ինչ չի կարող սահմանափակվել միայն ՏՏ ոլորտով կամ թեթև արդյունաբերությամբ։ Երկրորդը՝ շուկաների դիվերսիֆիկացիա, միայն ռուսական շուկայի վրա չի կարող Հայաստանի տնտեսությունը հիմնվել, մեզ հարկավոր են և եվրոպական, և չինական, և հարավասիական, և աֆրիկյան շուկաները։
Մի էական հանգամանք ևս. մեր կառավարությունը գիտակցաբար, թե ոչ, ամեն ինչ անում է, որ երկիր ներդրողներ չգան։ Քանի դեռ դուք խոսում եք հեղափոխությունների մասին, ոչ մի պոտենցիալ ներդրող հեղափոխությունների պարագայում գումար չի ներդնի այդ երկրում։ Մոռացեք այդ բառի մասին, պատմությունը կգնահատի, թե ինչ արեցիք։ Եկել է այդ հեղափոխական հզոր ներուժը քաղաքական կապիտալի վերածելու փուլը։ Մոռացեք հեղափոխությունը, չի կարելի ամեն օր հեղափոխություն անել։ Էլ չեմ ասում, որ խորապես համոզված եմ, որ ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն է եղել։ Հիմա եկել է փոփոխություններ կատարելու շրջանը, ինչը կառավարությունը չի անում։ Երբ նայում եմ հրապարակված ցուցանիշներին, զարմանում եմ, թե ինչպես է, որ դրանք դրական միտում են ցույց տալիս, քանի որ ոչ մի ոլորտում առանձնապես ոչ մի բան չի արվել։ Եթե ինչ-որ բան էլ լավ է, ապա նախկինի իներցիայով է առաջ գնում։ Այսպես չենք կարող երկար ձգել։ Տնտեսությունը մեզանում նաև անվտանգության հարցերը լուծող ոլորտ է, այս պոտենցիալով մենք անվտանգության խնդիրներ չենք լուծի։ Ի դեպ, այս մասին ես ասել եմ նաև նախորդ իշխանություններին։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ