Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այլևս ոչ մի Օբամա ու Ջոն Քերի

Այլևս ոչ մի Օբամա ու Ջոն Քերի
26.06.2019 | 11:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին կտրուկ հայտարարություններ ու արդեն վիրավորանքներ են փոխանակում: Երբ Ռուհանին հայտարարեց, որ Սպիտակ տանը «մտավոր հետամնացություն» է, Թրամփը Թվիթերում սպառնաց «կործանարար ուժ» կիրառել Իրանի դեմ: «Ամերիկյան որևէ նպատակակետի դեմ ցանկացած հարվածի ԱՄՆ-ը կպատասխանի կործանարար ուժով: Որոշ ոլորտներում դա կլինի լիակատար ոչնչացում: Այլևս ոչ մի Օբամա ու Ջոն Քերի»՝ գրել է նա Թվիթերում: ԱՄՆ նախագահը մեղադրեց Իրանի ղեկավարներին ագրեսիվ պահվածքի մեջ ու ասաց, որ նրանք չեն հասկանում իրականությունը: «Իրանը բարություն ու կարեկցանք չի հասկանում: Երբեք չի հասկացել: Նրանք, ցավոք, հասկանում են ուժը, իսկ ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենահզոր բանակը»՝ հավելել է Թրամփը՝ Թեհրանի հայտարարությունն անվանելով անկիրթ ու վիրավորական: Թրամփի թվիթների շարքը պատասխանն էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երեքշաբթի ազգային հեռուստատեսությամբ արած հայտարարության: Ռուհանին կտրուկ քննադատեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելը: «Սպիտակ տան գործողությունները մտավոր հետամնացություն են վկայում» ասաց Ռուհանին:


Իրանը զգուշացրեց, որ նոր պատժամիջոցները փակում են կոնֆլիկտի դիվանագիտական հաղթահարման ճանապարհը:Թրամփը նախկինում արդեն լիակատար ոչնչացում էր սպառնացել Հյուսիսային Կորեային, եթե չհրաժարվի միջուկային փորձարկումներից: 2017-ին հյուսիսկորեական ԶԼՄ-ները մեջբերում էին Կիմ Չեն Ինին, որ Թրամփին անվանել էր խելքը թռցրած ծերուկ: Այնուամենայնիվ, վիրավորանքների փոխանակումը չխանգարեց նրանց բանակցությունների սեղանին նստել:


Իրանի դեպքում առայժմ չի երևում Վաշինգտոնի հեը բանակցությունների ցանկություն: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ Իրանը կարող է «բաց դռնով ներս մտնել» ու նստել բանակցությունների սեղան Վաշինգտոնի հետ: Բոլտոնը զգուշացրեց, որ պատասխանի բոլոր հնարավոր տարբերակները կքննարկվեն, եթե Թեհրանը կատարի հարստացված ուրանի լիմիտները գերազանցելու իր սպառնալիքը: Նախօրեին Թրամփը հայտարարեց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի անձնական աշխատակազմի դեմ; Իրանի իշխանությունները պնդում են, որ Համենեիի դեմ անձնական պատժամիջոցներն անիմաստ են, որովհետև նա որևէ անձնական կարողություն չունի: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Համենեիի կարողությունը գնահատել է 95 միլիարդ դոլար, որ նրա անձնական հիմնադրամում են պահպանվում: Այդ միջոցներից են ֆինանսավորվում Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսն ու ուժային կառույցները: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվում պահնորդների 8 հրամանատարներ: Թրամփի հրամանը Իրանի իշխանություններին զրկում է ֆինանսական ռեսուրսներից և թույլ է տալիս անձնական պատժամիջոցներ նրանց դեմ, ում պաշտոնների է նշանակել հոգևոր առաջնորդն իր աշխատակազմում: Հրամանագիրը նաև արտասահմանյան ֆինանսական ընկերությունների դեմ է, որ գործ ունեն պատժամիջոցների տակ հայտնված անձանց հետ: Ֆինանսների նախարար Մնուչինը տեղեկացրել է, որ շաբաթվա վերջից կգործեն պատժամիջոցները ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի դեմ: Թրամփը ցանկանում է ստիպել Իրանին նոր բանակցություններ սկսել Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրով ու երաշխիքներ ստանալ, որ Իրանն ապագայում միջուկային զենք չի ստանա: Իրանի իշխանությունները պնդում են, որ մտադիր չեն միջուկային զենք ստեղծել:
ВВС


Հ.Գ. Twitter-ում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին գրել է. «Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի), իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»: Մուսավին նաև նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»: Դոնալդ Թրամփի վարչակազմում ու անձամբ նախագահը չեն ընկալում մենթալիտետի տարբերությունները՝ Իրանը Հյուսիսային Կորեա չէ: Իրանը կրոնապետություն է և ակնկալել բանակցություն՝ գերագույն հոգևոր առաջնորդին վիրավորելով, ամենակարճ ճանապարհը չէ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավարար լիազորություններ ունի առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: «Այո, ես ունեմ նման լիազորություններ»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորություններով օժտվա՞ծ է՝ առանց Կոնգրեսի նախնական հավանության: Նա չի ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որ պետք է Կոնգրեսի թույլտվությունը ստանա: Թրամփն ընդգծել է, որ վարչակազմը Կոնգրեսին տեղյակ է պահում, թե ինչ է անում: Նույն Թրամփը մի քանի օր առաջ գնահատել էր, որ անօդաչու թռչող սարքը խփած Իրանը չի ոչնչացրել ինքնաթիռը՝ խուսափելով մարդկային զոհերից, իսկ հիմա հայտարարում է, որ Իրանում բարությունն ու գթասրտությունը չեն հասկանում: Հասկացությունների բովանդակային տարբերություններն են խանգարում Վաշինգտոնին ու Թեհրանին միմյանց հասկանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ