Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ցինիզմի ու խելագարության համար դատ չի հասնում

Ցինիզմի ու խելագարության համար դատ չի հասնում
18.07.2019 | 11:31

Աշխարհում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում ցինիզմը և քաղաքական խելագարությունը, որ պարբերաբար գտնում են ցինիկ ու խելագար «հերոսների»՝ արտահայտվելու համար: Եվ այդ «հերոսները» տարբերություն չեն տեսնում ստորության, մարդասպանության ու վեհ գաղափարների միջև: Նրանք ամենավտանգավոր խելագարներն են, որ չպիտի լինեն ազատության մեջ:


Ապացույցը երեկ տվեց ՍԾ անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա հրապարակեց ՍԾ
քարտուղարության հայտարարությունը, բացատրելով, որ իրենք «աղետ են կանխել». «Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն»:


Այս ճռճռան ճոռոմաբանությունը չարժեր լուրջ ընդունել, եթե չլիներ իսկապես վտանգավոր: Իրենց փրկիչ ու ապստամբ համարող այս խելագարները իրականում ռուսական ականներ են հայկական պետականության տակ՝ թե նախորդ, թե ներկա իշխանության համար: Նրանք խաղում են բառերով, տալիս են ձևակերպումներ ու խոստումներ, որոնց արժեքը կլոր 0 է:
Հարցրեք Վալերի Օսիպյանին, եթե ոչ թե 2016-ի, այլ 2019-ի հուլիսի 17-ին զինված մարդիկ հարձակվեին ոստիկանության գնդի վրա, սպանեին ոստիկաններին, պատանդ վերցնեին իրեն ու պահանջեին բանտում գտնվող իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ի՞նչ կաներ այդ «ազգային տոնի» ու «հայկական Նյուրնբերգի» օրը: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ հարգանքի տուրք մատուցեց ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի, բայց դա ավելի շատ հարգանքի տուրք էր ինքն իրեն, որ պատանդ էր խելագարների ձեռքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2016-ի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: ՊՊԾ գունդը գրավելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Ընթանում է դատավարություն: Եվ դա նույնպես անոմալ է՝ 3 տարի ընթանում է դատավարություն, ինչպես անոմալ էր բանտից ազատ արձակելը հանցագործության կազմակերպիչներին ու կատարողներին:

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ