Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զբոսաշրջային Երուսաղեմի» անհույս պերճանքը

«Զբոսաշրջային Երուսաղեմի» անհույս պերճանքը
26.07.2019 | 01:56

«Գոմաղբում կարող է մանուշակ բուսնել, և փշերի մեջ բուսնում են վարդը և փշածաղիկը»:
Երվանդ ՔՈՉԱՐ

Հանրապետության իշխանակառավարական վերին դասը շուրջ 30 տարի համոզում է հայ հանրությանը, համայն հայությանը, ի վերջո՝ իրենք իրենց, որ նորհայկական քաղաքակրթական վերածննդի միակ խթանը զբոսաշրջության կատաղի թռիչքն է: «Մենք պիտի դառնանք նախ տարածաշրջանային, հետո եվրասիական, ի վերջո համաշխարհային զբոսաշրջության Երուսաղեմ»: Սա է 3-րդ հանրապետության վերազարթոնքի գրավականը՝ ինքնամոռաց ավետում են պետական ատյանները: Ավետում են և ավելացնում՝ գալիք 21-րդ դարը մերն է լինելու, հենց որ դառնանք նորօրյա Երուսաղեմ: Դառնում ենք, չկասկածեք, բայց այս ճանապարհով:

ԹԱՄԱՆՅԱՆԻ «ԱՌԵՐԵՍՈՒՄԸ»
Հայաստանի հիմնանյութը գիտությունն է, մշակույթը և արվեստը: Նաև կերպարվեստն է: «Կերպարվեստային Երուսաղեմը» Երևանի սրտում փայլփլում է երկնքի տակ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տեղակայված է Երևանի կերտիչ Թամանյանի հուշարձանի թիկունքում: Սա հրաշագեղ և հարդարուն, կանաչազուգ և նորաշունչ զբոսայգի-պուրակ է, զարդարված համաշխարհային կերպարվեստի դեմքերի ստեղծագործություններով: Գերիշխող են կոլումբացի Բոտերոյի գլուխգործոցները՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»: Կատուն հսկայական է և սև: Կինն ու զինվորը՝ նույնպես: Սրանք կրկնօրինակ են: Բայց, Տե՜ր իմ երկնավոր, ի՜նչ հիացմունքով են դրանք աշխարհին ներկայացնում մեր պաշտոնական ատյանները: Շնչակտուր հիացմունքով ներկայացնում են օտար մշակույթի պատճենումը, կարծես թե մենք մշակութամերկ ինչ-որ անհայտ էթնոս ենք, չուկչիներ ենք կամ էլ էսկիմոսներ: Նշյալ կենտրոնը շարունակվում-վեր է խոյանում՝ ներառելով նշանավոր Կասկադը: Իսկ Կասկադից վեր Հայաստանի վերածնունդը խորհրդանշող հուշասյունն է՝ ոսկե հասկը գագաթին: Ավելի հեռվում նկատելի է մայրաքաղաքի մյուս խորհրդանիշը՝ «Մայր Հայաստան» հուշարձանը:
Մի խոսքով՝ փակուղում ենք: Եվ գիմնազիստի խոնարհ խոհեմությամբ դոփում ենք տեղում, փորձում ենք տեսնել արևի ճառագայթը թունել-փակուղու խորքում:
(Ի՜նչ լավ է, որ Թամանյանի հուշարձանը թիկունքով է «առերեսվում» նշյալ զբոսայգի-պուրակին):

ԹՈՒՆԵԼ-ՓԱԿՈՒՂՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԼՈՒՅՍ Է ԱՌԿԱՅԾՈՒՄ
Անկասկած, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը դաջվել է Երևանին: Անվերապահորեն այն անհնար է փոխադրել մի այլ վայր: Սակայն անհրաժեշտ է նշյալ կենտրոնը դիտարկել որպես հայկական գերհանրահայտ օտարամոլության հերթական դրսևորույթ և այն մղել անկախ հանրապետության անկախ մայրաքաղաքի մշակութային նկարագրի լուսանցք: Ասվածը հնչեց որպես մարտակո՞չ… Ե՛վ համամիտ եմ, և ո՛չ: Համամիտ եմ, զի Երևանը ահռելի ազգային կերպարվեստի հայրենիքի քաղաքամայրն է և կարիք չունի օտար, շատ կներեք, պաճուճանքի: Անհամաձայն եմ, քանի որ ամենևին չեմ կոչում հանրաքվե անցկացնել և որոշել՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը պահպանե՞լ, թե՞ օտարել: Պետք է պահպանել աչքի լույսի պես, զի պուրակային մշակույթի փայլուն նմուշ է: ՈՒրիշ ոչինչ: Նաև անուղղակի դրդում է հայկական կերպարվեստի արդի պուրակ-զբոսայգի ստեղծելու Երևանի կենտրոնում, ասենք, օպերայամերձ և սրճարանային բռնաճնշումներից ազատագրվելիք տարածքում: Կամ մի այլ վայրում:
Հարց է ծագում, անկասկած. ինչպե՞ս և հանուն ինչի՞ ստեղծել վերոնշյալ արվեստի կենտրոնի հակոտնյան:
Մրցույթով, անկասկած, ներկայացնելով չափորոշիչները: Ահավասիկ, տողերիս հեղինակի մոտեցումները, որոնք, ինչ խոսք, բանավիճային են, կարող են թե՛ մերժվել, թե՛ ուշադրության արժանանալ:
Երևանի կենտրոնում ստեղծում ենք մեր, այսպես ասած, «Կերպարվեստային Երուսաղեմը»: Եվ այնտեղ ներկայացնում ենք 3-րդ հանրապետության գոյության օրոք ստեղծված քանդակների, արձանների և դեկորատիվ արվեստի ընտրանին, թվով 30 նմուշ: (Ով կասկածում է, թե քանդակագործական բարձրարվեստ, այլ կերպ ասած՝ համաշխարհային մակարդակի 30 ստեղծագործություն այսօր դժվար է գտնել, նրան անհապաղ ձեռնոց եմ նետում և անքեն սրտով, զվարթ հոգով հրավիրում եմ շրջայցի՝ արդի վարպետների արվեստանոցներ):


(Նոր զբոսայգի-պուրակ-թանգարանի անվանումը կստեղծվի ինքնաբերաբար, չարժե այս պահին գլուխ ցավեցնել):
Անշուշտ, 30 հեղինակ պիտի պատշաճ վարձատրվի: Իհարկե, հիմնավոր նյութական միջոցներ կպահանջվեն: Բայց չէ՞ որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ծանրակշիռ ֆինանսական ներդրմամբ է կյանքի կոչվել, հիմնադիր Ջերալդ Գաֆէսճեանի գումարներով:
Այսօր մի՞թե նոր Ջերալդներ ի հայտ չեն գա:
Անշուշտ, կգան: Բայց չանտեսեմ երկրորդ հարցադրումս. «…հանուն ինչի՞ ստեղծել վերոնշյալ արվեստի կենտրոնի հակոտնյան»: Կասկած չունեմ, որ կռահել եք պատասխանը, այն է՝ Հայաստանը պետք է «զբոսաշրջային Երուսաղեմ» դառնա նաև իր անցյալ ու ներկա անզուգական կերպարվեստով, ուրիշ ոչինչ:


Բայց, իհարկե, ստեղծվելիք «Կերպարվեստային Երուսաղեմը» ընդամենը մեկ դրվագ է, հավատացեք: ՈՒրիշ ոչինչ: Առաջ ենք ընթանում և թակում ենք մի քանի, առայժմ գոց դարպասներ: Արվեստասեր զբոսաշրջիկին անվարան խանդավառությամբ ուղեկցում ենք Փարաջանովի թանգարան: Գայթակղիչ խա՞յծ է: Իհարկե: Բայց լինենք ներողամիտ և ուղղամիտ, Փարաջանովը որքան էլ շլացուցիչ է, այսուհանդերձ, մեկն է ազգային կերպարվեստի դեմքերից: Ընդ որում, նրա թանգարան են շատերն այցելում հաղորդակցվելու հրաշաձեռք կինովարպետի «պարապ վախտի խաղալիքներին», նրա կոլաժներին և այլն: Այլ կերպ ասած, Փարաջանովը ո՛չ Սարյան է, ոչ էլ Քոչար, ո՛չ Մինաս է, ոչ էլ Վրույր:
Վերստին լինենք հույժ ներողամիտ և ուղղամիտ, և խոստովանենք՝ «Կերպարվեստային Երուսաղեմ» Հայաստանը որքա՞ն է ծանոթ աշխարհին: Արդյո՞ք մաեստրո Քոչարն ու վարպետ Սարյանը բավականաչափ հանրահռչակված են նախ՝ տարածաշրջանում, հետո` Եվրասիայում, ի վերջո՝ աշխարհում: Եվ ահա մատնանշեմ, թե որտեղ է թաղված «հակազբոսաշրջային» շան գլուխը: Թաղված է մեր գավառամտական պատկերացումներում, համաձայն որոնց մի՞թե հնարավոր է Սարյանով և Քոչարով զարմացնել նրանց, որոնք աշխարհի թանգարաններն ու պատկերասրահներն են վայելել, բնօրինակով են առնչվել Մատիսին, Պիկասոյին, Շագալին ու Գոգենին և շա՜տ շատերին: Զարմացնելու հարկ չկա: Խիստ կարիք կա աշխարհին ճանաչելի դարձնելու հայկական ազգային կերպարվեստը, նրա անցյալ և արդի ներկայացուցիչներին ողջ փայլով և առանձնահատկությամբ:
Այո՛, վերստին ճիշտ եք, զբոսաշրջությունը թանգարանային այցելություն չէ, այն հանգիստ է և գայթակղություն:


ՈՒրեմն գայթակղենք՝ Սուրենյանց և Սարյան, Քոչար և Յակուլով, Կալենց և այլ, հավատացնում եմ՝ գերհետաքրքիր կերպարներով, ներկայացնելով զարմանահրաշ փաստեր ու եղելություններ նրանց կյանքից:
Վարդգես Սուրենյանցի թատերական ձևավորումները Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հիացրել էին ժամանակի նշանավոր և նորարար ռեժիսորներ Նեմիրովիչ-Դանչենկոյին (ծագումով, ի դեպ, հայ) և Ստանիսլավսկուն (ծագումով, ի դեպ, հրեա):
Ավելի վաղ, 1898-ին Մոսկվայի գեղարվեստական թատրոնում բավականին բարդ և փակուղային իրավիճակ էր ստեղծվել: Բեմականացման էր պատրաստվում Չեխովի «Ճայը», սակայն ներկայացման ձևավորումը շատ էր հեռու գրողի պատկերացումներից: Գրողը բեմանկարչի որոնումների մեջ էր տարիներ շարունակ: Այնինչ մոսկովյան գեղարվեստական մամուլը ահա թե ինչ է գրում «Կույրերը» ներկայացումից հետո. «Ներկայացումից հետո դահլիճը երկար ժամանակ չէր թողնում Կոնստանտին Ստանիսլավսկուն և նկարիչ Վարդգես Սուրենյանցին»:


Չեխովը դիմում է Սուրենյանցին. «Հարգելի Վարդգես Հակոբովիչ, հավատացած եմ, որ հենց Դուք պետք է ձևավորեք «Ճայը»: Դա ինձ համար շատ կարևոր է»: Սա եզակի դեպք չէր Սուրենյանցի կյանքում: Նրա բազմաթիվ ձևավորումները Պետերբուրգում և Մոսկվայում գրեթե միշտ խանդավառությամբ էին ընդունվում անգամ ամենախստապահանջ հանդիսատեսների և քննադատների կողմից: Միաժամանակ նա ճանաչված էր որպես գրքի փայլուն նկարազարդող: Ի մասնավորի նրան է վստահվում Պուշկինի «Բախչիսարայի շատրվանի» ձևավորումը 1899-ին, Կնեբել-Գրոսմանի նշանավոր հրատարակչությունում: Դուք ինձ, խնդրում եմ, ներեք, բայց չէ՞ որ 19-րդ դարի վերջերին և 20-րդի սկզբներին Պետերբուրգն ու Մոսկվան համաշխարհային կերպարվեստի առաջնադիրքում էին և լի էին փայլուն, երբեմն էլ համաշխարհային հռչակ վայելող նկարիչներով: Գեղարվեստական Մոսկվան հանգիստ խղճով ձեռնոց էր նետում Փարիզին և չէր պարտվում:


Սուրենյանցը միաժամանակ հրաշալի գեղանկարիչ էր, անթիվ գլուխգործոցների հեղինակ: Նախորդ դարասկզբին նա համաշխարհային կերպարվեստում թողել էր իր զարմանալի հետագիծը թեկուզ հետևյալ գործերով. «Սալոմե», «Ասպետ կինը», «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Ոտնահարված սրբություն», «Լքյալը» և այլն, և այլն:
Սուրենյանցին սպասում էին նոր դափնիներ ռուսական կենտրոններում: Նրան մշտական աշխատանք էին առաջարկում Մարիինյան թատրոնը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (գլխավոր նկարչի կարգավիճակում), հռչակավոր Վերա Կոմիսարժևսկայան:
Բայց նա վերադարձավ իր ինքնությանը, որից, ի դեպ, հեռացել էր պայմանականորեն: Նա ուղևորվեց դեպի հայկական եկեղեցիներ: Սուրենյանցը վախճանվեց 1921-ի ապրիլի 6-ին, թաղված է Յալթայի հայկական եկեղեցում, որտեղ նա որմնանկարում էր: ՈՒշագրա՞վ երևույթ է: Իհարկե: Իսկ կերպարվեստի հրաբուխ Յակուլո՞վը: Եկեք նրան էլ անդրադառնանք, հաստատ արժե: Աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանը Մոսկվա ժամանելով ուղղակի բղավեց. «Տարե՛ք, տարե՛ք ինձ նրա մոտ, ուզում եմ տեսնել այդ մարդուն»: «Այդ մարդը» հայազգի նկարիչ Գեորգի Բոգդանի Յակուլովն էր: Նա երևելի նորարար էր: Նրա բնակարանը Մոսկվայի Բոլշայա Սադովայա-10 հասցեում Մոսկվայի բոհեմ-կենտրոնն էր: Նրանից ազդվում էր Մայակովսկին: Եսենինը նրա մշտական հյուրն էր: 1916-ին «Կուզնեցկի մոստ»-ում նա հանրահայտ Մեյերհոլդի հետ հիմնադրեց «Արվեստների համաշխարհային կայարան». «Պիտորեսկ» սրճարանը: Սա՝ Մոսկվայում: Իսկ Փարիզում նա ոչ պակաս հանրահայտ էր, ավելին՝ նրա թատերական ձևավորումներով ապշած էին դժվարահաճ շատ տեսաբաններ և նկարիչներ: 1913-ին Փարիզում ֆրանսիական մոդեռնի դրոշակակիր Դելոնեն ի լուր աշխարհի հայտարարեց. «Մոնմարտրը քոնն է, Ժորժ»:
Փարիզը համաշխարհային կերպարվեստի նորարարական մակընթացությունների հղացումն էր, Յակուլովը «ծովահեն» էր օտար ջրերում: Նա բեմանկարեց «Արքայադուստր Բրամբիլա» և «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» ներկայացումները: Եվ ցնցեց Փարիզը: Ի դեպ, նրան կոչում էին «Հրաշալի Ժորժ»:


Աշխարհում զբոսաշրջիկներին (խոսքը կերպարվեստով հետաքրքրվողների մասին է) ուղեկցում են նկարչի տուն և արվեստանոց: ՈՒղեկցում են, շփվում են արվեստագետի հետ, նկար և քանդակ են գնում, պատվերներ են տալիս և այլն, և այլն… Միով բանիվ հայկական ավանդական և ժամանակակից կերպարվեստը «Զբոսաշրջային Երուսաղեմ Հայաստանի» հաղթաթղթերից մեկն է, ոչ ավելի, ոչ էլ պակաս:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ