Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իդլիբը դժոխքի նախադռանը

Իդլիբը դժոխքի նախադռանը
26.07.2019 | 11:03

Սիրիայի վարչակարգը ուզում է նորից տիրել Իդլիբին, առայժմ՝ ապարդյուն: Թուրքիայի աջակցությունը ստացող ապստամբները պնդում են, որ Ասադի կողմից կռվի մեջ են մտնում ռուս հատուկջոկատայինները՝ գրում է Der Spiegel-ը: Օրերս Բաշար Ասադը Դամասկոսում ընդունեց Պիտեր Կոդվո Ապիայի պատվիրակությանը, մարդկային ամբողջական զարգացման աջակցության՝ Դիկաստերիի պրեֆեկտին: Սիրիացի բռնապետին փոխանցվեց Հռոմի պապի նամակը, Ֆրանցիսկոս պապը նրան նախազգուշացնում էր Իդլիբում իրավիճակը սրելուց և նախագահին խնդրում էր հնարավոր անել՝ կանխելու հումանիտար ճգնաժամը: Հենց այդ ժամանակ, երբ Ասադն ընդունում էր եկեղեցու ներկայացուցիչներին, Իդլիբն ապրում էր ամենակործանարար ալիքը վերջին ամիսներին: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվա ռմբակոծության ժամանակ 50 խաղաղ բնակիչ սպանվեց, 100-ը վիրավորվեցին: 3 ամիս սիրիական բանակը դաշնակիցների հետ փորձում է գրավել Իդլիբը: Հիվանդանոցներին, շուկաներին ու քաղաքացիական մյուս նպատակակետերին հարվածների միջոցով խաղաղ բնակչությանը բարոյալքելու ու փախչել պարտադրելու փորձ է արվում դեպի թուրքական սահման: Ասադի զորքերը, չնայած տևական ավիահարվածներին, ցամաքի վրա հազիվ են առաջ շարժվում: Եթե նրանք իրենց վերահսկողության տակ են վերցնում ինչ-որ տեղանք, մի քանի օրում ապստամբները վերադարձնում են, համենայն դեպս՝ մի քանի ժամով: Իդլիբի համար մարտերը ցույց են տալիս, որ 8 տարվա պատերազմը քամել է կառավարական զորքերի ուժերը: Ապստամբները պնդում են, որ Ռուսաստանը ուղարկել է իր էլիտար զորքերին՝ հարձակման համար: Մոսկվան հերքում է: Ասադին քաղաքական ու ռազմական աջակցությամբ Կրեմլը հակասում է Թուրքիայի շահերին: Մոսկվայի ու Անկարայի շահերը մի քանի տարի երկակի են: 2015-ին երկու երկրները պատերազմի շեմին էին, երբ թուրքական բանակը խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայի երկնքում: Հարաբերությունները բարելավվեցին, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց միջադեպի համար:

Վերջերս Թուրքիայի կառավարությունը գնեց ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը, որ նրա արևմտյան գործընկերների դժգոհությունը հարուցեց: Մոսկվայի ու Անկարայի համագործակցությունը մարտավարական է և պատմականորեն ձևավորված չէ, ինչպես թուրք-եվրոպական հարաբերությունները: Իդլիբում հիմա տեսանելի է՝ ինչքան արագ գործընկերները կարող են հակառակորդներ դառնալ: Այս կոնֆլիկտում Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կողմերում են: Էրդողանը օգնում է ջիհադիստների HTS խմբավորմանը, Պուտինը Ասադի գլխավոր օգնականն է: Թուրքիայի կառավարությունը, որ խոստացել էր վերահսկել HTS-ին, նորից զինում է նրանց: Դիտորդների կարծիքով՝ Էրդողանը ցանկանում է բարձրացնել Իդլիբի կոնֆլիկտի ռազմական լուծման գինը: Եթե Իդլիբն ընկնի, հարյուր հազարավոր փախստականներ նորից շարժվելու են դեպի Թուրքիա: Պուտինը պիտի լուծի հարցը՝ ո՞րն է իր համար ավելի կարևոր՝ շահերը Սիրիայու՞մ, թե՞ Թուրքիայի հետագա հեռանալն Արևմուտքից:
Դոմինիկ Պետերս, Մաքսիմիլիան Պոպ, Քրիստոֆ Սիդով, Der Spiegel


Հ.Գ. Ռուս-թուրքական հարաբերությունները իրականում պատմականորեն ձևավորված են, ավելի՝ քան թուրք-եվրոպականը: Պարզապես երկու կայսրությունները միմյանց կարիքն զգում ու սերտ բարեկամանում են, երբ խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, օգտագործելով միմյանց ներուժը, հետո հեռանում են՝ շահերի բախումից: Պուտինը Էրդողանին ներեց ոչ միայն ռուս օդաչուների, այլև Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, որ մինչև հիմա չի բացահայտվել: Բայց դա ժամանակավոր ներում էր, հին հաշիվները միշտ էլ ենթակա են վճարման, երբ ժամանակը գա: Իդլիբում Էրդողանը խաբում է Պուտինին ու չի ցանկանում դուրս գալ Սիրիայից՝ զինելով, ոչ թե զինաթափելով ու վնասազերծելով ջիհադականներին, իսկ Պուտինի համբերությունը ռետինից չի: Դժվար է ասել՝ ովքե՞ր են Իդլիբում գրոհայինները, ովքե՞ր՝ ՙխաղաղ բնակիչները՚: Պատերազմում՝ ոնց պատերազմում, բոլորը զինված են, բոլորը կռվում են: Պարզապես՝ ոմանք հարձակվում են մյուսների վրա, ոմանք պաշտպանում են իրենք իրենց: Իդլիբը պետք է մաքրվի ջիհադականներից, ու դա քննարկման թեմա չէ Պուտինի համար: Իդլիբը պետք է պահել Ասադի դեմ ու հաստատվել Սիրիայում, ու դա քննարկման թեմա չէ Էրդողանի համար: Երկու նախագահների աշխարհաքաղաքական շահերի բախումը Իդլիբը դժոխքի նախադուռ է դարձնում՝ Արևմուտքի լուռ անտարբերության առաջ, երբ միայն Հռոմի պապն է խնդրում մտածել հումանիտար ճգնաժամը կանխելու մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ