Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ սատանայից փորձվելու (Մատթ. 4;1)
13.09.2019 | 00:04
Աստծո Որդին աշխարհ եկավ այն հստակ գիտակցությամբ, որ պետք է անցնի աշխարհից Երկինք, խավարից լույս, մեղքի մահից հավիտենական կյանք տանող Խաչի ճանապարհը, և այդ ճանապարհը սկսեց Հորդանանում Մկրտությամբ, որից հետո Հիսուս պատրաստվեց Սուրբ Հոգով դիմակայելու սատանայի փորձություններին:
Փորձիչը Նրան երեք առաջարկություն է անում. անապատի քարերը հացի վերածել, Կենդանի Աստծո Տաճարի տանիքից ցած նետվել` միևնույն ժամանակ հուսալով աստվածային օգնականություն, և վերջապես` երկրպագել իրեն` փոխարենն ակնկալելով աշխարհի սին փառքն ու ունայն հարստությունները: Այսօր էլ Եկեղեցու սուրբ ավազանից ծնված մարդը` որպես աստվածորդի, ունենալով Սուրբ Հոգու օգնականությունը և Փրկչի օրինակը, պետք է դիմադարձ կանգնի Չարին, որպեսզի փորձությունը փորձանք չդառնա, այլ բազմաշահ փորձ:
Հացը մարդու սննդակարգի կարևորագույն բաղադրիչն է, սակայն «կյանքը ավելին է, քան կերակուրը, քանզի մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլև Աստծո բերանից ելած ամեն խոսքով»: Արժի՞ այս անցավոր կարճ կյանքը ծախսել աշխարհ-անապատի քարերը ապականացու հացի վերածելու վրա` հավիտենական կյանքը շահելու փոխարեն: Այնինչ Չարը, գտնելով մեզ առաքինություններից մերկացած, Աստծո սպառազինությունը` Խաչը, ցած դրած և մեր մարդկային տկարությունների հետ միայնակ, շատ հեշտությամբ կարող է հաղթել մեզ և թողնել աշխարհում:
Հիսուս սովորեցնում է մեզ աղոթքով Աստծուց խնդրել «մեր հանապազօրյա հացը», սակայն այդ հացի համար պայքարում մենք շատ հաճախ չենք տարբերակում «մերը» ուրիշի հացից և խտրություն չենք դնում այն ձեռք բերելու միջոցների միջև: Եթե խաչի ճանապարհի սկզբում Չարը գայթակղում է հացով` փորձելով օգտագործել աշխարհի մասին քրիստոնյայի դեռ թարմ հիշողությունները, ապա հոգևոր կյանքում որոշակի բարձունքների` Աստծո Տաճարի աշտարակին հասած մարդուն նա առաջարկում է ցած նետվել այդ բարձունքից` վստահեցնելով, որ Աստված երբեք թույլ չի տա, որ նրա ոտքը քարի դիպչի: Եվ, ցավոք, շատերը իսկապես տրվում են գայթակղությանը և, Աստծուն փորձելով, մեղքի անդունդն են գլորվում` հաճախ զրկվելով ոչ միայն գրաված բարձունքներից, այլև վերստին բարձրանալու հնարավորությունից: Եթե քրիստոնյային հաջողվում է հասնել իր փառքի գագաթին` Գողգոթա, ապա Խաչի բարձունքից նա կարող է տեսնել Երկնքի Արքայության փափագելի տեսարանը: Հակառակ դեպքում, Սատանան կտանի նրան աշխարհի ամենաբարձր` Պատրանքի լեռան գագաթը, որի մշուշոտ համայնապատկերում փռված են աշխարհի սին փառքն ու հարստությունը: Այն, ինչ քրիստոնյայի համար փորձություն է, Աստծուն անհաղորդ որևէ մարդու համար կենսակերպ է: ՈՒրեմն սթափվենք և չնմանվենք այն մարդկանց, որոնց համար մեղքը և՛ միջոց է, և՛ նպատակ, քանզի սկսելով երազել այս աշխարհում փափուկ կյանքի մասին, դադարում ենք երազել հավիտենական կյանքի մասին, և իզուր են միայն մարմինը սնելով հոգու քաղցը հագեցնելու փորձերը: Ինչու՞ ամենավերջին անհավատի պես նմանվենք հրապարակի կենտրոնում կանգնած ավանակին, որին տեղից շարժելու համար մի խուրձ խոտ են պահում աչքերի առջև, և միայն այդ չոր խոտին նայելով` անցնում է բազում ծաղկավետ ու զմրուխտ արոտավայրերի մոտով` դրանք չնկատելով անգամ: Ինչու՞ զրկվենք անհամար աստվածային բարերարություններից և անանց օրհնություններից: Մարմնի փափկակեցություն, հոգու հպարտություն, սնափառ ձգտումներ և մի վերջին փորձություն ևս. հրաժարում խաչից` համաձայնում Չարի վերջին առաջարկին. «Իջի՛ր այդ խաչից»: Եվ այդ ամենը հետևանքն է մեր սասանվող հավատի, մեր վարանոտ ու երերուն քայլերի, Հարության իրականության հանդեպ մեր անվստահության։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ