Հավաքականների մակարդակով հերթական հանդիպումները հերթական անգամ հետևում մնացին՝ առաջին պլան մղելով ներքին կամ ազգային առաջնությունների դիմակայությունները։ Դրանք բավականին հետաքրքիր ընթացք ունեն, արդեն իսկ արձանագրվել են ուշադրության արժանի դիմակայություններ, նախորդ տարիների համեմատ մրցաշարային աղյուսակները բավականին հետաքրքիր տեսք են ստացել, ու մի տեսակ տպավորություն է, թե երբեմնի առաջատարների նկատմամբ վախի զգացողությունը հաղթահարված է, նրանց ավելի ու ավելի համարձակորեն է ձեռնոց նետվում։ Իհարկե, վաղ է ամփոփիչ եզրակացություններ անելը, մանավանդ որ այդ առաջնությունները սկզբունքորեն դեռ մի կարգին թափ էլ չեն հավաքել, բայց դե եղածն էլ չի կարելի անուշադրության մատնել։ Հարկավ մեր որդեգրած սկզբունքով մենք մեր սևեռուն ուշադրության կենտրոնում ենք պահելու եվրոպական թոփ տերությունների առաջնությունները, սակայն այսօր բացառություն ենք անելու ու նախապատվությունը տալու ենք մեկ այլ խնդրի դիտարկման, որը, ի դեպ, այդ առաջնությունների շրջանակից այնքան էլ դուրս չէ։ Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգային՝ ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր խաղարկմանը։
«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Անգլիայի գործող չեմպիոնը, իր Խոսեպ Գվարդիոլա գլխավոր մարզչով վերջին երկու տարում ֆանտաստիկ խաղ է ցուցադրում երկրի առաջնությունում, սակայն այդ նույն երկու տարում Չեմպիոնների լիգայի մրցաշարից դուրս է մնում նույն անգլիական թիմերի կողմից։ Հիմա սրան ուզում եք ճակատագրի հեգնանք անվանեք, ուզում եք՝ այլ բան, փաստը մնում է փաստ, որ թիմը, փայլուն տիրապետելով երկար տարածության համար հաշվարկած ռազմավարությանը, չի կարողանում հաղթահարել կարճ մրցատարածքի ֆենոմենը։ Այլ կերպ ասած՝ փլեյօֆյան ձևաչափը նրա համար ասված չէ։ Գոնե առայժմ։ Ինչպիսին է լինելու թիմի մարտավարությունը 2019-2020 չեմպիոնականում։ Բնականաբար նկատի ունենք Չեմպիոնների լիգան։ Անվիճելի է, որ անգլիական ֆուտբոլում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած Խոսեպ Գվարդիոլան թիրախավորելու է Չեմպիոնների լիգան, ու պիտի այնքան էլ լրջորեն չընկալել նրա անցած տարվա ասածը, թե իրենց համար առաջնահերթայինը մնում է երկրի առաջնությունը։ Հասկացանք, որ անգլիացիների համար առաջին հորիզոնականում է Անգլիա բառի հետ կապված ամեն ինչ, սակայն Գվարդիոլայի մասշտաբի մեծությունը չի կարող հանգիստ խղճով աչք փակել այնպիսի փաստի վրա, որ վերջին անգամ իր ղեկավարությամբ գործած թիմը Չեմպիոնների լիգայում հաջողության է հասել արդեն հեռավոր ներկայացող 2010-2011 մրցաշրջանում ու այդ թիմը երազանքների բարձրակետ «Բարսելոնն» է։ Պատվախնդիր իսպանացու համար այս հանգամանքն էլ է լրացուցիչ մոտիվացիա, թեպետ առանց մոտիվացիայի առկայության էլ թվում է, թե երազանքը իրականություն դարձնելու ճանապարհին «քաղաքաբնակներին» խանգարող ոչինչ չկա ու չի էլ կարող լինել։ Եվ իսկապես էլ՝ թիմն ունի հրաշալի կազմ, բոլոր օղակներում առկա է լիակատար կոմպլեկտացիա, էլ չասենք տաղանդավոր երիտասարդ Ռոդրիով համալրումը։ Նոր մրցաշրջանում չկա թիմի ավագը՝ Վենսանտ Կոմպանի՞ն։ Այո, չկա, սակայն ազնիվ լինենք, թիմին ամեն ինչ տված բելգիացին վերջին ժամանակներս նկատելիորեն տեղի էր տվել շատ հասկանալի պատճառներով ու պատահական չէ, որ որոշեց խաղակոշիկները կախել պատից։ Թիմի նպատակադրվածության մասին մեկ այլ փաստ։ Մրցաշրջանի սկիզբը ցույց տվեց, որ «Մանչեստր Սիթին» մտադիր չէ թուլացնելու տեմպը, ու դրա արգասիքը մրցաշրջանը երկրի սուպերգավաթը նվաճելով սկսելն է։ Հարկավ մենք չենք կարող հաստատապնդել, թե այս տարվա չեմպիոնների լիգան անգլիական այս ակումբինը կլինի, բայց որ այն ֆավորիտների շարքում է, աներկբա է, ու լրջորեն չի կարելի ընդունել այն պնդումը, թե տարիների հետ Գվարդիոլայի մեջ բթացել է փլեյօֆյան ձևաչափի մարտավարության ընկալումը։
«ԲԱՐՍԵԼՈՆ»
Ցանկալի ձեռքբերումների առումով կատալոնյան ակումբն ամառն իսկապես արդյունավետ անցկացրեց. Գրիզման, դե Յոնգ, Ֆիրպո. սրանք դեմքեր են, որոնք ակնհայտորեն նոր թափ են հաղորդելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկին՝ նրան դարձնելով ավելի հզոր ու ահարկու։ Նախորդ տարիների օրինակով շարունակում է հզոր մնալ կատալոնացիների հարձակման գիծը, որն այս անգամ հավելվել է հայտնի ֆրանսիացիով, ով արդեն քանի տարի փայլում էր Մադրիդի «Աթլետիկոյում»՝ չհաշված երկրի ազգային հավաքականը։ Հարձակման գծի այս հզոր խմբավորումը սկզբունքորեն անկասելի հայտ է ցանկացած մրցաշարում հաղթողի դիրքերից ներկայանալու համար, թեպետ եթե մի թիմ իր կազմում ունի Մեսի, ուրիշ ինչ դիրքերից կարող է ներկայանալ, էլ չենք ասում այն, որ վերջին տասը տարում «Բարսելոնը» մշտապես աշխարհի ակումբային թիմերի լավագույն եռյակի մաս է կազմում։ Սակայն որքան որ համոզիչ է կատալոնյան ակումբին Չեմպիոնների լիգայի խաղարկության գլխավոր մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը դիտարկելը, մյուս կողմից սույնին էապես խոչընդոտող հանգամանք կա, ու այդ հանգամանքը, որքան էլ տարօրինակ կարող է ներկայանալ, անձնավորված է։ Այո, այո, խոսքը թիմի գլխավոր մարզիչ Վալվերդեի մասին է, որն արդյունքի համար խաղ կազմակերպող մարզիչների լավագույն դասից չէ։ Երկու տարի առաջ Վալվերդեի «Բարսելոնը» սայթաքեց «Ռոմայի» հետ հարաբերություններ պարզելիս, 2018-2019-ին նույն այդ Չեմպիոնների լիգայում նրա դեմ անհաղթահարելի պատնեշի պես բարձրացավ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը», որի դեմն առնող թիմ, ի տարբերություն նախորդ տարվա, այդպես էլ չգտնվեց։ Նկատենք, որ բուքմեյքերները Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչմանը ավելի մեծ հավանականությամբ են դիտարկում «Մանչեստր Սիթիի» պարագան, քան «Բարսելոնինը»։
«ԼԻՎԵՐՊՈՒԼ»
Անասելի հետաքրքիր կլինի, եթե երրորդ տարին անընդմեջ եզրափակչում տեսնենք այս թիմը։ Ի միջի այլոց, դա ոչնչով էլ զարմանալի չի լինի, քանի որ այս թիմն ունի երկու հզոր աջակից՝ առավելագույնս խաղարկված-մերված կազմն ու իդեալականի աստիճանի հղկված խաղը։ Սա անվիճելիորեն թիմի գլխավորի՝ Յուրգեն Կլոպի մեծագույն նվաճումն է, որն իր մեջ եղած սատանաներին բնակեցրել է խաղացողների հոգիներում, ու ինչ ցանկանում, այն էլ անում են խաղադաշտում։ Նկատենք, որ «Լիվերպուլի» հարձակման գիծը պակաս ահարկու չէ, կիսապաշտպանությունը գործում է շվեյցարական ժամացույցի պես, իսկ աշխարհում լավագույնի համարումներից մեկն ունեցող ագլիական այս ակումբի պաշտպանական գիծն ամբողջությամբ կազմ ու պատրաստ է ցանկացած հարձակման գիծ փշրելու, իր կամքին ենթարկելու։ Եվ այսուհանդերձ, «Լիվերպուլը» տիտղոս տանող ճանապարհին լուրջ պակասություններ ունի։ Բանն այն է, որ հարձակման եռյակը կազմողներից և ոչ մեկը չունի համարժեք փոխարինող։ Նույնն է վիճակը և պաշտպանությունում։ Իսկ, Աստված մի արասցե, եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա՞։ Հաշվի առնելով բոլոր թեր ու դեմ կողմերը՝ 2020-ի ստամբուլյան եզրափակչում մերսիսայդցիների հայտնվելը բուքմեյքերները գնահատում են 7,50 գործակցով, որը երրորդ արդյունքն է։
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Թուրինյան ակումբը հավաքել է վերջին տասնամյակի ամենաուժեղ կազմը։ Այն իսկապես թույլ տեղեր չունի և այս կտրվածքով իսկապես կարող է մրցակցել «Մանչեստր Սիթիի» հետ։ Կազմի առավել ուժեղացմանը նպաստեց նաև անցած ամառային տրանսֆերային պատուհանը։ Թիմը համալրեցին Լիգտը, Ռաբիոն, Ռեմզին, վերադարձավ Իգուաինը։ Վերադարձել է և «ծերուկ» Ջիջին, որը պատրաստ է ցանկացած ժամանակ հուսալիորեն փոխարինելու հիմնական դարպասապահ Շչեսնիին։ Մի առանցքային փոփոխություն էլ կա իտալական ֆուտբոլի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնի կազմում. այն ընթացիկից գլխավորել է Մաուրիսիո Սարին, որը եկել է փոխարինելու Մասիմիլիանո Ալեգրիին։ Այսպիսի փոփոխություններով «Յուվեն» պարզապես պարտադրված է տեր կանգնելու Չեմպիոնների լիգայի գլխավոր տիտղոսին։ Սակայն պարտադրված լինելը քիչ է, ու շատ բան կախված է թիմի գլխին կանգնածից։ Իր մարզչական կենսագրությունում Սարին առաջին անգամ է գլխավորում նման կարգի էլիտար ակումբ, ուստի հարցերի հարցը մնում է այն, թե նա արդյո՞ք կկարողանա աստղային այս կազմի համար դառնալ անառարկելի հեղինակություն։ Չեմպիոնական մրցավազքում թիմի շանսերի գնահատման համար այս գործոնը վճռորոշ է եղել բուքմեյքերների համար, ուստի նրանք իտալական գրանդի շանսերը գնահատել են 11,0 գործակցով, որը եղածների մեջ չորրորդ արդյունքն է։ ԱՅԼՔ Բնական է, որ այս չորսով չի սահմանափակվում հավակնորդների շարքը, ու անակնկալ մատուցողներ, ամենայն հավանականությամբ, կլինեն։ Իհարկե, անհամեմատ թույլ շանսերով են ներկայանում Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» ու այլ ակումբներ, սակայն դա չի նշանակում նրանց չդիտարկել հավակնորդների թվում։ Ֆուտբոլը որքան էլ կայուն սկզբունքների հիման վրա գործող հասկացություն է, այդուհանդերձ, նրանում անակնկալի տարրը պակաս դերակատարություն չունի։ Այնպես որ, հարցի վերջնական պատասխանը հաստատապես կիմանանք ստամբուլյան եզրափակչում, իսկ մինչ այդ ամեն մեկն ազատ է իր երկրպագած թիմը տեսնելու ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսի տիրակալների թվում։
ԵՎ ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ
Ընթերցողի առաջ մեղք գործած կլինենք, եթե գոնե առաջին հորիզոնականները զբաղեցրածների մակարդակով չներկայացնենք ազգային առաջնությունները։ Անգլիայում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում «Լիվերպուլն» է, որը գնդակների փայլուն հարաբերակցությամբ (15։4) հինգ խաղից հետո ունի բացարձակ արդյունք։ Մերսիսայդցիների վերջին զոհը «Նյուքսալն» էր՝ 3։1։ Իսպանիայում առաջատարի պարտականությունները ստանձնել է «Սևիլիան», որին այդ բանն անելուն օգնեց «Ալավեսի» նկատմամբ արտագնայում նվազագույն հաշվով տոնած հաղթանակն ու նույն արտագնայում Մադրիդի «Աթլետիկոյի» վրիպելը։ Անդալուզական թիմը չորս խաղից հետո ունի տասը միավոր, գնդակների հարաբերակցությունը 5։1 է։ Բունդեսլիգայի առաջատարը չորս խաղից հետո տասը միավոր ունեցող «Լայպցիգն» է, որը, ի դեպ, սեփական հարկի տակ ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Բավարիային» ու խաղն ավարտել 1։1 հաշվով։ Սկուդետեում առաջատարը «Ինտերն» է, երեք խաղից հետո ունի նույնքան հաղթանակ, վերջին խաղում էլ նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «ՈՒդինեզեի» նկատմամբ։ Ի դեպ, միավորներով «Ինտերին» կարող էր հավասարվել «Թուրինը», եթե «Լեչեի» հետ երեկ երեկոյան կայացած տնային խաղում հաղթանակ տոներ։ Եվ վերջապես՝ Ֆրանսիայի առաջնությունը։ Այստեղ առաջատարը երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնն է՝ «Պարի Սեն Ժերմենը», որը վերջին վայրկյաններին է հաղթանակ կորզել «Ստրասբուրգից». միակ գոլի հեղինակը Նեյմարն է, որին ողջ խաղի ընթացքում մարզադաշտը սուլել է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ