Անդրադառնալու ենք երկու խնդրի, որոնք իրենց մեջ «ամենն» են պարունակում` Թարթառի մոտ հավաքվող, Արցախ մտնելու պատրաստ ադրբեջանցիներին և Միքայել Մինասյանի հոդվածին, առավել ստույգ` հոդվածի «պրոյեկտումներին»:
Բայց նախ նկատենք. «Սասնա ծռերը» հոկտեմբերի առաջին քսան օրը «բրոնյա» էին արել Ազատության հրապարակը` ցույցերի համար, սակայն առայսօր ոչ մի ցույց չեն արել: Հետաքրքիր է, չէ՞, ինչու:
Ասե՛նք: Թավշյա իշխանության, իրականում միակ իշխող Փաշինյանի «բանդերական» թևը ինֆորմացված է ավելի, ինքը ևս սպասում էր Թարթառի մոտ հավաքվող ադրբեջանցի ժողովրդին, նրա դրսևորելիք վարքագծին, դրան հետևելիք զարգացումներին, որպեսզի բարձրաձայնի, որ 102-րդ ռազմաբազան, այն է` Ռուսաստանը, պետք է դուրս գա Հայաստանից, պետք է վերջ տալ ռուսական «գաղութատիրությանը» Հայաստանում, որ ՆԱՏՕ-ն ու իր խաղաղապահները կարծես շատ լավն են: Մենք ընդհանուր պատկերն ենք տալիս «Ծռերի» «պայքարի», ու քանի որ Թարթառի մոտ հասած ադրբեջանցիներն ինքնաբուխ չմեկնեցին յուրյանց «հայրենի» օջախ, «Ծռերի» զենքերն առայժմ մնացին պատերից կախված:
Հիմա, պայմանականորեն ասած, «Թարթառ» օպերացիայի մասին: Նման «օպերացիաներ» Ադրբեջանը քանիցս է արել` փորձելով մեսիջներ ուղարկել աշխարհին, Հայաստանին` Թուրքիայի և այլոց ձեռամբ: Օպերացիան այս անգամ տարբերվում է նրանով, որ առավել կազմակերպված է, մարդաշատ: Երեխաների ներկայությունն օպերացիայի առաջին գծում ընդհանրապես նրբացնում է «գործողությունը»: Այս պահին «օպերացիան» գտնվում է «օդ կրակելու» փուլում: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի թուրք էրդողանը Սիրիայում, կգնա՞ ավելի առաջ, քան պայմանավորվել է ԱՄՆ-Ռուսաստան-Իրան «Անտանտի» հետ, թե՞ թրքորեն բացված ախորժակով` կփորձի խառնել խաղի փորատակը` գործողությունների մղելով մյուս խաղացողներին ևս, Թարթառի մոտ կանգնած «ժողովուրդն» էլ «կգնա» իր «հայրենի» օջախներին «տեր կանգնելու» Արցախում: Նկատենք` Ադրբեջանը հենց այնպես վրաններում չի պահում ժամանակին Ղարաբաղից Ադրբեջան տեղափոխված «փախստականներին», նրանք Ալիևի զենքն են, որ անհրաժեշտ պահին պետք է ոչ թե օդային, այլ իրական կրակոց արձակեն: Ասել է` անզեն, երեխաներով շրջապատված ադրբեջանցիների քոչը ոտքով կհատի Արցախի սահմանը:
Ե՞վ: Եվ անհրաժեշտություն կառաջանա միջազգային միջամտության, որովհետև սահմանը խախտող ցանկացած մեկին պետք է կանգնեցնել։ Նկատու՞մ եք` իրադրության նման զարգացումը կարող է անկանխատեսելի հետևանքներով հղի լինել: Ընդ որում, պետք է հասկանալ նաև` այս բոլոր սցենարները հաշվարկված են և՛ մեր կողմից, և «միջազգայինների». հարցն այլ է` պայմանավորվածությունների ի՞նչ մակարդակ է միջազգայինների «ներսում», և, որ ամենակարևորն է, ինչ հետևանքներով: Բոլոր դեպքերում, ինչպես ողջ աշխարհը ու հատկապես մենք, պետք է ուշի ուշով հետևենք, մատներս պահենք ձգանի վրա` շատ արագ կողմնորոշվելու, իրադրության ցանկացած շրջադարձի դեպքում փոփոխություններին պատրաստ լինելու համար: Ձգանի նման մի «պատրաստություն» էին Միքայել Մինասյանի թե՛ նախկին, թե՛ նախորդ օրվա մեծ ուշադրության արժանացած հղում-հոդվածները: Նախ` վերջին «մանիֆեստը» («Երկիր-«Հայկական ժամանակ») եղածների մեջ ամենակայացածն էր ոչ միայն գեղավեստականության հասած լեզվամտածողության, բառամթերքի, խորքայնության առումով, այլև պրակտիկ: Մատը դրված էր ցավի վրա. հաջորդ շերտում հասկանալի էր` հասարակությանը պատրաստում են տրանսֆորմացիայի, հղման հեղինակն իր շուրջն առայսօր եղած խորհրդապաշտական ծխածածկույթը քանդում, փորձում է մտնել բուն ասպարեզ` լուրջ հայտ ներկայացնելով որպես խաղացող. բարձրագոչ թող չհնչի, որպես բևեռներից մեկը, ինչը գուցե շատերի համար ծանր տանելի է, սակայն կա ոսկի ճշմարտություն. սկզբում զարմանում են, մի քիչ հեգնում, հետո ընդունում իրականությունը:
Կարելի էր շատ երկար «գրախոսել», սակայն լավագույնն այն է, որ դաշտը լցնելու հայտ կա (սուրբ տեղը դատարկ չի մնում երբեք)` կոնկրետ նպատակով, նկատելի ցանցային աշխատանքով, նոր մտածողության, նաև փիլիսոփայության փոփոխության առաջարկով: Թե չէ` ամեն վայրկյան Փաշինյան Նիկոլն ու իր դիկտատը, նաև աշխարհաքաղաքական զարգացումների թելադրանքով, կարող են ընկնել բոլորիս գլխին, առաջին հերթին` պետության:
Վայրէջքի բարձիկներ են պետք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ