Ամանորի «կորպորատիվի» ժամանակ մի-մի բաժակ էլ չկառուցված ճոպանուղու համար խմեք
17.12.2019 | 01:45
Շենգավիթի երիտասարդ թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն այն համոզմանն է, որ բյուջեից Ամանորի խնջույքի համար 2 մլն դրամ հատկացնելը մեծ բան չէ, ավելին՝ անհրաժեշտ է տարին գեղեցիկ ձևով եզրափակելու համար: Մկրտչյանը, վստահաբար, միակ թաղապետը չէ, որ այդպես է կարծում: Նա անձամբ է տեղեկացրել՝ Երևանի բոլոր թաղապետարաններն էլ Ամանորի քեֆ-ուրախության համար գումար են դուրս գրել:
Պետական համակարգի աշխատողների՝ արտոնյալ պայմաններում աշխատելու մասին այնքան ենք բարձրաձայնել, որ հերթական նմանատիպ ինֆորմացիայի հետ ծանոթանալիս ինքս ինձ հարց եմ տալիս՝ միգուցե պետական ապարատու՞մ աշխատանքի անցնեմ. կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի, պարգևավճարն ու «կոորպորատիվն էլ»՝ հավուր պատշաճի: Գործընկերներիցս մեկը վերջերս ասում էր, թե որոշել է չանդրադառնալ ո՛չ պարգևավաճարներին, ո՛չ գործուղումներին, ո՛չ էլ՝ գործ չանելու, բայց կլորիկ աշխատավարձ ստանալու խնդրին: «Միևնույն է, մանկան անմեղ աչքերով այնպիսի արդարացում ու պատճառաբանություն են բերում պետծառայողները, որ ուզում եմ աշխատավարձս իրենց նվիրել»,- սրտնեղում էր գործընկերս: Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի հարցազրույցը կարդալուց հետո ես ճիշտ հակառակը որոշեցի՝ այնքան գրել անհարկի կամ անհամաչափ ծախսերի մասին, մինչև պաշտոնյաներն իրենց հաշիվ տան:
Շենգավիթի թաղապետարանի 140 աշխատակից քեֆ-ուրախություն է անելու ամբողջ տարին «տքնաջան» աշխատելու համար, իսկ Երևան քաղաքը, առհասարակ, մոտ 900 հազար դոլար է քարին քսելու, որ զբոսաշրջիկները գան Հայաստան ու ավանդական խոզի բդի փոխարեն Հանրապետության հրապարակում հոթ-դոգ և լավաշի մեջ փաթաթած թարխուն ու ձու ուտեն: Հունվարի առաջին աշխատանքային օրը, սակայն, Շենգավիթի թաղապետարանի ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նախկինի պես տեսնելու են իրենց բակերում կուտակված, ահագնացող չափերի հասնող աղբակույտերը, վախը սրտներում են նստելու քաղաքապետ Հայկ Մարությանի ասած «մահվան վերելակներն» ու երանությամբ նայելու Մյասնիկյան փողոցին, որտեղ մինչև տարեվերջ պետք է ճոպանուղու սյուներ վեր խոյանային:
Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյաները կամ պետական ծառայողները կազմակերպում են իրենց ժամանցն ու ուրախանում գործընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների տարրական սանիտարական պայմանները ծնողներն են հոգում, պետական բյուջեից նման քեֆերին գումար հատկացնելն առնվազն անհասկանալի է։
Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո՝ ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: Ամենակարող «շեֆին» էլ, ում այդ պահին բոլորը սիրում են ու կենացներ ձոնում, թվում է՝ երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, ինքը՝ սեփական ժողովրդից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ