«Քաղաքական պաշտոններ զբաղեցնողները շատ հեռու են քաղաքական դեմք լինելուց»
06.09.2019 | 00:12
Խորհրդարանական ու արտախորհրդարանական տարբեր ուժեր աշնանը կշարունակեն փորձել քաղաքական օրակարգ թելադրել, սակայն կստացվի, որ նրանք իշխանության տարերայնորեն ձևավորվող քաղաքական օրակարգն են կրկնում ընդամենը: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, նշելով, որ մեծ հաշվով միայն Նիկոլ Փաշիննյանն է քաղաքական օրակարգ թելադրում, և դա կշարունակվի նաև աշնանը: Մյուս ուժերը, ըստ Մխիթարյանի, քաղաքական օրակարգում հարցեր առաջարկելու «իրավունք» ստանալու համար էապես պետք է ընդլայնեն սեփական ազդեցության ոլորտները, ձեռք բերեն համակիրների որոշակի բանակ՝ ձևավորված գաղափարախոսական հիմքերի վրա: Մինչդեռ քաղաքական ուժերից ոչ մեկն այդ ռեսուրսն այժմ չունի, առաջիկայում էլ շատ դժվար է լինելու այն ձեռք բերել, հետևաբար, մնում է սպասել մյուս տարվա «թեժ աշնանը»:
-Քաղաքական դաշտի հիմնական բանավեճը ծավալվում է իշխանություն-արտախորհրդարանական ընդդիմություն տանդեմում։ Ինչո՞ւ է պասիվ խորհրդարանական ընդդիմությունը:
-Ըստ իս՝ մեր հասարակությունում քաղաքական բանավեճ ընդհանրապես չկա, ու դա վատ է, որովհետև առանց քաղաքական-գաղափարախոսական հոսանքների հստակ ձևավորման ու դրանց շուրջ ծավալված բանավեճի, պայքարի դժվար է պատկերացնել երկրի առաջընթացը: Մի կողմից դրա «մեղավորը» իշխող քաղաքական ուժն է, որ հայտարարել է Հայաստանում առանց «իզմերի» քաղաքական դաշտի մասին, մյուս կողմից էլ քաղաքական ուժերից որևէ մեկը, տարբեր պատճառներով, այդ կարևոր ու ծանրակշիռ դերակատարումն առայժմ չի կարողացել ստանձնել: Ուզում եմ հասկանալ՝ արտախորհրդարանական ուժերից ո՞ր մեկն է կարողանում բանավիճել իշխանության հետ. այդպիսի ազդեցիկ կուսակցություն առայժմ ձևավորված չէ: Քաղաքական իրադարձություններն ու բանավեճերը ծավալվում են վարչապետ Փաշինյանի այս կամ այն քայլից հետո միայն, իսկ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերը ուղղակի դրանց արձագանքողն ու դրանց մասին կարծիք հայտնողներն են: Այո, համաձայն եմ, որ խորհրդարանական ուժերը, այդ թվում և «Իմ քայլը», այնքան թույլ են, որ քաղաքական հիմնական բանավեճը չեն կարողանում խորհրդարանի պատերի ներսում պահել:
-Տեսակետ կա, որ ընդդիմության չգոյությունը շատ ավելի ազգային անվտանգության խնդիր է, քան, օրինակ, թույլ բանակը: Ի՞նչ ընդդիմություն ունենք այսօր` թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական:
-Կարծում եմ, որ ուժեղ ընդդիմությունը պայմանավորված է ուժեղ իշխանությամբ, և հակառակը: Նախ՝ մենք չունենք ուժեղ, գաղափարապես միաձույլ իշխող քաղաքական ուժ: Որակական առումով քաղաքական ուժերը, կուսակցությունները միմյանցից շատ չեն տարբերվում: Այսօր կուսակցությունները թույլ են, որովհետև գրեթե չկա ներկուսակցական դեմոկրատիա, որոշումների կայացման գործընթացները շատ անհասկանալի են, չհիմնավորված, շատ դեպքերում՝ միանձնյա: Քաղաքական ուժը կարող է ուժեղ լինել և զարգանալ, եթե բաց և թափանցիկ է գործում, բոլոր քայլերը պայմանավորված են սեփական գաղափարախոսությամբ և արժեքներով։ Այս իմաստով ուժեղ կուսակցությունը կարող է դառնալ ուժեղ ընդդիմություն, իսկ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նաև ուժեղ իշխանություն:
-Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կբարեփոխվի՞ դատաիրավական համակարգը, դատավորներն ու վեթինգ իրականացնող դեռևս անհայտ մարմինը պատրա՞ստ են զտման գործընթացին: Խոսակցություններն այս թեմայի շուրջ, կարծես, այլևս ակտուալ չեն:
-Սա ևս մեկ անգամ վկայում է Հայաստանում տարերային կերպով ձևավորվող քաղաքական օրակարգի մասին, չկա հետևողականություն, տրամաբանական հաստատուն ուղղություն և այլն: Նախ՝ ամենաբարձր մակարդակով, ԱԺ ամբիոնից, հայտարարվեց վեթինգի մասին, «Լուսավոր Հայաստանը» հանդես եկավ գործընթացին օգտակար առաջարկություններով, մի շարք մասնագետներ արտահայտեցին սեփական կարծիքը, բերվեցին միջազգային փորձի կիրառման մի քանի արդյունքներ, ու հիմա ի՞նչ: Անցանք բոլորովին այլ հարցերի ու խնդիրների: Կարծում եմ, որ դատաիրավական համակարգը, անշուշտ, բարեփոխումների կարիք ունի, սակայն դա պետք է տևական, անընդհատ գործողությունների շարք լինի՝ տրամաբանված ու հիմնված նախապես հանրային շահագրգիռ քննարկումների, մշակված հայեցակարգային սկզբունքների վրա:
-Նախապես հայտարարված ի՞նչ «սկզբունքներից» են իշխանությունները հետ կանգնել։
-Սկզբունքնե՞ր։ Այդպիսիք չեն էլ հայտարարվել, չկան: Եղել են որոշակի «անորոշ» նախընտրական խոստումներ, ծրագրեր թե՛ Երևանի, թե՛ ԱԺ ընտրություններից առաջ, որոնք, սակայն, անհնար է գնահատել, չափել, որովհետև չկան չափման միավորներ, սանդղակ: Իշխանությունների ամենապահպանվող սկզբունքն անսկզբունքայնությունն է, ու դրա համար իշխանություններին կտրվի քաղաքական գնահատական, և դա կտա քաղաքացին՝ ընտրությունների ժամանակ:
-Քաղաքական օրակարգին հիմնականում ակտիվություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող դեպքերը, թվում է, օրակարգային այլ հարց չունենք։ Ինչու՞ է այդպես, ինչու՞ քաղաքական ուժերը գաղափարապես չեն հագեցնում օրակարգը։
-Քաղաքական քննարկում, բանավեճ, մեխանիզմներ չկան: Ընդ որում, չկա ոչ միայն տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ նաև դրանց ներսում: Քաղաքական առաջին մարմինը՝ խորհրդարանը, նույնպես քննարկումների հարթակ չէ, ինչն իսկապես մտահոգիչ է: Այս առումով, օրինակ, կարևոր նախաձեռնություն է ցուցաբերում «Քաղաքական լիգան», որի քաղաքական բանավեճի ակումբը որոշակի պարբերականությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս ծիրի մեջ առաջիկայում սկսելու եմ «Քաղաքական օրակարգում» աշխատանքային խորագրով հեռուստահաղորդաշար, որը, կարծում եմ կկարողանա որոշակիորեն լրացնել այդ բացը, քաղաքական բանավեճի մշակույթ ձևավորել:
-Տեսնելով պետական պաշտոնյաների, պատգամավորների ոչ կոմպետենտ քայլերն ու հայտարարությունները` մարդիկ իրենք իրենց հարց են տալիս՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյա՞նը իր կադրային քաղաքականությամբ, թե՞ մարդիկ, որ ընտրություն են կատարել՝ վստահելով բացառապես Փաշինյանին:
-Իսկապես, պետական պաշտոնյաների, պատգամավորների ոչ արհեստավարժ, վախվորած քայլերը, մեղմ ասած, չեն նպաստում երկրի զարգացմանը, առաջընթացին: Ավելին, պետական կառավարման տարբեր բնագավառներում գրեթե նույն իրավիճակն է. փոխված ղեկավարները բանից անտեղյակ են, «դեռևս սովորում են», իսկ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները շատ հեռու են քաղաքական դեմք լինելուց ու առաջիկայում դժվար էլ այդպիսիք դառնան, հետևաբար, ի՞նչ անել այս դեպքում: Ես հնարավոր սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնեի՝ ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, հանրային ծառայության մասին օրենք և այլն, ընդհուպ սահմանադրական փոփոխություններ՝ անհրաժեշտության պարագայում: Այնուհետև կարելի է հեղափոխության արժեքներով ներծծված փոփոխված օրենսդրությանը համապատասխան ԱԺ ընտրություններ նախաձեռնել, իսկ պետական կառավարման համակարգը համալրել արհեստավարժ մասնագետներով: Սա է միակ ճանապարհը քաղաքական խորհրդարան ու երկրի զարգացմանը հետամուտ պետական կառավարման համակարգ ունենալու, սա է միակ երաշխիքը երկրի առաջընթաց զարգացումն ապահովելու:
-Տեսակետ կա, թե իշխանությունը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի երկարաձգի իր կյանքը, համամի՞տ եք:
-Ընդհակառակը, ինչպես վերևում ասացի, սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են քաղաքացիական նոր արժեքներն ամրագրելու և այդ հիմքի վրա երկրում հասարակական-քաղաքական համապատասխան դաշտ ձևավորելու համար: Ընդ որում, իշխանությունն այս հարցում էլ տարերային, անկազմակերպ մոտեցում է ցուցաբերում: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության և հրատապության հարցը բազմիցս բարձրացրել է «Քաղաքական լիգան», մի քանի անգամ գրավոր դիմել պատկան մարմիններին, սակայն դրական ոչ մի արձագանք: Ավելին, ՀՀ ԱԺ-ին ուղղված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների մասին լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ ուղարկվել է առնվազն մեկ ամիս առաջ, մինչ օրս անպատասխան է մնացել:
-Իշխանությունն իր հասցեին հնչող քննադատությանը հակադարձում է, թե իրենք ստեղծել են ժողովրդավարական պայմաններ, երբ ամեն քաղաքացի կարող է անարգել իր խնդիրները բարձրաձայնել և լուծումներ պահանջել։ Այդպե՞ս է:
-Այո, սակայն հարկավոր է այդ պայմաններն ստեղծողի ճիշտ անունը հնչեցնել. դա քաղաքացին է: Քաղաքացիներն են, որ ստեղծել են այնպիսի քաղաքացիական-քաղաքական մթնոլորտ, որ իշխանության մեջ գտնվողներն անգամ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները: Միաժամանակ, հարկ է նշել, որ շատերն այդ խնդիրները իներցիայով են բարձրաձայնում, առանց մտածելու, ձևավորվել է «չգիտակցված պայքարողների» խավ, ինչն էապես ազդում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
-Այսօր տարածաշրջանը կարծես եփվում է, իսկ Հայաստանի իշխանությունն ունի՞ այնքան դիմադրողականություն, որ գերհզոր պետությունների ճնշումներին դիմանա։
-Արտաքին քաղաքական ոչ բարենպաստ զարգացումների պարագայում, վստահ եմ, իշխանությունները միայնակ չեն մնալու: Սա այն հարցն է, որ միշտ համախմբել է մեր հասարակությանը: Իշխանությունն ու ընդդիմությունը, ըստ էության, արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ունեն միմյանցից չտարբերվող մոտեցումներ: Կարծում եմ, որ այս հարցերում հարկավոր է լավագույնս օգտագործել խորհրդարանական և ժողովրդական դիվանագիտության պոտենցիալը, քաղաքականապես ակտիվ առավել լայն զանգվածներ, ուղեղային կենտրոններ, քաղհասարակության ներկայացուցիչներ ներգրավել՝ երկրի «դիմադրողականությունը» մեծացնելու համար:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ