Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` LIVEnews.am-ին օրերս տված հարցազրույցն ակնհայտորեն տեղիք է տվել իշխանության գնալով նոսրացող փաշինյանական թևի ու վարչապետի ֆեյսբուքյան մանկլավիկների` նրան ստրկամտորեն ծառայող հաճկատարների, պնակալեզների հիստերիային: Արցախի հերոսի հասցեին հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ նրան հերոսի կոչումից զրկելու պահանջները հաջորդում են միմյանց, քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում է ու դառնում տագնապալի:
Վիտալի Բալասանյանի դեմ հանդես եկողները, գրեթե առանց բացառության, նրա խոսքը համատեքստից կտրված են ներկայացնում` թաքցնելով Բալասանյանի ասածի մի մասը, այսինքն` պայմանները, նախադրյալները, որոնց առկայության դեպքում նա, Արցախի, ինչու ոչ, նաև Հայաստանի Հանրապետության հայրենասիրական ուժերն իրականություն կդարձնեն հրապարակայնորեն ասված զգուշացումը: Վերջերս էլ մարդկությանն անհայտ ու նույնիսկ հայաստանցիներից քչերին հայտնի պատգանավորներից մեկը` իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, Վիտալի Բալասանյանին նկատի ունենալով և իրեն ծիծաղելի վիճակի մեջ դնելով, զգուշացրել էր` «Թող զգույշ լինի, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի», կարծես թե այդ ծանր բաների համար իր գլուխը բացառություն է…
Անտեղյակներին տեղեկացնենք, ոմանց էլ «հիշեցնենք», թե ինչ է ասել Վիտալի Բալասանյանը.
«Երբ որ մենք 2016 թվականին, կարելի է ասել, ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք, հիմա հայտարարում եմ բոլորին, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր փորձեն ոտնձգություն իրականացնել թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի, թե՛ պետության, թե՛ պետականության, թե՛ սահմանների, թե՛ իշխանությունների (Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում) նկատմամբ»:
Ընդգծում եմ` ես էլ եմ նույնը հայտարարում, և ո՞ր հայը չի ստորագրի Արցախի հերոսի այս խոսքերի տակ… Բալասանյանի դեմ վայրահաչող ամբոխը, ոռնացող ոհմակը, նրանց թվում ոչ միայն Նիկոլի զոմբիներ ու «Ֆեյսբուքում» առյուծ կտրած ֆեյքեր, այլև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ` բանակից խուսափած, անտեսում է, որ քրեական իրավունքում առկա է անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, և որ անհրաժեշտ պաշտպանության պարագայում կատարված սպանությունը հանցագործություն չի համարվում: Ավելին. յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իր ժողովրդի, պետության, պետականության, պետության սահմանների պաշտպանությունը, եթե դրանց նկատմամբ ոտնձգություն է կատարվում և առաջանում է նշված պաշտպանության անհրաժեշտությունը:
«Ի՞նչ է արել մեր երկրի համար պատահաբար Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներալի խոսքին և դասեր տալ ու վիրավորել նրան՝ «խուլիգան» անվանելով և «քաղաքական աղբանոց» ուղարկելով,- օրերս հրապարակված իր «ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ» հոդվածում հռետորական հարցով հանդես է եկել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և գրել,- ցավոք, մենք վերջին տարին բազմիցս լսել ենք անդաստիարակ ու «լափառոշ» խոսք, երբ մարդու ո՛չ վաստակն են հարգում, ո՛չ տարիքը։ Երբ իրենցից ոչինչ չներկայացնողներն ուսուցիչ են դարձել և խելք ու խրատ են սովորեցնում իրենցից բազմապատիկ գիտուններին ու խելոքներին։ Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, և հանրությունը, սրանց ընկերներն ու ծնողները պետք է սաստեն սրանց։ Իրենց տեղն ու չափը սովորեցնեն։ Այն, ինչ չեն սովորել մանկության ու պատանեկության տարիներին, հիմա պետք է սովորեցնեն»։
Վիտալի Բալասանյանի դեմ հանդես եկողներից մեկն էլ ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Նա օրերս ասել է, թե «Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ»: Ինքը, ամենայն հավանականությամբ, հենց այդպես է վարվել, եթե, իհարկե, կյանքում ընդհանրապես ունեցել է համարձակություն` առաջնագիծ գնալու:
Արձագանքելով Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հիշյալ խոսքին, «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Alen Ghulyan-նն իր էջում գրել է.
«Տո դու ի՞նչ գիտես պատերազմն ու առաջնագիծն ինչ են, որտեղից են սկսվում և որտեղ են վերջանում այս երկրի խրամատները.. Քանի՞ անգամ ես ռմբակոծության տակ մնացել, քանի՞ վիրավոր ընկեր ես մարտի դաշտից հանել.. Կյանքում մեկ սանտիմետր հող ազատագրած կա՞ս։ Հերիք է թիրախավորեք պատերազմ անցած մարդկանց։ էնքան եք խորացել էդ փիառի մեջ ու մնացել դրա տակ, որ ամեն ինչի մեջ միայն փիառ եք փնտրում ու տեսնում։ Սթափվեք»։
«Եվ այս բոլոր բացասական արտահայտությունները, նկարագրությունները այնպիսի մարդկանց կողմից են, ովքեր ոչ մի կաթիլ արյուն կամ քրտինք չեն թափել և մինչև այսօր չեն հասկացել և կամ գիտակցաբար քաղաքական կեղտոտ շահարկումներ են անում, ինչպես կավատ և պոռնիկ»,- հերոսի հասցեին Քոչարյանի նույն խոսքի առնչությամբ իր էջում գրել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկ ուրիշը` Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմեանը:
2016 թ. ապրիլյանի արդյունքը բոլորովին այլ կլիներ, Արցախի և, ընդհանրապես, հայերիս համար ողբերգական ու, հնարավոր է, նույնիսկ աղետալի կլիներ (ընդհուպ թշնամու կողմից Ստեփանակերտի գրավումը կամ Արցախի կորուստը), եթե Վիտալի Բալասանյանը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում չհայտնվեր, իր հատու հրամանով ու պաշտպանության բանակի նախահարձակ գործողություններով չկանխեր Ակնայի ուղղությամբ հակառակորդի զորքի պլանավորած ճեղքումը և բլիցկրիգով առաջխաղացումը Ստեփանակերտի ուղղությամբ: Սա, որ շատ հայերի է հայտնի, նույնիսկ պատմության դասագրքերի մեջ պետք է մտնի: Այսօր մենք ազգովին պետք է շնորհակալ և երախտապարտ լինենք Վիտալի Բալասանյանին: Իրականությունը, կարծում եմ, նույնիսկ Անդրանիկ Քոչարյանին է հայտնի, բայց այդ մարդուց կարելի՞ է երախտագիտություն ակնկալել…
Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և հիշյալ քննիչ հանձնաժողովի նախագահ ընտրելը, նրան նշված պաշտոնները վստահելն արդեն իսկ նոնսենս է, անհեթեթություն, եթե չասենք ազգային անվտանգության, ապա տրամաբանության ու բարոյականության դեմ մի բան, ինչպես և… վարչապետի պաշտոնում Փաշինյանի հայտնվելը: Քոչարյանին վերոնշյալ պաշտոններին բերողները հավանաբար կարծում են, թե բոլոր մարդիկ, հատկապես բոլոր գյումրեցիները մոռացել են, թե Գյումրիում ինչ վիճակ էր, երբ նա, ինչպես ԱԺ-ի պաշտոնական կայքում է ներկայացված, 1994-1996 թթ. Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչն էր (այլ տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզում 1993-1995 թթ. նախագահի լիազոր ներկայացուցիչը): Ինքը` Անդրանիկ Քոչարյանն էլ գուցե նույնն է մտածում: Այն ժամանակվա Գյումրին մոռացածներ, իհարկե, կան, բայց բոլորը չէ, որ մոռացել են… Համենայն դեպս, մոռացածների հիշողությունը թարմացնելու նպատակով նրանց խորհուրդ եմ տալիս կարդալ «ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ» (4 ) և «Հետաքրքիր դրվագներ Անդրանիկ Քոչարյանի անցյալից՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո» հոդվածները: Քոչարյանի ու թալանի հետ կապվածը, սակայն, միայն Գյումրիով չի սահմանափակվում…
«Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և ցանկություն ունի դատարանում վկայություն տալու,- դեռ այս տարվա մարտի 25-ին «ԴՈՒ ԹԱԼԱՆՉԻ ԵՍ. ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ» վերտառությամբ հոդվածի ներքո գրել է hraparak.am-ը (https://hraparak.am /post/364243387 ):- «Ես կարող եմ ասել, որ դու թերթին մեղադրել ես անազնվության մեջ, բայց դու թալանչի ես, դու թալանել ես»,- մեզ հետ զրույցում ասաց Հովսեփյանը։
Իսկ այժմ հակիրճ ներկայացնենք Սոկրատ Հովսեփյանի հրապարակումներից մեկը. «ԱՌԱՎՈՏ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ ՏԱՍԸ ՍԻԿՏԻՐՆԵՐԴ ՔԱՇԵՔ, ԹԵ ՉԷ ՀԱՍԱ ԷԴՏԵՂ ԿԳՅՈՒԼԼԵՄ»
1992 թվականի աշնանը դատախազության աշխատակից Հրաչիկ Հովհաննիսյանի հետ գործուղվել էինք Մեղրի` ստուգումների: Տեղացիները անանուն դիմում էին գրել և հայտնել, որ մի ամբողջ գնացք` մոտ 24 վագոն, բեռնավորված բենզինով, դիզվառելիքով և այլ ապրանքներով թալանվել է տեղի ՀՀՇ-ականների միջոցով, որոնց պարագլուխը հայտնի ագարակցի Ղևոնդն էր: Ստուգումներից հետո, օրվա վերջում, գիշերում էինք Ագարակում, դատավոր Անահիտի սկեսրոջ տանը: Գիշերվա ժամը երկուսն էր, երբ բարեհամբույր տանտիրուհին ասաց.
-Սոկրատ, քեզ հեռախոսի մոտ են կանչում:
Անակնկալի եկա մի պահ, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ ենք գիշերում: Երբ վերցրի խոսափողը, մեկը կոպիտ տոնով հարցրեց.
-ՈՒ՞մ հետ եմ խոսում:
Չկորցնելով ինձ, շատ հանգիստ պատասխանեցի.
-ՀՀ դատախազության քննչական վարչության դատախազ Սոկրատ Հովսեփյանի հետ:- Նա փորձեց շարունակել խոսքը, ես ընդհատեցի.
-Կներեք, իսկ ե՞ս ում հետ եմ խոսում:
-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Քոչարյանի,- եղավ պատասխանը։
-Լսում եմ Ձեզ,- ասացի ես:
-ՈՒրիշ ո՞վ կա հետդ:
Տվեցի Հրաչիկ Հովհաննիսյանի անունը: Նա մեզ մայր հայհոյեց և սպառնալով ասաց.
-Առավոտ մինչև ժամը տասը սիկտիրներդ քաշեք, թե չէ հասա էդտեղ կգյուլլեմ:
Հազիվ տիրապետելով ինձ` պատասխանեցի.
-Կողքիս հիմա կին կա, քեզ պես լկտի չեմ կարող լինել, ինչ վերաբերում է մեզ գյուլլելուն` սրտատրոփ սպասում եմ քեզ,- և անջատեցի հեռախոսը:
Առավոտյան ժամը իննին գլխավորի առաջին տեղակալ Միշա Գրիգորյանը կարգադրեց չշարունակել ստուգումները և շտապ վերադառնալ Երևան: Փորձեցի առարկել, բայց նա ասաց.
-Խնդրում եմ, շտապ վերադարձեք:
Վերադառնալու հաջորդ օրը «Երկիր» թերթում հոդված տպագրվեց «Փոխնախարարը սպառնում է»: Պատգամավոր Կիմ Բալայանը այդ մասին խոսեց Գերագույն խորհրդի նիստի ժամանակ, նույնիսկ առաջարկեց քրեական գործ հարուցել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս սպառնալիք տալու համար: Բայց ո՜վ կարող էր սանձել օր օրի հզորացող հրեշին:
Ահա սա է Անդրանիկ Քոչարյանի իրական դեմքը:
«Էն վագոններն ի՞նչ եղան, թող Անդրանիկ Քոչարյանը պատասխան տա,- ասում է Սոկրատ Հովսեփյանը և հավելում,- եթե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ բան կասի, թող գա։ Ինքը խոսում է պետականությունից, բայց զբաղվել է թալանով: Թալանել է»։
Այդ առնչությամբ ևս մեկ հոդվածից հատված` 2019 թ. ապրիլի 16-ին հրապարակված irates.am-ում, «Փառքդ շա՜տ, Աստված, որ ո՛չ թալանչի եմ, ո՛չ էլ տհաս» վերտառության ներքո.
«Այդ նույն հարցազրույցի ժամանակ պարոն Քոչարյանը հայտարարեց նաև, որ ոմն հոգեկան հիվանդ Սոկրատ Հովսեփյան իրեն մեղադրում է 30 տարվա վաղեմություն ունեցող չկատարված հանցագործության մեջ, որ այդ մասին ինքը ժամանակին, այսինքն 1992 թվականին, խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հետ և, որ նման դեպք չի եղել: Մի երկու խոսք Գևորգյանի մասին: Դա այն մորթապաշտ, վախկոտ դատախազն էր, որի ներկայությամբ 1996 թվականին կեղծված ընտրություններից բողոքող մի քանի ընդդիմադիր պատգամավորների դատի տալու համար Գևորգյանը (ասեմ, որ այդ գլխավոր դատախազի մասին հոդված եմ տպագրել «Ավանգարդում» 1992 թվականին և նրան համեմատել եմ Թալեյրանի հետ: Ես այդ ժամանակ աշխատում էի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում որպես դատախազ) միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին համաձայնություն ստանալու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Գլխավոր դատախազը կույր էր և խուլ այդ պահին, նա չէր տեսնում, թե իշխանամետ պատգամավորների ոհմակը ինչպես էր ծեծում և հայհոյում ընդդիմադիրներին:
Հիմա անդրադառնամ բուն նյութին: Հարցազրույցում մեր օրերի ԱԺ-ի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ վագոնները եղել են ադրբեջանական: Լսելով նրա վերջին խոսքերը` հրճվեցի և ինքս ինձ ասացի՝ պարզվում է մեր հերոսը ոչ միայն թալանչի է, այլև տհաս: Եթե վերլուծենք նրա խոսքերը, վագոնները եղել են ադրբեջանական, այսինքն ընդունում է, որ եղել է թալան, և լավ են արել, որովհետև դրանք ադրբեջանական վագոններ էին: Հանուն ճշմարտության ասեմ, որ այո, թալանված վագոնների մեջ կային Հայաստանի սեփականություն հանդիսացող վագոններ, ինչպես նաև Նախիջևան ուղարկվող ադրբեջանական վագոններ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանին հասցեագրված վագոններ չեն եղել, եղել են միայն ադրբեջանական, հիմա ասեմ՝ այ սալդաֆոն, Ադրբեջանի տարածքում կայանվել և թալանվել էին հարյուրավոր վագոններ, որոնք Հայաստանին էին հասցեագրված, հետևաբար Մեղրիում կայանված, բայց Նախիջանին հասցեագրված վագոնները արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն էին կազմում, որովհետև Ադրբեջանը յուրացրել էր Հայաստանին հասցեագրված հարյուրավոր վագոններ: Այնպես որ այդ վագոններն արդեն մեր երկրի սեփականությունն էին: Հիմա ինչպե՞ս չասեմ, որ դու տհաս ես: Չեմ ասում, պարոն Քոչարյան, որ դու հոգեկան հիվանդ ես, որովհետև ես իրավաբան եմ և լավ եմ հասկանում, որ մարդու հոգեկան վիճակի մասին կարող է տրվել եզրակացություն միայն դատարանի կայացրած որոշման հիման վրա, այսինքն միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:
Այ, դրա համար ասում եմ, որ դու՝ ՀՀ ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, տհաս ես:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.-1. Այ տհաս, գոնե երեսուն տարի անց ազնվություն ունեցիր և ասա, մեզ՝ Մեղրի գործուղված երկու դատախազներիս, մայր հայհոյե՞լ ես, թե՞ ոչ: Ասեմ նախապես, որ տղայավարի քֆուր եմ դնում սուտ խոսացողին: Մտածում եմ՝ այդ տհասին քարշ տա՞մ դատարան, թե՞ միայն այն բանից հետո, երբ համարձակություն կունենա և տղամարդավարի կասի՝ այո՛, հայհոյել եմ: Հակառակ պարագայում չարժե տհասի հետ հանդիպել դատարանում»:
Սոկրատ Հովսեփյանի ասածներին չհավատալու հիմքեր չկան, հակառակը` հիմքեր կան հավատալու, բայց հիմա ոչ այդ մասին եմ ցանկանում ծավալվել, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանին հիշեցնել ժամանակին «Երկիր» օրաթերթում իր մասին գրած իմ հոդվածը: Շատ ավելի կարևոր է տագնապի զանգեր խփելը, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, գրավոր խոսքով, լեզվով, «դիրիժորությամբ» և այլ գործողություններով Հայաստան աշխարհն արդեն իսկ երկփեղկված է, երկպառակտված, կանգնած ներքին բախումների շեմին` սահմանին դրան անհամբեր սպասող թշնամու դեմ հանդիման: Շատ լավ հասկանում եմ ու դեռ ժամանակին զգուշացրել եմ, որ արտաքին ուժերը Փաշինյանին իշխանության գալու հարցում էապես աջակցել են հենց այդ` միանգամայն հասկանալի նպատակով: Ընդ որում, Արևմուտքի այդ ուժերի սլաքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի և Իրանի դեմ: Ափսոս, որ մեր ժողովրդի մի մասը դա ժամանակին չհասկացավ, ոմանք այսօր էլ դեռ չեն հասկացել, իսկ երբ կհասկանան, կարող է արդեն չափազանց ուշ լինել: Երանի Նիկոլ Փաշինյանն ինքն այս ամենը հասկանա ու վերջ տա ներկայիս երկպառակության մղձավանջին, կարծում եմ, դեռ ունենալով իր սխալներն ուղղելու հնարավորությունը: Աղոթենք դրա համար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ