Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփի բոլոր ճանապարհները տանում են դեպի Պուտինը

Թրամփի բոլոր ճանապարհները տանում են դեպի Պուտինը
08.11.2019 | 12:46

Թվում է՝ Թրամփի բոլոր սկանդալներից ամենից հաճախ շահում է մեկ մարդ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է Աննա Ջուլիա Ֆինկը ավստրիական Der Standard-ում: «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Պուտինը»՝ ԱՄՆ նախագահին մեղադրեց Կոնգրեսի Համայնքների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու հետևանքները քննարկելիս: Պետք չէ լինել նախագահի հակառակորդը՝ արձանագրելու, որ Թրամփի շատ որոշումներ իրոք չափազանց ձեռնտու են Պուտինին: Թրամփի նախաձեռնած՝ տրանսատլանտյան հարաբերությունների թուլացման մեջ Պուտինը վաղուց է շահագրգռված այնքան, որքան միջազգային պայմանագրերից ու ինստիտուտներից ԱՄՆ-ի դուր գալու կամ ազգայնականությամբ ու հովանավորչությամբ պայմանավորված՝ ԵՄ-ն թուլացնելու փորձերի, ինչպես Թրամփի աջակցությունը բրեկզիտին: Անձնական մակարդակում Թրամփը հիանում է ՌԴ նախագահով, ում մասին բազմիցս բարյացկամ է արտահայտվել: Պուտինն էլ Սպիտակ տան տիրոջ մասին միայն լավն է խոսում (ականավոր, անկասկած՝ տաղանդավոր): Ռուսաստանյան «Վալդայ» բանավիճային ակումբի համար արված վերլուծության մեջ քաղաքագետ Անդրեյ Ցիգանկովը ռուս-ամերիկյան տղամարդկային բարեկամության հիմք է համարում երկու նախագահների «հոգեբանական համատեղելիությունը»՝ երկուսն էլ ավտորիտար ղեկավարներն են: ՌԴ արտաքին քաղաքականությունը որոշում է Կրեմլը, մինչդեռ ԱՄՆ քաղաքական համակարգը նախագահի համար որոշակի սահմաններ է դնում:

Այդ կանոնները գործում էին համենայն դեպս նրա նախագահության առաջին 2 տարիներին:

Ռուսաստանի հետ հարաբերությունների լավ հիմքեր ստեղծելու փորձեր արել է Թրամփի նախորդ Բարաք Օբաման: Սակայն նրա կառավարությունը ձախողվեց այդ հարցում, ինչպես ներկան: Որ նախկին երկու երդվյալ թշնամիների հարաբերությունները առավել բարդ շրջանում են, քան Օբամայի ժամանակ էր, երկու երկրների ԱԳ նախարարները արձանագրել են բազմիցս՝ նրանք «ստորին կետում» են՝ ինչպես ասում էին թե Սերգեյ Լավրովը, թե նրա այն ժամանակվա ընդդիմախոս Ռեքս Թիլերսոնը: Թիլերսոնը պաշտոնանկվեց հաջորդ օրը, երբ Ռուսաստանն անվանեց «անպատասխանատու ուժ, որ աշխարհին անկայություն է բերում»: Արդեն մեկ տարի ԱՄՆ նախագահը ավելի շատ իր ինտուիցիային է լսում, քան խորհրդականներին: Թրամփի անձնական հայացքներն ավելի շատ են թափանցում ԱՄՆ արտաքին քաղաքականություն, իսկ դրանից առավել մեծ օգուտ քաղում է Ռուսաստանը:

Հոկտեմբերի կեսին նախագահը՝ հակառակ ամբողջ Հանրապետական կուսակցության, հայտարարեց զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին՝ Պուտինին կրկնակի նվեր մատուցելով՝ նա վերջնականապես Սիրիայի դաշնակից Ռուսաստանի համար ապահովեց Մերձավոր Արևելքում մեծ տերության տեղը և հիմարացրեց քրդերին, որ մինչ այդ ԱՄՆ դաշնակիցներն էին Սիրիայում, նաև ՆԱՏՕ-ի՝ Մոսկվայի ռազմական հակառակորդի: Թրամփի շրջապատն առաջ է քաշում վաղուց մերժված դավադրության տեսությունը, որ 2016-ի ընտրություններից առաջ դեմոկրատների էլեկտրոնային փոստերի սերվերները հաքերային հարձակման են ենթարկվել ոչ թե Ռուսաստանից, այլ՝ Ուկրաինայից: Փաստը, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Ուկրաինային հանկարծ դարձավ քննարկումների առարկա, կապված է պուտինամետ խորհրդականների հետ, ում ազդեցությունը Սպիտակ տանը մեծացել է կադրային տարբեր վերադասավորումներով: Թրամփի սկզբնական համակրանքը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ մի քանի օրում փոխվեց հակակրանքի: ԶԼՄ-ների գնահատականով՝ հայացքների փոփոխության պատճառը ճնշումն էր, որ մի քանի հեռախոսազանգերով գործադրել էր անձամբ Պուտինը: ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին, Թրամփը, հակառակ ավանդույթի, նախապես չտեղեկացրեց դեմոկրատներին ու հանրապետականներին, սակայն հաղորդեց Պուտինին: Հետո էլ առաջին հերթին շնորհակալություն հայտնեց Պուտինին:

Աննա Ջուլիա Ֆինկ, Der Standard

Հ.Գ. Վաղուց էր ակնհայտ, որ հակառակ ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների ստեղծված տպավորության՝ Թրամփի բոլոր գործողությունները նպաստում են Պուտինի քայլերին, ու՝ հակառակը: Ու ոչ միայն Սիրիայում: Ոչ միայն ԵՄ-ի դեմ, այլև՝ ՆԱՏՕ-ի: Նաև՝ Իրանի: Փաստացի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ընդլայնում են ՌԴ նավթ ու գազի սպառումը ու մեծացնում Թեհրանի կախումը Մոսկվայից: Մեղմ ասած՝ Թրամփն իրականացնում է Պուտինի ցանկությունները: Բայց ամեն ինչ այդքան պարզունակ չէ՝ օրինակ, Թրամփն այդպես էլ Սիրիայից չհեռացրեց զորքերը, հակառակը՝ ուժեղացրեց նավթահանքերի շրջանում ԱՄՆ զինուժի ներկայությունը ու չի պատրաստվում ազատել Սիրիայի տարածքը: ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ բոլոր քայլերն ավելի միասնական են դարձնում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Թուրքիան դարձել է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների խոչընդոտ: Ու ևս մեկ տասնյակ նման հարցեր՝ ՌԴ-ՉԺՀ ու ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները, տարբեր պայմանագրերից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները միջազգային անվտանգության համար, և այլն, և այլն: Եվ դեռ հայտնի չէ, թե ռուս-ամերիկյան հակամարտությունը ինչ անակնկալներ է աշխարհին մատուցելու՝ ճիշտ այնպես, ինչպես Թրամփի ու Պուտինի «հոգեբանական համատեղելիությունը»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ