Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ահա այսպիսի Ամերիկա

Ահա այսպիսի Ամերիկա
12.12.2019 | 12:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կրկնել են 2016-ի նախագահական ընտրություններին միջամտության մեղադրանքը և նախազգուշացրել են փորձերի կրկնությունից: Լավրովը մեղադրանքներն անվանել է անհիմն: «Կասկածների ալիքը ողողել է Վաշինգտոնը»՝ ասել է Լավրովը: Նրանք քննարկել են նաև սպառազինության վերահսկողության միջոցների հարցերը, այդ թվում՝ СНВ-3 համաձայնագրի շարունակումն ու իրավիճակը Ուկրաինայում:


Լավրովը երկու հանդիպում է ունեցել Վաշինգտոնում: Նախ նա հանդիպել է Պոմպեոյին, հետո նրա ներկայությամբ բանակցել է Թրամփի հետ Սպիտակ տանը: Առաջին հանդիպումից հետո մամլո ասուլիսում արտաքին գերատեսչության ղեկավարները բանավիճել են 2016-ի իրադարձությունների շուրջ: Պոմպեոն պատմել է, որ Լավրովին նախազգուշացրել է ամերիկյան ընտրություններին միջամտության անթույլատրելիության մասին և սպառնացել պատասխան միջոցներով, եթե Մոսկվան ցանկանա կրկնել: «ԱՄՆ ներքին գործընթացներին մեր կարծեցյալ միջամտության մասին բոլոր սպեկուլյացիաներն անհիմն են,-պատասխանել է Լավրովը:-Մենք չեն տեսել դա հաստատող որևէ փաստ: Մեզ ոչ ոք փաստեր չի ներկայացրել, որովհետև փաստեր պարզապես չկան»: Սպիտակ տան հայտարարությունը ևս արձանագրում է, որ Թրամփը նախազգուշացրել է ընտրություններին չմիջամտել:


ԱՄՆ նախագահը նաև Ուկրաինայի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կոչ է արել Ռուսաստանին, իսկ Պոմպեոն հանդիպումից հետո պատմել է, որ Լավրովին հիշեցրել է՝ Ղրիմը պատկանում է Ուկրաինային: Լավրովն ու Պոմպեոն քննարկել են նախօրեին Փարիզում կայացած բանակցությունները նորմանդյան ձևաչափով: Ռուսական պատվիրակության համար օրակարգի առանցքային կետը սպառազինությունների վերահսկողությունն էր: Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է երկարաձգել СНВ-3-ի՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման պայմանագրի, գործողության ժամկետը: Դա նշանակում է, որ СНВ-3-ի ճակատագիրը կախված է Վաշինգտոնից: Այս տարի Թրամփը ԱՄՆ դուրս էր բերել փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից:


Եթե նախկինում Թրամփի բանակցությունները ՌԴ ներկայացուցիչների հետ հայտնվում էին թերթերի առաջին էջերում, այս անգամ ամերիկացիներն ավելի շատ քննարկում են նախագահի իմպիչմենտը: Սպիտակ տանը հանդիպումից մի քանի ժամ առաջ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի դեմ 2 մեղադրանք առաջադրեցին: Գլխավոր մեղադրանքը պաշտոնական դիրքի չարաշահումն է: Այդպես են դեմոկրատները մեկնաբանում իր քաղաքական ընդդիմախոսի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, դեմ հետաքննություն սկսելու խնդրանքը, որ հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խոսակցության ժամանակ: Ավելի վաղ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում էր Թրամփի ու Ռուսաստանի պայմանավորվարծության և 2016-ի ընտրություններում ՌԴ միջամտության մեղադրանքը: Նախագահի մեղքը չապացուցվեց, բայց ամերիկյան հետախուզությունը գտնում է, որ Ռուսաստանը զբաղվել է ապատեղեկատվությամբ սոցիալական ցանցերուն՝ Թրամփի ընտրությանն օգնելու համար: Մոսկվան հետևողական հերքում է մեղադրանքը:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ ոչ միայն ամերիկյան հետախուզությունը, այլև Թրամփն ու Պոմպեոն չեն հավատում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, այլապես ընտրություններից 3 տարի անց բանակցությունների գլխավոր թեմա չէին դարձնի ՌԴ միջամտության հարցը, որի ապացույց չեն կարողանում ներկայացնել: Գուցե դա արդեն դիվանագիտական հնարք է՝ լուրջ հարցերից խուսափելու համար, այլապես՝ կազուս է, որ ինքը՝ Թրամփը, քանիցս հերքել է նման միջամտության հնարավորությունը, իսկ Վաշինգտոնում մեղադրանք է ներկայացնում ՌԴ ԱԳ նախարարին: Բայց դա նրան չի խանգարել թվիթերում հրապարակել Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկար՝ արված Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ու գրել. «Շատ լավ հանդիպում անցկացրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային համաձայնագիրը, միջուկային զենքի վերահսկումը և ընտրություններին միջամտությունը: Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում այս երկխոսության շարունակմանը»: Լավրովի այցը Սպիտակ տուն տևել է մեկ ժամ: Չի բացառվում, որ ՌԴ ԱԳ նախարարը Վաշինգտոնում է նաև Դոնալդ Թրամփի՝ 2020-ի մայիսի 9-ին Մոսկվա այցի նախապատրաստման նպատակով, թեև այդ մասին ոչինչ չի ասվում հրապարակավ: Իսկ դեմոկրատները չեն բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող էր Լավրովի միջոցով գաղտնի տեղեկություններ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ահա այսպիսի Ամերիկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ