«Կենսագրություն չունեցող մարդիկ գալիս են կառավարման համակարգ ու ստանում պարգևավճարներ»
13.03.2020 | 01:53
Միջազգային շուկաները, երկրների տնտեսությունները զգալի վնասներ են կրում նավթի գնանկումից, կառավարությունները փորձում են հնարավոր ռիսկերը չեզոքացնել, ամեն ինչ անել, որ իրենց տնտեսությունները քիչ վնասներ ունենան։ Ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը լույսի արագությամբ, հեղափոխական քայլերով զարգանում է, նավթի գներն էլ մեզ ի՞նչ. ոչ նավթ ունենք, ոչ դարդ։ Դժվար է այլ կերպ նկարագրել մեր երկրի վարչապետի վերաբեմունքն այս մարտահրավերներին։ Նրա արձակուրդ գնալու փաստով ամեն ինչ ասված է։ Եվ այդուամենայնիվ ի՞նչ կարող է սպասել մեր տնտեսությունն այս պայմաններում։ Տնտեսական, և ոչ միայն, խնդիրների մասին զրուցել ենք ԵՊՀ պրոֆեսոր, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ։ Մինչ այդ փորձեցինք տնտեսագետից պարզել, թե ինչու է նավթի գինն անկում ապրում։
-Առնվազն կառավարության ներկայացուցիչների համար սա պետք է անսպասելի չլիներ, որովհետև ովքեր գոնե փորձագիտական կարողություն ունեն, պետք է կանխատեսեին այս վիճակը,- նշեց Մանասերյանը։- Մենք դեռ 5 տարի առաջ կանխատեսել ենք և այդ մասին հրապարակել նաև լրատվամիջոցներով։ Տարբեր պատճառներով պայմանավորված նավթի և գազի գներն ընկնում են։ Իհարկե, հնարավոր է փոքր էպիզոդներով որոշակի բարձրանան, բայց հետո էլի նվազելու են։ Միանշանակ է՝ նավթի գինը հին մակարդակին էլ երբեք չի վերադառնա։ Խնդիրն այն է, որ մի քանի գործոններ են միանգամից ասպարեզ եկել։ Նախ ածխաջրածինների, հատկապես նավթի և գազի հանդեպ նվազել է համաշխարհային պահանջարկը։ Նավթն ունի բազմաթիվ մրցակիցներ, որն արդեն նոր երևույթ չէ, առաջիկա տարիներին նավթի գինը, որպես քաղաքական և ռազմավարական գործոն, էլի է նվազելու։ Նավթը լինելու է էներգակիրներից մեկը, ոչ թե գլխավորը, ինչպես տասնամյակներ եղել է։ Այս իմաստով սա ի բարեբախտություն մեզ է և ի դժբախտություն մեր հարևանների, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջ, որի դիրքերի թուլացումը մեր շահերից չի բխում։ Տեխնոլոգիաների դարում գիտությունն առաջ է գնում, և նոր էներգակիրներ են հայտնվում, նավթը վաղուց մրցակիցներ ունի։ Այս ամենին ավելանում է ևս մեկ կարևոր խնդիր. արդեն 10 տարի է՝ ԱՄՆ-ն արդյունահանում է իր թերթաքարային նավթը և ավանդական աղբյուրներից նավթ չգնելու փաստը ևս կարևորագույն խնդիր է։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ը ձեռք չի տվել իր ներքին պաշարներին և օգտագործել է այլ երկրների ընդերքի հարստությունը։ Եթե հիմա դիտարկենք, թե ինչ գներով է ԱՄՆ-ն իր ներսում արդյունահանում նավթը, ապա դժվար չէ կանխատեսել, որ նավթի գները կարող են տեսանելի ապագայում հասնել 15-20 դոլարի։ Հետագայում հնարավոր է գնի փոքր բարձրացում լինի, բայց անկման միտումն անկասելի է։ Սա նաև այլ գործոններով է պայմանավորված։
-Ասացիք, որ այսպիսի գնանկումը կանխատեսելի էր, Հայաստանի տնտեսության պատասխանատուներն ունե՞ն նման իրավիճակներում մշակված գործողություններ, ռազմավարություն և դրանք տեսանելի՞ են։
-Ինձ հայտնի չեն այդ գործողությունները, մշակված ռազմավարությունը։ Կարծում եմ, նման բան չկա։ Մենք ժամանակին ոչ միայն կանխատեսել էինք այս գնանկումը, այլև սցենարներ էինք մշակել, բայց վստահ եմ, որ դա հատկապես կառավարության համար հետաքրքիր չէ։
-Դուք ներկայացրել եք կառավարությանը և բացասական արձագա՞նք եք ստացել։
-Իսկ ինչու՞ պիտի կառավարություն գնանք և դա ներկայացնենք։ Կառավարությունը մեր տեղը շատ լավ գիտի, նման սցենարները պետք է պահանջարկված լինեն, ինչպես ցանկացած ապրանք և ծառայություն, որն իր գինն ունի։ Այլ բան է, որ մենք այդ ամենը կարող ենք նաև անվճար տրամադրել, բայց դա ունենալու ցանկություն է նաև պետք։ Կառավարության նման ցանկությունը բացակայում է։ Իսկ մենք չենք գնա կառավարության մոտ ու խնդրենք, թե ձեզ կհետաքրքրի՞ այս կանխատեսումը։ Հիմա էլ մենք ունենք սցենարներ, և եթե կառավարությունը ցանկություն ունի օգտվելու դրանցից, կարող է հետաքրքրվել։ Սա էլ փորձաքար կարող է լինել։ Կարող եմ միանշանակ ասել, որ նման հետաքրքրություն չի կարող լինել։ Այդպիսի պատրանքներ չկան։
-Ո՞րն է Ձեր բացատրությունը, ինչու՞ չեն ցանկանում օգտվել այդ սցենարներից։
-Դա պետք է հարցնել կառավարությունից։ Մենք մեր գործն ենք անում, փորձում ենք մեր երկրին օգտակար լինել, բայց այդ հարցն ինձ մի տվեք, որովհետև, բարեբախտաբար, ես կառավարության անդամ չեմ։
-Մենք ունենք բազմաթիվ տնտեսագետներ, որոնք տարբեր հարցերի շուրջ առաջարկություններ են ներկայացնում, ինչ-ինչ հարցերում փորձում ուղղորդումներ անել, բայց հայրենի կառավարությունն այդ ամենին անհաղորդ է, ինչու՞։ Հիշենք՝ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ոչ թե ներսի տնտեսագետների ներուժը փորձեց օգտագործել, այլ դրսից տնտեսագետի հրավիրել, որն այդպես էլ չեկավ։
-Իրենց խնդիրն է, թող դրսից հրավիրեն տնտեսագետներ։ Բայց պետք է նաև տնտեսական մշակված գործողություններից օգտվելու ցանկություն։ Անհրաժեշտ է խորքային մոտեցում, անհանգստություն երկրի տնտեսության հանդեպ։ Կառավարությունում ամեն հարցից տեղյակ մարդիկ կան, ու այս միջավայրում հավանաբար փորձագետների կարիք չկա։ Մենք ամեն օր աշխատում ենք տնտեսական տարբեր սցենարների վրա, որոնք բազմագործոն են և ըստ իրավիճակի, կարող են տարբեր ընթացք ունենալ։
-Մի կողմից փորձագետների, տնտեսագետների հետ աշխատելու ցանկություն չկա, մշակված սցենարներից անգամ չեն ուզում օգտվել, մյուս կողմից էլ այս կառավարության մշակած տնտեսական լուրջ ծրագրերը չենք տեսնում։ Ի վերջո, ո՞րն է մեր տնտեսության խնդիրը՝ կադրե՞րը, թե՞ ծրագրերի բացակայությունը։
-Մենք լսում ենք վարչապետից, օրինակ, այնպիսի արտահայտություն, թե իրեն այնպիսի բաներ են ներկայացնում, որ ուզում է իրեն պատուհանից դուրս նետի։ Չպետք է թողնել, որ կառավարության ղեկավարը հասնի այդ վիճակին։ Վարչապետի հանձնարարականները ողջ տարվա ընթացքում չեն կատարվում, ու դրանից նա զայրանում, վրդովվում է։ Այս ամենն ինքնին փաստում է կառավարության ոչ արդյունավետ աշխատանքի մասին։ Փաշինյանն անձամբ ինձ խնդրել է մշակել կոնկրետ խնդրի վերաբերյալ մոտեցումներ, բայց դրա հանձնումը վարչապետին դարձավ անհնարին մի բան։ Իր օգնականները, տեղակալը, տնտեսական բլոկի խորհրդականներն ամեն ինչ անում են, որ դրանք նրան չհասնեն։ Իրեն հարգող փորձագետը նման մեկ-երկու փորձից հետո կդադարի ջանք գործադրել, որ այդ փաստաթուղթը տեղ հասնի։ Գուցե կան այլ փորձագետներ, որոնք ամեն օր կառավարությանը կփորձեն սիրաշահել, կամ վայ տնտեսագետների մի ստվար զանգված, որ անգամ ամոթալի բաներ էր տպագրում, որ դուր գա վարչապետին կամ նախարարներին։ Բայց այնտեղ էլ հասկացել են, որ դա ընդամենը շոու է։ Մենք այնքան փոքր հասարակություն ենք ու առավել փոքր փորձագիտական հանրույթ, որ բոլորը գիտեն, թե ով ով է։ Ով է աշխատող մեղուների շարքում, ով՝ բոռերի։ Ցանկության դեպքում հանգիստ կարելի է մոբիլիզացնել այդ ներուժը։ Դրսից էլ կարող են փորձագետների հրավիրել, բայց նախ պիտի վստահ լինեն, որ ներսի ներուժը սպառված է կամ բավարար օգտագործված։ Վատ կադրեր ունենալու հանգամանքը վարչապետի խնդիրն է, քանի որ նա է իր շուրջը հավաքել այդպիսի նախարարների, խորհրդականի, փոխվարչապետի, որոնք ավելի շատ խոսում են, իրենց շահերը սպասարկում ու իրենց խնդիրները լուծում, քան մտահոգված են Հայաստանի վիճակով։ Ես էլ մեծ ցանկություն չունեմ նմանների հետ շփվելու։
-Եթե լսենք իշխող ուժի տնտեսագետներին, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության անդամներին, Հայաստանում տնտեսական կյանքը բուռն զարգանում է։ Ձեր դիտարկումը։
-Ես այդ խմբակցության ընդամենը մեկ տնտեսագետի գիտեմ, որն ունի տնտեսության վերաբերյալ բավարար գիտելիքներ։ Բաբկեն Թունյանը, որն իմ ուսանողն է եղել և կարող է վերլուծություն անել ու հասկանալ իրավիճակը։ Բայց նրան օգնություն է պետք, ես այդ խմբակցությունում ուրիշ վառ արտահայտված տնտեսագետ չեմ ճանաչում։ Այդ մարդիկ պետք է որպես տնտեսագետ իրենց դրսևորած լինեն, որ կարողանաս նրանց առանձնացնել։ Կան նաև նախկիններ, որոնք այսօր կուրծք են ծեծում, թե մեզ հնարավորություն տվեք, այսպես կանենք։ Ժամանակին անգամ երկիր են ղեկավարել ու տապալել են ամեն ինչ։ Ողջ իշխանությունում կան մեկ-երկու ոչ թե հանճարեղ, այլ ադեկվատ տնտեսագետներ, որոնց հետ կարող եք զրուցել։ Մենք չունենք թիմ։ Իսկ նրանք, ովքեր զբաղեցնում են տնտեսական բլոկի պաշտոնները, մոտ չեն թողնում կայացածներին, որպեսզի իրենք չկործանվեն։ Հիմա նրանք մի կերպ կարողացել են հասնել մանդատի, մի փոքր աթոռիկի։ Իրենք դողէրոցքի մեջ են, ինչպե՞ս հաշվի նստեն նորմալ կայացած մասնագետների հետ։ Եթե իշխանությունն ունի համարձակություն, ոչ ամենաբարձր մակարդակներում, գոնե միջին օղակում պետք է մրցույթով թիմ հավաքի։ «Մրցույթ» բառը վախեցնում է նրանց։ Որ օրը այդ ինստիտուտը կիրառվի Հայաստանում, այդ օրվանից կսկսեմ վստահել կառավարությանը։ Հիմա սփյուռքի գծով հանձնակատարը վարչապետի հետ ասում են, թե սփյուռքի ներկայացուցիչներին կառավարությունում աշխատանքի մրցույթ ենք հայտարարում։ Ի՞նչ է, ներսում մրցույթ հայտարարելն արգելվա՞ծ է։ Արժանիներին կառավարություն բերելն արգելվա՞ծ է, այդպիսի մարդիկ չկա՞ն, մահացե՞լ են։ Ամոթ է, այդպես չի կարելի։
-Ասել է՝ այս կառավարությունու՞մ էլ ԽԾԲ հայտնի մեթոդն է աշխատում։
-ԽԾԲ չէ, սա խայտառակություն է, գործում է կոռուպցիայի ինստիտուտը։ Որ ասում են, թե կոռուպցիա չկա, ես չեմ հավատում։ Կոռուպցիան ոչ միայն փող տալն է, այլև ծանոթին, մերձավորին բերելը իշխանության, որոնք երկիրն ու ժողովրդին փորձադաշտ են դարձնում։ Սա ևս կոռուպցիայի դրսևորում է՝ օգտագործում են իրենց դիրքը նշանակումներ անելու համար։ Կենսագրություն չունեցող մարդիկ գալիս են կառավարման համակարգ ու ստանում պարգևավճարներ։ ՈՒզում եմ այդ նշանակողներին հարցնել՝ իրենք փողոցից պատահական մարդու ձեռքը կբռնեի՞ն ու իրենց տան վերանորոգումը նրանց կվստահեի՞ն։ Չեք անի, չէ՞։ Կհարցնեիք, թե փորձ ունի-չունի, ձեռքը վրձին վերցրե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ հիմա պետական ապարատ են լցվում մարդիկ, որոնք բացարձակ փորձ, կենսագրություն չունեն։ Մի գաղտնիք էլ ասեմ. որոշ մարդկանց, որոնք բավարար փորձ չունեն քաղծառայողի մրցույթով անցնելու համար, բերում են խորհրդական կամ հայեցողական այլ պաշտոնի ու նրանց ավելի շատ են պարգևավճարներ տալիս։ Սա ի՞նչ է, կոռուպցիա չէ՞, երբ որևէ հարկատուի կարծիք չհարցնելով, բազմամիլիոն պարգևավճարումներ են տրվում։ Ես կողմ եմ աշխատողին մոտիվացնելուն, պարգևավճարներ տալուն, բայց արժանիներին։ Խնդիր պիտի ձևակերպվի, ու եթե այդ մարդիկ դա կարող են լուծել, պետք է քաջալերել։ Սակայն նախ և առաջ պետք է բոլորն իրենց աշխատավարձը վաստակեն, այսինքն՝ աշխատանքի դիմաց վարձ ստանան։ Իսկ բազմաթիվ են այնպիսիները, որոնք աշխատանքի չեն գնում և աշխատավարձ են ստանում, օգտվում են պետական բարիքներից գումարած պարգևավճարից։ Սա տանում է դեպի այլասերում, հանրային կառավարման տեսանկյունից սա հանգեցնում է կառավարման համակարգի կազմալուծմանը։ Սրանից հետո ոչ մեկին չեք կարող մոտիվացնել, որ գիտելիք ունենա, աշխատանք և ըստ դրա վարձատրում։ Հիմա Դուք խոսում եք պրոֆեսորի հետ, ինչպե՞ս այդ պրոֆեսորը մտնի լսարան և իր ուսանողին մոտիվացնի, որ տնտեսագիտական գիտելիքներ ստանա և իր կյանքում առաջընթաց ունենա։ Ինձ անձնապես կարող են վստահել, բայց ինստիտուցիոնալ առումով խնդիր կա, դժվար կլինի համոզել, որ գիտելիքն ուժ է և առաջ պիտի շարժվել դրանով։ Իրենք կարող են բազմաթիվ օրինակներ բերել, որ շաուրմա սարքողից սկսած բալգարկա նորոգողով վերջացրած «բարձր դիրք» ունեն կառավարությունում։ Սա խաթարում է կառավարման ողջ տրամաբանությունը։
-Մեր երկրում շատ բան չի փոխվում և խնդիրները տեղում են մնում այն պատճառով, որ ոչ ճիշտ մարդի՞կ են հայտնվում իշխանությունում։ Ի վերջո, ինչու՞ մեր տնտեսությունը չի զարգանում։
-Բուն պատճառը պետք է փնտրել ազնվության ու պարկեշտության բացակայության մեջ։ Պետք է ժողովրդի հետ ազնիվ լինել։ Եթե ինչ-որ բան հանրահռչակվում է, պետք է այդ խոսքերին տեր կանգնել։ Չի կարելի այսօր մի բան ասել, վաղն այլ ու ասել, թե ինչու մեզ չեք հավատում, չեք վստահում։ Եվ հանրությունը, և առավելապես իշխանությունը բառի արժեքը մոռացել են, ուշադրություն չեն դարձնում իրենց արտահայտած մտքերին։ Բառերն ունեն ոչ միայն իմաստ, այլև էներգետիկա։ Բառերով են նաև չափում մարդու արժեքը, ինչ բառեր ընտրեց ու որքանով այդ բառերին մնաց հավատարիմ։
-Այս երկու տարվա ընթացքում այնքան խոստումներ լսեցինք, այնքան տարատեսակ հայտարարություններ եղան, որ այս խառնաշփոթում շատ չե՞ն չորն ու թացն իրար խառնված։
-Ոչ միայն խոստումներ, այլև օդի մեջ կրակոցներ։ ՈՒզում եմ հասկանալ, լավ, ընդունենք, որ ՀՀԿ-ն Հայաստանի թշնամին է (չնայած ես այդպես չեմ կարծում, բոլորն էլ հայ են, առավելագույնը քաղաքական հակառակորդներ), բայց գործ անելու համար քանի՞ հոգի պիտի խանգարեն։ Երբ մարդկանց հետ խոսում ես, ասում են` վարչապետն ասում է, որ մեզ խանգարում են։ Ես ոչ այս, ոչ էլ նախորդ իշխանությունների թիմից եմ, շարքային քաղաքացի եմ և ուզում եմ հասկանալ, թե ովքեր են խանգարում, որ իշխանությունն աշխատի։ Ի՞նչ ուզեցին անել, և ովքե՞ր դրան խանգարեցին։ Վերցրեք մի շարքային դեպք, ենթադրենք, այսինչ մարդը ծառատունկ էր ուզում անել, եկան ու ձեռքից վերցրին բահը, տնկին ու ջուրը։ Պետք է հստակ լինել։ Հասարակությունը բաժանում են հատվածների, խոսում են գործակալների մասին։ Ի դեպ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու նման որակումներն այլ երկրներ այցերի ժամանակ են հնչում։ Սա պատահականությու՞ն է, թե՞ օրինաչափություն։ Իրանում գործակալների մասին հայտարարություն արվեց, իսկ Վրաստանում՝ դավաճանների, մինչ այդ նաև դավադիրների, հակահեղափոխականների մասին էր հայտարարվել։ Կարծես ողջ գունապնակը սպառվեց։ Հիմա հարց՝ ովքե՞ր են նրանք։ Այս փոքր երկրում նման բան հնչեցնելը նշանակում է վախ տարածել։ Միգուցե ե՞ս էլ եմ շրջապատված նման մարդկանցով, ուզում եմ ճանաչել նրանց։ Մեզ այս հոգեբանական վիճակը, բացասական էներգիան օգու՞տ են տալիս։ Այս ամենից հետո ողջ թիմն իր եղած ու չեղած ինտելեկտով փորձում է արդարացումներ գտնել։ Ինչու՞։ Հնարավոր չէ՞ր դրական լիցքեր հաղորդել, ասել, որ բոլորս եղբայրներ ենք, մի բուռ ժողովուրդ ենք, ունենք միևնույն նպատակները, եթե նախորդներն ուզում են խանգարել, սահմանափակ թվով մարդիկ են, որոնք էլ էլի հայեր են ու նրանց ներուժն էլ կարելի է օգտագործել։ Առանց այն էլ դրսից այնքան անբարյացակամ հայացքներ ունենք, որ մեզ 2-3 դար լիովին բավարար է։ Թե նախկին, թե ներկա օրինազանցներին պատժելը շատ կարևոր է, բայց մեր էներգիան չպետք է վատնենք այդ ամենի վրա։ Իշխանության գալուց հետո բռնելը, պատերին ծեփելը դեռ չի նշանակում երկիր շենացնել։ Պետք են արարողներ, շենացնողներ, որոնց պիտի քաջալերել։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ