Բա պինցետով հատ-հատ հանի ու արաղով դեզինֆեկցիա արա, ու՞մ ես սպասում
17.03.2020 | 00:13
Երբ երկիրը հայտնվում է ճգնաժամային իրավիճակում, կառավարման խնդիրներն ավելի ցցուն են դառնում։ Կորոնավիրուսը պարզ ցույց տվեց, թե այս իշխանությունն ինչ հարցերում է թերանում ու որքան մակերեսային մոտեցումներ ունի լուրջ խնդիրների վերաբերյալ։ Ոչ մի հարցում չկա նախապես մշակված սցենար, ծրագիր, մշտապես պայքարում են հետևանքները վերացնելու համար։ Այդպես եղավ նաև այս վիրուսի դեպքում։ Երբ աշխարհում արագ տարածվում էր կորոնավիրուսը, օր օրի նոր երկրներ էին հայտնվում նրա երախում, մենք մեզ աշխարհից դուրս էինք դրել ու մեր աշխարհն ունեինք, քարոզարշավ էինք իրականացնում։ Իսկ երբ մի էջմիածինցի կին օրերով վարակը «գրկած» այս ու այն տեղ մուտքուելք էր անում, ոչ մեկը չմտածեց, որ այդ մարդը վիրուսի ամենաատարածված երկրից է եկել, պետք չէ նրան աչքաթող անել։ ՈՒ հիմա նորից սկսել ենք հետևանքներ իբր վերացնել։
Չնայած այս օրերին հանրությանը բացի վիրուսի վիճակագրական պատկերից այլ բան չի հետաքրքրում, այդուհանդերձ, մի էական խնդիր բաց է մնում։ Կառավարությունն ունի՞ արտակարգ իրավիճակների համար մշակված որևէ սցենար։ Աստված մի արասցե, ենթադրենք այս վիճակը ձգվեց 6 ամիս, կա՞, օրինակ, կրթական, տնտեսական, սոցիալական որևէ մշակված սցենար, որը նման իրավիճակներում հնարավոր է գործի դնել։ Այս օրերին պարզ դարձավ, որ չկա։ Իրավիճակի ողջ ողբերգությունն էլ այն է, որ ժամանակ կար մշակելու, վտանգն ամեն օր մեզ մեծ արագությամբ մոտենում էր, բայց մենք հանցավոր անտարբերություն և անլրջություն էինք ցուցաբերում։ Վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»։ Իսկ այսօր անձամբ արդեն երկրորդ թեստն է հանձնում։ Բա ինչու՞ սեփական օրինակով պինցետով չի հանում ու արաղով դեզինֆեկցիա անում։ Ախր, այդպես էր, չէ՞, ժողովրդին հանգստացնում ու պատրաստվում դիմագրավելու վիրուսին, ի՞նչ եղավ, որ սեփական առողջությունն այդքան թանկ դարձավ։ Յուրաքանչյուր երկրի ղեկավարի խնդիրն է իր ժողովրդին հեռու պահել վտանգից, ոչ թե վտանգը տուն մտնի, իսկ ինքը մեկուսանա ու իր առողջության մասին մտածի։ Ընդ որում, այն դեպքում, որ օրեր շարունակ ակտիվ շփվել է մարզերի բնակիչների հետ, բուկլետներ բաժանել, բարևել ու բազմաթիվ մարդկանց հավաքել շուրջբոլորը։ Էջմիածինցի տիկնոջն են մի քանի օր բզկտում, իսկ ինչու՞ չեն խոսում կառավարության ղեկավարի անձնական պատասխանատվության մասին։ Ինչու՞ չեն ասում, թե ինչ սրտով էիր օրեր շարունակ քարոզարշավ անում, երբ վիրուսը հերիք չէ երկրիդ դռան առաջ ֆռֆռում էր, անգամ ներս էլ էր մտել, ու Ծաղկաձոր էիր տարել։ Մարդկային պատասխանատվություն չկա, պետության այրի պատասխանատվություն է՞լ չկա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ