Ով էր ժամանակին հանգստացնում հասարակությանը
03.04.2020 | 00:12
«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել և հիմա չենք կարողանում հանրությանը հետ բերել հավասարակշիռ վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանգստություն, որը համաճարակային տեսակետից պրոբլեմ է: Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին»,- երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա ասում է մի վարչապետ, որն ինքն էր անձամբ անլուրջ մոտեցում ցուցաբերում և ողջ հայությանը, ինչպես ինքն է ասում, չափից ավելի էր հանգստության մղում։
Երբ առաջադեմ, զարգացած երկրներում մոլեգնում էր վիրուսը, ու նրանք չէին կարողանում հիվանդության ողնաշարը կոտրել, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, ի՞նչ էր նրան թվում, որ իր իշխանությունն այնքան կազմակերպված է ու խելամիտ, որ կորոնավիրուսի վտանգը կարո՞ղ է չեզոքացնել ու հանրությանը հեռու պահել այդ ալիքից։ Ո՞վ էր ժամանակին հանրությանն անլուրջ մոտեցմամբ հանգստացնում, ո՞վ էր փափուկ բարձ դնում նրանց գլխի տակ, թե վարակի տարածումը նշանակում է, որ մենք «ինտեգրված» ենք միջազգային հանրությանը, ո՞վ էր օղիով ու պինցետով բուժում վիրուսը։ Փաշինյանը հանրության շրջանում ոչ թե խուճապ էր կանխում (էլ չենք խոսում, որ որոշ հայտարարություններ խուճապի դասական օրինակ էին), այլ խնդիրն էր անլրջացնում, վտանգի զգացողությունն էր բթացնում։ ՈՒ հիմա նա՞ է, որ պիտի խոսի հանրության հանգստության մասին։ Երկրի ղեկավարին են բոլորը նայում, նրա վարքին, պահվածքին և մարտահրավերները, սպառնալիքները կանխելու քայլերին ու հայտարարություններին։ Ինչպես նա է իրեն պահել, այնպես էլ այսօր հանրությունն է նրան պատասխանում։ Անձնական պատասխանատվություն կարող է հանրության որոշակի շերտ դրսևորել, բայց ժողովուրդը գլխավորապես հետևում է իր ղեկավարին ու նրա խոսքին։
Ի՞նչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սա սովորական գրիպ չէ, պարզվում է, որ այստեղ էլ «էվոլուցիա» է եղել։ «Եթե սա լիներ մեզ հայտնի գրիպ, մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին ուղղակի կասեինք գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք»,- կառավարության նիստում հայտարարեց նա։ Ո՞վ կմտաբերի, թե ով է ասել «ամբողջ տարի աշխարհում մահանում է գրիպով հիվանդ մոտ կես միլիոն մարդ. խոսքը վիրուսի տարբեր տեսակների մասին է, կորոնավիրուսն էլ նման է գրիպի վիրուսին»։ Իհարկե, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Էլ չենք խոսում, թե վերջին շրջանում այս նախարարի քանի հայտարարություն է հակասել նախկին ասածներին։ Հիմա վարչապետը հերքու՞մ է իր նախարարին, թե իրենք արդեն վերադարձել են սթափության դաշտ, բայց չափազանց ուշ։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է ստացվում, որ գլխավոր համաճարակաբանի գործն իր վրա է վերցրել Փաշինյանը և սկսել է բնութագրել վիրուսի տեսակը։ Իսկ ու՞ր մնացին մասնագետները, թե հնարավոր է 10-15 օր հետո այսօրվա հայտարարություններն էլ հերքվեն ու ասեն, թե մասնագետներն այլ բան են ասում։ Մասնագիտական հարցերը գոնե թողեք մասնագետներին։
Այսպիսի իրավիճակում, երբ ունենք փոփոխական իշխանություն, միակ երաշխիքը հասարակության սոցիալական պատասխանատվությունն է, որ մարդիկ իրենք զգուշավորություն ցուցաբերեն ու գիտակցեն իրավիճակի լրջությունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ