Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում

Նիկոլ Փաշինյան. Անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում
10.04.2020 | 23:03

Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ չնայած դժվարին ժամանակներին՝ պետք է անել հնարավորը, որպեսզի կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքի առօրյա ռիթմը:


Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ձևաչափով բոլոր մակարդակներում հանդիպումների անցկացումը և գործընկերների հետ կիսվել Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակի տեղեկատվությամբ: Հայաստանի վարչապետը նշել է. «Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ։ Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում մենք պարտավոր ենք համաձայնեցնել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում»։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը վերջերս 10 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ երկրի բիզնեսի համար մեղմելու նպատակով:


«Մենք ավելի քան 50 մլն դոլար ենք հատկացրել բնակչության առավել խոցելի խավերի կարիքների համար, նույնքան էլ՝ մասնավոր հատվածին աջակցության համար, - ասել է վարչապետը: - ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց առաջացումն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում: Այո, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին։ Ըստ ամենայնի, դա այլևս անխուսափելի է։ Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Ապագայում կունենա՞ ռեցիդիվ: Որքա՞ն խոր կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում»:


Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Անթույլատրելի է ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի սահմանափակումը նույնիսկ համավարակի պայմաններում։ Վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ անխափան բեռնատար տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար: «Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար: Շնորհակալություն, Միխայիլ Վլադիմիրի», - ասել է Փաշինյանը: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ վստահ է, որ պետք է ամրապնդեն Միությունը նույնիսկ համավարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում։ «Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը, նրա ինքնուրույնությունը ճգնաժամի շրջանում և պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորություններից, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային շրջանում: Այս առումով, ցանկանում են արձանագրել, որ մենք պաշտպանում ենք քարտուղարության կողմից ներկայացված Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: Այն համապատասխանում է մեր երկրների՝ COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության մեր տեսլականին: Եվ որպեսզի ելույթս ավարտեմ լավատեսական նոտայով, կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս աշնանն ընդունելու միջկառավարական խորհրդի հերթական նիստը», - ասել է նա: Միջկառավարական խորհրդի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկումները շարունակել նույն ձևաչափով, իսկ մինչ այդ քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ աշխատանքները կշարունակեն փոխվարչապետներն ու նախարարները:
Նիստին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Դիտվել է՝ 8444

Մեկնաբանություններ