Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մահից առաջ թողել է իր մտերիմներին և ընկերներին հրաժեշտի նամակ, որը լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել է նրա ընկեր և փաստաբան Ջորջո Ասուման, գրում է gordonua.com կայքը։ Ասումայի խոսքով՝ կոմպոզիտորի ընտանիքի անդամներն այս տպագիր ուղերձը նրա մահից հետո են գտել։
Նամակը սկսվում է «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացած եմ» արտահայտությամբ: Նամակում կոմպոզիտորը հիշատակում է բոլոր մտերիմ ընկերներին, հարազատներին և երեխաներին։ «Բոլոր իմ ընկերներին, որ միշտ կողքիս են եղել և նրանց, ովքեր հեռու են, հրաժեշտի ողջույն եմ փոխանցում»,- գրել է Մորիկոնեն՝ խնդրելով մարդկանց անհարմարություն չպատճառելու համար իր թաղումն առանց ավելորդ ցուցադրական շքեղության կազմակերպել։ «Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»,-գրել է Մորիկոնեն։ Մարիա Թրավիայի հետ Մորիկոնեն 64 տարվա ամուսնական կյանք է կիսել՝ ունենալով 4 երեխա։