Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիվանդ է ոչ միայն ֆինանսական ենթակառույցը, այլև ողջ իմունային համակարգը

Հիվանդ է ոչ միայն ֆինանսական ենթակառույցը, այլև ողջ իմունային համակարգը
26.06.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԸ
Ինչ վերաբերում է ճգնաժամի հարուցիչներին` հիմնահարցային և երևութային գործոններին, ապա դրանք կարելի է պայմանականորեն դասակարգել այսպես.
- համակարգային
- գաղափարախոսական
- պատասխանատվության
- վստահության:
Ճգնաժամը հստակ ցույց տվեց, որ հիվանդ է ոչ միայն ֆինանսական ենթակառույցը, այլև ողջ իմունային համակարգը, որին պետք է ծառայեր ֆինանսական ոլորտը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջին տասնամյակներում ոչ թե ֆինանսական համակարգն է ծառայել տնտեսությանը, այլ, ընդհակառակը, տնտեսությունը ծառայել է ֆինանսական և բանկային համակարգերի զարգացմանը: Ավելին, ֆինանսական հարաբերությունները ձեռք են բերել որոշակի ինքնուրույնություն, անգամ սկսել են զարգանալ սեփական օրենքներով և օրինաչափություններով, ինչն էլ դրանք կտրել է իրական տնտեսությունից և ձևավորել «վիրտուալ տնտեսություն»: Ի վերջո, կտրվելով իրականությունից և խզելով կապը դրա հետ, ֆինանսների աշխարհն ինքն իրեն դատապարտեց ճգնաժամի և ծանր հարված հասցրեց ողջ տնտեսական համակարգին` արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, շինարարությանը, ծառայությունների ոլորտին և այլն: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ճգնաժամը ոչ թե առանձին վերցրած ֆինանսների ոլորտին է առնչվում, այլ ողջ տնտեսական համակարգին, ուստի այն կարելի է կոչել համակարգային ճգնաժամ:
Ճգնաժամը կարելի է անվանել գաղափարախոսական այն պատճառով, որ հենց այս փուլում առավել ցայտուն կերպով դրսևորվում են ոչ միայն ազատական տնտեսության արատները, այլև վերջնականապես կարելի է արձանագրել, որ աշխարհում չի մնացել որևէ երկիր, որն ունենա բացարձակ ազատական տնտեսություն: Անգամ ճգնաժամից շատ առաջ Արևմուտքի զարգացած արդյունաբերական երկրները շարունակաբար օգտագործում էին տնտեսավարման մեթոդներ, որոնք ավանդաբար բնորոշ են վարչահրամայական համակարգին: Խոսքը վերաբերում է պլանավորմանը, որն օգտագործվում է ոչ միայն միկրո մակարդակում` առանձին ընկերությունների, այնպես էլ մեզո և մակրո մակարդակներում: Զարգացած երկրների կառավարություններն անգամ կոորդինացնում են պլանները միջպետական մակարդակով: Դրա փայլուն օրինակն այսօր Եվրամիությունն է և նրա վարած համակարգված, միասնական տնտեսական քաղաքականությունը: Մյուս կարևոր հակասությունն ազատական համակարգի հետ պետական, հանրային սեփականության առկայությունն է և դրա ծավալների ավելացումը: Հատկապես ճգնաժամի փուլում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, այլ երկրների կառավարություններն ակտիվորեն մասնակցում են տնտեսական մրցակցությանը, շուկայական հարաբերություններին և մեծ գումարներ են հատկացնում մասնավոր բանկեր և արդյունաբերական խոշոր ընկերություններ ձեռք բերելուն: Արդյունքում ավելանում է հանրային սեփականության տեսակարար կշիռը: Այսպիսով, ակնհայտորեն սպառել է իրեն տնտեսագիտության դասական դպրոցի ուսմունքը, համաձայն որի` ապրանքների գները որոշվում են շուկայում առկա պահանջարկի և առաջարկի հիման վրա, և որ պետությունը չի կարող միջամտել մրցակցությանը: Ի դեպ, ֆինանսատնտեսական ճգնաժամը տարբերվում է գաղափարախոսական ճգնաժամից նրանով, որ տնտեսությունը վաղ թե ուշ դուրս է գալու այս փուլից, մինչդեռ գաղափարախոսական ճգնաժամից դժվար թե ելք գտնվի, և հազիվ թե որևէ երկրում հնարավոր լինի այլևս պահպանել ազատական գաղափարախոսության իմունային համակարգն ու բացարձակ արժեքները: Պարզ է նաև, որ ճգնաժամի փուլը հաղթահարելուց հետո աշխարհում գրեթե ոչ մի երկիր ի վիճակի չի լինի «վայրի կապիտալիզմի» բացարձակ ազատական մեթոդներով ապահովել կայուն զարգացում: Պետության որոշ միջամտությունը շուկայի կարգավորման հարցերում իրեն միշտ զգացնել կտա:
Երևութային գործոններից չի կարելի անտեսել պատասխանատվության ճգնաժամը: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում քիչ չեն տեղական և միջազգային ֆինանսատնտեսական կառույցները, որոնցից յուրաքանչյուրը գործել է իր գործառույթների շրջանակում և անտեսել խմբային կամ թիմային պատասխանատվությունը: Այլ կերպ ասած, ցանկացած երկրի (բացառությամբ Եվրամիության) ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և այլ կառույցներ փորձել են հիվանդ տնտեսությունը բուժել իրենց նեղ մասնագիտական ուժերի և գիտելիքների շրջանակներում` թողնելով մնացածը դեպքերի և միտումների քմահաճույքին: Սահմանափակելով պատասխանատվությունը կամ թողնելով այն միմյանց վրա` իրականում ոչ ոք չի ստանձնել գլխավոր, համընդհանուր պատասխանատուի կամ գլխավոր բժշկի դերը: Իրականում այդ դերը վերապահված է միայն պետությանը` իր կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներով, իսկ անկախացումից ի վեր, ըստ էության, վերացրել են նաև գլխավոր պատասխանատուի հաստիքը և համոզել, որ հիվանդն ինքն իրեն պետք է բուժվի, այսինքն, շուկան ինքնակարգավորվող է, և արդյունքում վերացել է նաև պատասխանատվություն հասկացությունը: Անգամ այնտեղ, որտեղ շրջանառության մեջ է մտցվում ոչ միայն սեփական արժույթը, այլև համաշխարհային արժույթը` հիմնական վարակակիրը, որի կողմից համաճարակի տարածման համար, ըստ էության, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Մինչդեռ համաշխարհային տնտեսության ցանկացած ցնցում կարող է լրջորեն անդրադառնալ ամերիկյան դոլարի փոխարժեքի վրա, իսկ ԱՄՆ-ի տնտեսության և արժութային համակարգի հետ կապված ցանկացած էական փոփոխություն, իր հերթին, ազդում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրված երկրների վրա:
Միամտություն կլինի մտածել, թե որևէ մեկը կապաշխարի կամովին և կստանձնի այս ամենի պատասխանատվությունը: Պատասխանատվության ճգնաժամի ելքը, մեր համոզմամբ, հակակշիռների և զսպումների մեխանիզմի ստեղծումն է համաշխարհային տնտեսությունում և անցումը միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ աշխարհ, ուր գլոբալ մակարդակով կիրականացվեն կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները` հիմնական խաղացողների կողմից: Իսկ յուրաքանչյուրի դերը պայմանավորված է իրավունքի և պատասխանատվության խելամիտ հարաբերակցությամբ: Բնավ ընդունելի չէ, երբ իրավունքները տրվում են անսահման քանակությամբ, իսկ պատասխանատվությունը կրում է ձևական բնույթ: Նորմալ չէ նաև հակառակը: Չափից ավելի պարտականություններով ծանրաբեռնումը, առանց համարժեք իրավունքների, ի վերջո, կարող է հանգեցնել անցանկալի լարվածության: Անպատասխանատու կեցվածքը բուրգի գագաթից կարող է անցնել ամբողջ կառույցներին և կաթվածահար անել դրանց արդյունավետ գործունեությունը: Այս վտանգից ապահովագրված չեն ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածները` իրենց տարբեր ենթահամակարգերով: Ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում ոմանք, կարծես, դիտորդի կարգավիճակում են: Անգամ նրանք, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար` օրենսդիրն ու գործադիրն իրենց մասով, գործարարն ու սպառողը` իրենց: Մարդկության պատմության տարբեր հատվածներում հենց պատասխանատվության ոչ բավարար գիտակցումը, իսկ երբեմն էլ դրա բացակայությունն է պատճառ դարձել բազմաթիվ հետընթացների և ձախողումների, որոնց հետևանքները վերացնելու համար պահանջվել են տասնամյակներ ու հարյուրամյակներ:
Ի վերջո, նախորդ գործոնների ճգնաժամի պայմաններում անխուսափելի է դառնում նաև վստահության ճգնաժամը: Տնտեսական ողջ համակարգի հիմքերի սասանման, դասական ազատական գաղափարախոսության հոգեվարքի և պատասխանատվության գիտակցության դեֆիցիտի պայմաններում զարմանալի կլիներ, եթե փոխադարձ վստահությունը պահպանվեր բավարար մակարդակի վրա: Ընդսմին, փոշիանում է ինչպես առանձին երկրների ներսում` բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ կառույցների հանդեպ` հաճախորդների, սպառողների տարբեր խմբերի, այնպես էլ կառավարությունների, կենտրոնական բանկերի հանդեպ` քաղաքացիների վստահությունը: Ավելին, վստահությունը հազվադեպ է առկա առանձին միջազգային կազմակերպությունների հանդեպ տեղական կառույցների կամ անհատների վերաբերմունքում: Չնչին բացառությամբ, իրար չեն վստահում նաև տարածաշրջանային մակարդակում, գնալով բարդանում են հարևանների հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները: Դրանք հաճախ միջնորդվում են այլ երկրների կամ կառույցների հետ կապերով, ինչը երկրորդ պլան է մղում վստահության գործոնը: Արդյունքում` տնտեսական համաճարակի փուլում գնալով թուլանում է վստահությունը տնտեսության առողջացման հարցում դերակատարություն ունեցողների հանդեպ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ