Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տեսնենք կհաջողե՞ն

 Տեսնենք կհաջողե՞ն
17.06.2008 | 00:00

Խոսելով հարկային քաղաքականության և այս ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների մասին, նաև հիշելով դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի և գործարարների միջև տեղի ունեցած մեկ-երկու հանդիպումները, հստակ կերպով կարելի է նշել, որ առկա բազմաթիվ խնդիրների շարքում իր առանձին տեղն ուներ փաստաթղթավորման խնդիրը, ինչի առիթով, ի դեպ, Հարկային պետական ծառայության տեղակալը «մուննաթ էկավ» գործարարների վրա, թե հենց նրա՛նք են մեղավոր, որ խելքը գլխին փաստաթղթավորում չապահովելով` նաև խանութներին են կրակը գցում, ինչ է թե` վաճառվող ապրանքը մի քիչ էժան ստացվի։

Առաջին հայացքից, իհարկե, թվում է, թե խոսքն ընդամենը գործարարի կողմից «մի քանի կոպեկ ավել-պակաս աշխատելու» մասին է (չնայած, մյուս կողմից էլ միամիտ չկա. ոչ ոք չի հավատա, որ առանց նույն այդ օղակների հետ համագործակցության կամ գոնե ցանկալի լռության` հնարավոր է, որ որևէ մեկը մեզանում քոռ գրոշ անգամ կարողանա աշխատել), բայց ավելի ուշադիր դիտարկման դեպքում հանգում ես այն համոզման, որ խնդիրը տնտեսական հավասար պայմանների, հավասար մրցակցության, այսինքն` ազատ շուկայի մասին է:

Իսկ ի՞նչ բան է փաստաթղթավորում ասվածը` կհարցնի անտեղյակ ընթերցողը: Փաստաթղթավորումը հաշիվ-ապրանքագրերով ապրանքների իրացումը կամ ձեռքբերումն է, և օրինական փաստաթղթաշրջանառությունն էլ իսկապես առողջ տնտեսության գրավականն է: Այլ խոսքով` եթե որևէ երկրում, ինչպես մեզանում, այս գործը լավ հիմքերի վրա դրված չէ, միշտ էլ ոմանք հնարավորություն են ստանում ավտոմատ առավելություն ունենալ մնացած գործարարների նկատմամբ, իսկ հարկային տեսուչները, որոնք շատ լավ գիտեն իրենց «հաճախորդներին», կարողանում են հենց այս «ծակուծուկերում իրենց լավ զգալ» կամ նույնիսկ պատվերի դեպքում «գործ սարքել» մարդկանց գլխին։

Կառավարությունում, սակայն, խոստացել են, որ առաջիկա հարկային բարեփոխումների ընթացքում նմանատիպ բաներ չեն կրկնվի, միաժամանակ ոչ ոք այլևս չի հաշտվի տնտեսական մրցակցությունը խախտող գործարարի «բզիկների հետ»: Ավելին` այստեղ խորհուրդ են տալիս անպայման «գնալ ապրանքի օրինական փաստաթղթավորման ճանապարհով», «պատասխանատու լինել», քանի որ «այն իրականում կարող է նվազեցնել գործարարի հարկային պարտավորությունները»` մեկնաբանում է Հարկային պետական ծառայության մամլո քարտուղար Ալինա Խուդոյանը հավելելով, թե «նմանօրինակ դեպքերը վերլուծելու, կանխելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է «Թեժ գիծ», որը կգործի ուղիղ 1 ամիս՝ 594 648 կամ 594 618 հեռախոսահամարներով:

Ի դեպ, հարկային պետական ծառայությունը, երեկ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի քաղաքացիներին հորդորել է անպատճառ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն պահանջել վաճառողներից` կատարված գնումների համար: Ընդ որում` «Պահանջեք ճիշտ կտրոն. այն լինում է միայն հայերեն լեզվով»։ Ամեն մի քաղաքացուն տրված կտրոնն իրականում նրա «անուղղակի ներդրումն է երկրի եկամուտների ձևավորման գործում», և որ մենք դրանով նպաստում ենք բոլորիս համար կարևոր սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Ստացվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն այսուհետ մեր երկրում ևս «փորձելու է դառնալ» յուրօրինակ քաղաքացիական վերահսկողության միջոց, և եթե ամեն բան այսպես շարունակվի` հետագայում նաև քաղաքացու կատարած ծախսերի հաստատում կամ ապացույց կհանդիսանա որոշակի պետական մարմինների համար: Հայտնի բան է, որ բազմաթիվ երկրներում, օրինակ, անձի աղքատության կամ բարեկեցության ցուցանիշը ոչ թե մեզ նման «վայրենաբար-աչքաչափով, տանը սառնարան, հեռուստացույց ունենալ-չունենալով է հաշվարկվում», այլ հենց այսպիսի կտրոնների հաշվառմամբ, որոնք որպես կանոն գրանցվում են և անհնար է, որ քաղաքացին ի՛նքը շահագրգիռ չլինի դրանք ստանալու հարցում:

Որպես ամփոփում` ևս մի մեջբերում անենք Հարկային պետական ծառայության հաղորդագրությունից, որ մեզ է տրամադրել ծառայության մամուլի բաժինը: «Հարկային պետական ծառայությունը զգուշացնում է բոլոր առևտրային գործունեություն իրականացնողներին` զերծ մնալ հսկիչ դրամարկղային մեքենաների իրական կտրոնների փոխարեն կեղծ, ներքին հաշվառման կտրոններ տրամադրելու արատավոր գործելաոճից»:

Մնում է պարզել, թե նույն հարկային պետական ծառայության տեսուչները որքանո՞վ «զերծ կմնան» մեկից «հազար ձի ու ջորի», մեկից «ոչ ուլ մի, ոչ մաքի» պահանջելուց: Այլ խոսքով` շուտով բոլորս կհամոզվենք, թե հարկային բարեփոխումներ ասվածը կամ գոնե այս նյութի շրջանակներում վեր հանված խնդիրները որքանո՞վ են օրինական, և որ առավել կարևոր է` թափանցիկ լուծում կստանա՞ն։

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 11498

Մեկնաբանություններ