ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արտագաղթն ու ցածր ծնելիությունն ազդում են բանակի վրա

Արտագաղթն ու ցածր ծնելիությունն ազդում են բանակի վրա
02.06.2009 | 00:00

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Ինչպես բազմիցս հայտարարել են Հայաստանի ռազմական գերատեսչության պատասխանատուները, չնայած ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացիկ բանակցություններին, հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի միակ երաշխավորը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, որոնք Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության առհավատչյան են և զսպում են հակառակորդի գայթակղությունը` վերսկսելու ռազմական գործողությունները:
Թեպետ ներկայումս այնքան էլ հավանական չէ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ Ադրբեջանը դեռևս չի տիրապետում այնպիսի ռազմական հզորության, որպեսզի լայնածավալ հարձակում սկսի և ռազմական ուժով լուծի հիմնախնդիրը: Այսպես, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանի ռազմական ուժերում ծառայում է 72 հազար մարդ, ևս 5 հազարը` սահմանապահ ուժերում, սակայն իրականում այդ թիվն այսօր մոտ 115 հազար մարդ է։ Ադրբեջանական բանակն ունի 262 տանկ, 332 միավոր զրահատեխնիկա, 305 հրետանային կայան, 49 ռազմական ինքնաթիռ և 35 հարվածային ուղղաթիռ: Այստեղ ևս իրական պատկերն այլ է, և դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից, ադրբեջանական բանակը կհամալրվի նորագույն ռազմական տեխնիկայով: Եթե տնտեսական իրավիճակը կայունանա, Ադրբեջանը մոտակա տարիներին կարող է որդեգրել, այսպես կոչված, «սպառազինությունների մրցավազքի» քաղաքականությունը, որին, ինչ խոսք, Հայաստանը պարտավոր է համարժեք ձևով արձագանքել` ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: Պետք է հաշվի առնել նաև ադրբեջանական նավթի ու գազի առկայությունը, որը, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին և աշխարհում դրա նկատմամբ պահանջարկի ու գնի անկմանը, շարունակում է գումարներ բերել և լրացուցիչ մուտքեր ապահովել պետական բյուջե: Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական տեղեկանքում նշված էր, որ այս տարի ևս Ադրբեջանում կարձանագրվի եթե ոչ անցյալ տարվա 22, համենայն դեպս 7-9 տոկոս տնտեսական աճ: Իսկ Հայաստանն այս տեսանկյունից այնքան էլ շահեկան վիճակում չէ, քանի որ այս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի բացասական` 5 տոկոսով, և աճ կարող է արձանագրվել միայն 2011 թվականին: Այս պայմաններում Հայաստանի համար դժվար կլինի լրացուցիչ միջոցներ հատկացնել ռազմական գերատեսչությանը, կամ ռազմական ծախսերի պահպանումը տեղի կունենա սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտների հաշվին:
Ներկայումս հայկական զինված ուժերի մարտունակության վրա, բացի ֆինանսատնտեսական ճգնաժամից, կարող է ազդել նաև մարդկային ռեսուրսի ճգնաժամը, քանի որ տարեցտարի կրճատվում է զինակոչիկների թիվը, որի հիմնական պատճառը դեռևս անցյալ դարի 90-ականներին ծայր առած արտագաղթն է և ցածր ծնելիությունը, ինչն էլ, բնականաբար, հարվածում է երկրի պաշտպանունակությանն ու ռազմական հզորությանը: Այսպես, ներկայումս Հայաստանի և ԼՂՀ-ի զինված ուժերում, ըստ փորձագիտական տվյալների, ծառայում է մոտ 80 հազար մարդ (բնակչության թվաքանակի առումով ամենամեծ բանակն է աշխարհում` 3%): Բայց մոտակա տարիներին զինակոչիկների թիվը, մեր դիտարկումների համաձայն, կարող է նվազել: Այսպես, 2010 թվականին զինակոչային տարիքի երիտասարդների թիվը 2005-ի համեմատ կկրճատվի 15 տոկոսով, իսկ 2010-ի համեմատ 2019-ին այդ ցուցանիշը կկազմի 40 տոկոս, և սա այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը, որը Հայաստանի ներկայիս պայմաններում քիչ հավանական է: Պատահական չէ, որ վերջերս հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր հայտարարվում է, որ պայմանագրային հիմունքներով բանակում ծառայելու համար պահանջվում են 20-30 տարեկան շարքային և 35-55 տարեկան սպայական կազմի զինծառայողներ: Համենայն դեպս, մի քանի տարի առաջ այդպիսի գովազդային արշավներ չկային, նույնիսկ պայմանագրային հիմունքներով բանակում ծառայության անցնելու համար «մաղարիչ» էր պահանջվում, իսկ այժմ պետությունն ինքն է շահագրգռված դրանում: Սակայն պայմանագրային զինվորական ծառայությունն էլ իր հերթին պահանջելու է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ գովազդվող սոցիալական պարտավորությունների համար պետությունը սկսելու է ավելի շատ գումարներ հատկացնել: Այդ ծախսերը, բնականաբար, արդարացված են և անհրաժեշտ, քանզի, եթե չես կերակրում սեփական բանակդ, ստիպված դա կանես թշնամու համար:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ