Հիստերիան սուրբ հայրերն անվանում են սնափառություն
10.03.2020 | 00:11
Աստված անըմբռնելի կերպով դասավորում է մարդու արտաքին կյանքը ճիշտ համաձայն նրա ներքին կարգավորության:
Իմանալով, թե ինչ է մեղքը, մարդը կարող է քննել` ի՞նչն է իր կյանքը ավելի վատ դարձնում, և ի՞նչն է նպաստում բարելավմանը, ո՞րն է պատճառը անձնական, ընտանեկան ու հասարակական փորձանքների ու դժբախտությունների:
Մարդն ի վիճակի է նպատակաուղղված, հետևողական և համբերությամբ (չշփոթել հանդուրժողության հետ) դիմադրելու չարին: Իսկ ամեն մեկը, ով հանուն արդարության է գործում, իրեն օգնական ունի Ամենակարող Աստծուն, և «եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»: Սակայն եթե մարդիկ կարողանային փոխվել, ապա կփոխվեին նաև միջավայրի պայմանները, եթե ...
Յուրաքանչյուր մեղք չարիք է, և ոչ թե ինքն իրենով է չափվում, այլ այն բարու չափով, որը մերժվում է չարից:
Ընդունենք, որ մարդը մեղանչեց: Ի՞նչով: Հոգո՞վ, թե՞ մարմնով: Առաջին հերթին, իհարկե հոգով, իսկ հետո հոգու մեղսական հակումները մարմնավորվեցին: Մարմինը դեռ հիվանդ չէ, որովհետև ունի որոշակի կայունություն իրեն վնասող գործոնների հանդեպ, սակայն հոգեկան պաթոլոգիան արդեն առկա է, չնայած հիվանդը դեռ չի զգում, և այն չի նկատվում ուրիշների կողմից:
Ակնհայտ է, որ ցավի զգացումը և ցավով տառապելը լավ բան չէ, բայց ցավը անհրաժեշտ է, քանի որ ահազանգում է վտանգի մասին` մարմինը վնասված է: Իսկ վախը, տագնապը և սարսափը արդյո՞ք հաճելի են, իհարկե` ո՛չ: Սակայն տագնապը մեզ տեղեկացնում է հոգեկան վտանգի մասին. այն գործոնների, որոնք հոգուն են վնասում: Սա զգուշացումն է, որ հոգու ներդաշնակությունը խախտվել է: Նույն նշանակությունը ունեն մեղքի այլ պարտադիր էմոցիոնալ հետևանքները` լարվածություն, ամոթ և այլն:
Օրինակ, հիստերիան նյարդային հիվանդություն է, որն ամենուրեք նկարագրվում է որպես «թատերականություն», այսինքն ցուցադրականություն, երբ հիստերիկն ամեն ինչ անում է ի ցույց բոլորի, այսինքն` փնտրում է դիտորդների գնահատականը: Բայց այս դրսևորումները պարզորեն վկայում են այն մասին, ինչը սուրբ հայրերն անվանում են սնափառություն, որը մեծ մեղք է համարվում: Իսկ հոգեբույժները դա չեն կարող տեսնել: Սկզբունքորեն այս վիճակներով կարող էին զբաղվել հոգեբույժները և զբաղվում են` նշանակելով հանգստացնող դեղեր և սվաղում են հիվանդության առաջին նշանները` նպաստելով հիվանդության զարգացմանը, մինչև որ այն սկսի դրսևորվել ամբողջ ուժով:
Սակայն ընդհանուր լեզու գտնել հոգեբույժների հետ հոգևոր հարցեր քննարկելիս բավականին դժվար է:
Ընդհանրապես, ըստ եկեղեցու սուրբ հայրերի, հիստերիան, շիզոֆրենիան, կպչուն մտքեր, նևրոզներ, վախեր և այլ նյարդային հիվանդություններ մեծ մասամբ կամ մեղքի բացահայտ դրսևորումներն են, կամ մեղքի հետևանքներ: Դրա համար անհրաժեշտ է հոգևոր օրենքների իմացությունը և ոչ միայն մատերիալիստական մոտեցում: Եթե դիտենք հոգեկան հիվանդությունները մեղքի մասին հայրախոսական ուսմունքի լույսի տակ, կտեսնենք, որ այս հիվանդները տանջվում են հաճախ ոչ այնքան մեղքի երևույթից կամ դրա հետևանքներից, այլ անհնարությունից մեղք գործելու, որքան հոգին կցանկանա:
Բուժել հիվանդությունը կարելի է` դիմելով կամ մարդկային, կամ Աստվածային, կամ էլ դիվային ուժերին: Դիվային ուժերին դիմելը շատ վտանգավոր է, մարդկայինին` երբեմն անօգուտ կամ դժվարամատչելի: Մնում է Աստվածային պաշտպանությունը` Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով: Սա այն է, ինչ վերաբերում է հոգեկան հիվանդություններին, երբ տեղի է ունենում գիտակից կամ անգիտակից ստրկացումը մեղքին:
Իսկ սոմատիկ, այսինքն մարմնի վրա արտահայտված հիվանդությունները էապես տարբերվում են հոգեկան բնույթ կրող հիվանդություններից, առաջացնելով մարմնի ցավն ու տառապանքը` որպես մեղքի հետևանք: Անտրտունջ համբերելն այս ցավերին` կարելի է նկատել որպես մեղքի հատուցում ժամանակի մեջ, որն ազատում է հավիտենական տանջանքից: Սա հաշվի առնելով, անհրաժեշտ է հիվանդության պատճառ դարձած մեղքը (մեղքերը) բացահայտել: Պետք է բավականին հստակ որոշվի մեղքը և որոշվի ապաշխարությունը, որն անհնար է առանց անկեղծ խոստովանության, որովհետև արձակվում է միայն խոստովանված մեղքը:
Բոլորին հայտնի են հոգեվիճակներ, որոնք առաջանում են վտանգի պահին կամ ուրախության մեջ, և կամ պարզապես ոչ անտարբեր մարդու մոտ: Հանդիպման նախազգացումը, հանկարծակի հարձակման վտանգի զգացումը, քննությունից առաջ ապրումները բոլորը բերում են սրտի աշխատանքի և շնչառության արագացում, իսկ դա իր հերթին առաջացնում է ամբողջ օրգանիզմի կենսաքիմիայի փոփոխություններ, որոնք գործնականում նույնը կլինեն տարբեր մարդկանց մոտ, եթե առաջացել են մեկ պատճառից: Պետք է ասել, որ ոչ միայն իրավիճակն է առաջացնում այդ փոփոխությունները մարդու օրգանիզմում, այլ նաև իրավիճակի մասին մտապատկերը: Մարդու դեմքի արտահայտությունն ու շարժումները կարող են խոսել նրա հոգեվիճակի մասին: Նույնն է և հիվանդությունների դեպքում. մի կողմից, հիվանդություններն առաջանում են մեղքերից, իսկ մյուս կողմից հիվանդությունները վկայում են իրենց առաջացնող մեղքերի մասին: Հոգու ընդհանուր տրամադրությունը, որն անհրաժեշտ է այս կամ այն արարքը կատարելու, եթե չի գտնում իր դրսևորումը, այսպես ասած, անցնում է մարմնի վրա, այսինքն տեղի է ունենում սոմատիզացիան: Օրինակ, կարելի է ջղայնանալ` տրամադրվելով ատելությամբ կամ խռովությամբ, բայց պահել ներսում և չարտահայտել արտաքնապես: Եվ ստացվում է, որ մեղքը ամեն կողմից հարվածում է հոգուն, իսկ շփոթված ու թուլացած հոգին կամա թե ակամա տանջում է մարմինը: Ճեղքել այս դիվային օղակը հեշտ կլիներ, եթե դրան չհակառակվեին հենց իրենք` հիվանդները, և չլինեին կամակից դևերին: Այս դրության լավագույն ձևակերպումը տալիս են հարբեցողները. «Բժի՛շկ ջան, դու արա այնպես, որ գլուխս չցավա և լյարդս չքայքայվի, բայց խմել կարողանամ ինչքան ուզեմ, և կլինես ինձ լավագույն ընկեր ու բարեկամ»: Անշուշտ, բժիշկը պետք է օգնի, բայց օգնությունն աջակցություն է նրան, ով գործում է իր կամքով և ինչ-որ բան անում է: Օգնությունը չի սահմանափակում մարդու ազատ կամքը: Ո՞վ կարող է ստիպել մարդուն անել այն, ինչ ինքը չի ուզում:
Թարգմանությունը ռուսերենից՝
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ