Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյան. Պետք է կարողանանք զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես 92-94 թվականներին

Արայիկ Հարությունյան. Պետք է կարողանանք զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես 92-94 թվականներին
29.09.2020 | 13:17

Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են Օմարից մինչև Արաքս, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք պետք է կարողանանք հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 92-94 թվականներին, այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական կոմպրոմիսների, զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»՝նշեց նա: Արայիկ Հարությունյանի խոսքով` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, թե մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ գրավել են, դրա համար բացը լրացնելու համար 50 տանկ և այլ զրահատեխնիկա օգտագործել են: «Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել նաև Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, - նշեց նա: - Իրոք, Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները, և բոլոր մասնագետներն ասում են` դա օրերի խնդիր չէ: Եվ այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունն Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Այսօր երբ տեղադրում էինք հակառակորդի խոցված տեխնիկան, դրանք այնպիսի տեխնիկաներ են, որոնք հարձակողական են` տանկեր, անօդաչուներ, ուղղաթիռներ»:


Տարածվող լուրերը, թե հայկական կողմը հետ է վերցրել 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, Հարությունյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց. «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:
Արցախի նախագահը շեշտեց, որ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը փորձում են վնասազերծել հակաօդային ուժերը, որպեսզի կարողանա խոցել քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: «Մենք այս պատերազմը հաղթելու ենք, համոզված եղեք», - ասաց նա` նշելով, որ նաև բազմաթիվ կամավորներ ունեն:


«Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: Եվ լկտիությունը Թուրքիայի դուք ամեն օր տեսնում եք: Այո, մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք», - ասաց նա ու հավելեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք Ադրբեջանը չի գրավել, հայկական կողմն էլ առաջխաղացում չի ունեցել, սակայն կարողացել է վնաս հասցնել մեծ քանակի զինտեխնիկայի, մյուս կողմը մեծաքանակ կորուստներ ունի: «Մենք պետք է շատ ավելի ծանր, երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, ի՞նչ անենք, հակառակորդն իր ամբողջ զինվորական ուժերը շարունակում է օգտագործել: Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու, առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա միայն հաշվում ենք, դրա համար մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցնելու, պետք չէ դրան անդրադառնալ», - ասաց նա:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ ասելով, որ քննարկումները շարունակվում են: Նա ընդգծեց, որ Արցախի համար այս պահին ամենակարևորը անվտանգությունն է:


«Մենք պետք է հաղթենք պատերազմում: Հաղթելուց հետո կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք», - հայտարարեց Արցախի նախագահը:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ