Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպե՞ս ենք մենք ցեղասպանության «տրավման» փոխանցում նոր սերնդին

Ինչպե՞ս ենք մենք ցեղասպանության «տրավման» փոխանցում նոր սերնդին
27.02.2015 | 04:01

«Երևանի պետական բժշկական համալսարանը գիտության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել է ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն, որը կամփոփվի հունիսին»,- այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, նշելով, որ ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման վերաբերյալ դասախոսություններ են անցկացվել ԱՄՆ-ում և Օքսֆորդում, մարտի 2-ին զեկույց է ներկայացնելու Ճապոնիայում՝ համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հերթական համաժողովում: «Խնդիրը ուսումնասիրվել է, բայց դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու»,- ընդգծեց հոգեբանը: Նրա բնորոշմամբ՝ ընտանիքում, ազգի պատմության մեջ լինում են դեպքեր, որ կարևոր նշանակություն են ունենում մեր ծնվելուց հետո: Դրանցից մեկը Հայոց ցեղասպանությունն է. «Վերապրողների առաջին սերունդը շատ դեպքերում լռության է մատնում ցեղասպանության խնդիրը, այդ մասին խոսելու հնարավորություն կամ առիթ չի ունենում, ինչը չի նշանակում, թե խնդիրը չի փոխանցվում հաջորդ սերնդին: Երկրորդ սերնդի մոտ տեսնում ենք կարևոր շրջադարձ, ձևավորվում է ազատագրական գաղտնի բանակը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայկական հարցի վրա»: Բանախոսը հավելեց, որ մեր անավարտ խնդիրը միջազգային հանրության կողմից մասամբ ընդունվել է, մասամբ ոչ ու շարունակում է մնալ մեզնից յուրաքանչյուրի ուսերին: Հերքումի փաստն ավելի շարունակական է դարձնում վշտի զգացումը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այն սերունդներին: «Երկու տարի առաջ էր, ապրիլի 24-ի երեկոյան բարձրանում էինք Ծիծեռնակաբերդ: Մի կին երեխայի հետ էր, արդեն մութ էր, հնչում էր Լուսինե Զաքարյանի ձայնը: 5-6 տարեկան երեխան հարցնում է մորը, թե ո՞ւր են գնում, և միանգամայն արդարացիորեն պահանջում դադարեցնել երաժշտությունը: Այդ մթնոլորտը ճնշող էր նրա համար: Մթություն, մարդկանց խումբ, որ քայլում է անհայտ ուղղությամբ, ազդեցիկ երաժշտություն: Եվ ես հասկացա, որ մի շատ կարևոր հանգամանք բաց ենք թողել՝ ինչպե՞ս ենք մենք ցեղասպանության տրավման փոխանցում նոր սերնդին»:
Հոգեբանը հետաքրքրվում է ու պարզում, որ կան կենտրոններ, որտեղ սովորեցնում են՝ ինչպես ներկայացնել նոր սերնդին ցեղասպանության խնդիրը, հաշվի առնելով շատ կարևոր մի հանգամանք՝ չառաջացնել նրանց մոտ երկրորդային տրավմաներ. «Պետք է մտահոգվել և կանոնակարգել ցեղասպանության թեման սերունդներին փոխանցելու խնդիրը: Հակառակ դեպքում կարող ենք ունենալ սերունդներ, որ զոհի հոգեբանությամբ են մեծանում, վրեժխնդիր են ուզում լինել (իսկ եթե չես կարողանում հանդիպել թշնամուն, կարող ես վրեժը պարպել ներսումդ, ինչը վտանգավոր է տվյալ հասարակության համար) կամ անտարբեր են, որովհետև հայ լինելը վտանգավոր է, ապագայում կարող են սպանել իրենց և այլն»: Տրավմաները նաև դրական ազդեցություն են ունենում, որպես օրինակ, ապրիլի 24-ին մենք ազգովին համախմբվում ենք: Ի լրումն հոգեբանը վստահեցրեց, որ պետք է քայլ կատարել ու առաջ շարժվել, իսկ սերունդներին պետք է ոչ միայն կոտորածների մասին պատմել, այլև հերոսամարտերի:


Ակումբը վարեց՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 23918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ