Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փո՞ղ եք ուզում աշխատել, գնացեք պոռնկություն, մուրացկանություն արեք, բայց էսպիսի բան մեզ մի մատուցեք»

«Փո՞ղ եք ուզում աշխատել, գնացեք պոռնկություն, մուրացկանություն արեք, բայց էսպիսի բան մեզ մի մատուցեք»
20.03.2015 | 01:10

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երբեմն աններելի սխալներ են թույլ տրվում: Համահեղինակությամբ հրատարակվել է «Նեմեսիս» գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը՝ փաստերի աղավաղումներով և թարգմանական խայտառակ սխալներով: Ի դեպ, գրքի հրատարակմանն աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը: Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված պատմաբաններն ու գրքի բովանդակությանը լավատեղյակ անձինք, մեղմ ասած, «աղբ» որակեցին այն: «Նախ՝ գիրք գրողը պետք է լավ ծանոթ լինի Սողոմոն Թեհլերյանի կենսագրությանը: Ազգանունը գրքում սխալ է գրված: Գրքում քարտեզ է տպագրվել, որը վերնագրված է` հանցագործության վայրը և զենքը: Ի՞նչ է սա նշանակում. մենք սրբացնում ենք մեր նեմեսիսյան հերոսներին, որոնք հանցագործնե՞ր են: Սա խայտառակություն է: Բավական է սա ընկնի թուրք Փերինչեքի ձեռքը, կասի` խնդրեմ, իրենք են գրում, որ հանցագործ են»,- ասաց «Վան-Վասպուրական» հասարակական միության նախագահ ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ով նաև «Նեմեսիսը» գործողության մեջ» գրքի հեղինակն է: Վկայակոչելով բազմաթիվ անուններ, տեղանունների սխալ թարգմանություններ, Հովնանյանը փաստեց, որ գրքում Թեհլերյանի սխրանքը որակվում է «արյան վրեժ»: «Բա այդպիսի բա՞ն են գրում, ուրեմն Սողոմոն Թեհլերյանն արյան վրե՞ժ էր լուծում, բա կորցրած հայրենի՞քը: Արյան վրեժ եղավ մի քանի օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց, սա արյան վրեժ չի կարող լինել: Պատմական փաստերից անտեղյակ է հեղինակը»,- պարզաբանեց ակումբի հյուրը` այլ կոպիտ սխալներ ևս թվարկելով ու առաջարկելով գիրքը վերախմբագրել, հեղինակներին էլ հորդորեց ներողություն խնդրել հայ ժողովրդից: «100-րդ տարելիցին ընդառաջ սա պարզապես խայտառակություն է»,- ասաց Հովնանյանը` չբացառելով, որ սա կարող է թուրքական դիվանագիտության սքողված «գործ» լինել:
Պատմաբան ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ մատնանշեց գրքում զետեղված քարտեզներում եղած աղաղակող սխալները: Ըստ պատմաբանի, նման գիրք կարող է տպագրվել երեք պատճառով` ոչ արհեստավարժ թարգմանություն, մասնագիտական անիրազեկություն, անգրագիտություն և կամայականություն կամ միտումնավորություն: Չնայած գրքի հեղինակները նշել են, որ օգտվել են արխիվային փաստաթղթերից, պատմաբանը դրան համամիտ չէ: «Գիրքը ոչ մի նորություն չի պարունակում, արխիվային նյութեր օգտագործված չեն: «Նեմեսիսը» մեր ազատագրական սրբագույն պայքարի լավագույն օրինակներից մեկն է, մինչդեռ գրքում գրված է, որ Բեռլինում Թեհլերյանին կցում են ահաբեկչական զինված խմբի մի անդամի: Նման բան գրողին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»,- ընդգծեց բանախոսը, շեշտելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սա Թուրքիայի գաղափարախոսության ջրաղացին ջուր լցնել է նշանակում:
Ակումբի մյուս հյուրը` պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ, ով առավել մանրամասնորեն է ուսումնասիրել գիրքը, բազում սխալներ էր գրի առել, որոնք կարող էին փոքրիկ գրքույկ դառնալ: Նա զայրույթով նշեց, որ եթե պատմական իրողություններին չես տիրապետում, նման գործ չպետք է ձեռնարկես: «Եթե դու գլխավոր ոճրագործների անունները չգիտես, պիտի գրքին չմոտենաս, արգելված է: Եթե տգետ ես, ուրեմն մի մոտեցիր այս խնդրին: Եթե ես բժշկությունից չեմ հասկանում, չեմ կարող ատամնաբուժությամբ զբաղվել: Չի կարելի էս աստիճանի ինքնագործունեություն թույլ տալ, այն էլ՝ պետական աջակցությամբ»,- վրդովմունքով ասաց ակումբի հյուրը` նկատելով, որ գիրքը լեցուն է նաև իմաստային, տրամաբանական և լեզվական սխալներով: Ի դեպ, գիրքը զերծ չէ նաև զավեշտալի դրվագներից, օրինակ, գրքում Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը նշված է որպես Հայաստանի Ազգային ժողով: «Է՜, լեզուն չգիտեք, պատմությունը չգիտեք, ինչո՞ւ եք նախաձեռնել այս գործը: Փո՞ղ եք ուզում աշխատել, գնացեք պոռնկություն, մուրացկանություն արեք, բայց էսպիսի բան մեզ մի մատուցեք»,- ասաց Գևորգ Յազըճյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 24433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ