Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ցանկանում եք ինչ-որ բա՞ն փոխել. սկսեք մարզերից

Ցանկանում եք ինչ-որ բա՞ն փոխել. սկսեք մարզերից
27.09.2016 | 00:07

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումն ինչ-որ տեղ նման էր սպառնալիորեն եռացող կաթսայի «բերանը» կիսով չափ բացելուն ու գոլորշին բաց թողնելուն, այն տարտամ հույսով, թե կհաջողվի հանդարտեցնել կաթսայի ներսում քլթքլթացող ու թափվելու պատրաստ ներքին խռովք-խլրտոցը: Դատելով գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարի անդրանիկ քայլերից և դրանց հասարակական արձագանքներից, գոլորշին բաց թողնել, կարծես, հաջողվում է, իսկ կաթսայի ներսում ուժգնացող եռքը հանդարտեցնել դեռ չի ստացվում: Չէր էլ կարող ստացվել, քանզի այն գործելաոճը, որ նա է որդեգրել, բոլորին նույն արշինով չափել-կտրելու (տվյալ դեպքում՝ պաշտոնից զրկելու) ժողովրդական ասացվածքն է հիշեցնում:

Հասկանալի է, որ Երևանի նախկին քաղաքապետն այս անգամ շատ ավելի ծանրակշիռ ու հեռագնա առաքելությամբ է «ներդրվել» ՀՀ կառավարման բարձրագույն օղակներից մեկում, իսկ այն, որ այդ առաքելությունն իրագործելու ճանապարհի հենց սկզբում թացն էլ չորի հետ կարող է վառվել, նրան, որքան հասկանում ենք, այնքան էլ չի հուզում: Նույնքան հասկանալի է և այն, որ նոր վարչապետը տեխնոկրատների ու մենեջերների անկուսակցական կառավարություն ձևավորելու հստակ հանձնարարական է ստացել, գործադիր իշխանությունը չվարկաբեկված անձանցով համալրելու ոչ այնքան դյուրին առաջադրանք, ինչն էլ փորձում է իրականություն դարձնել՝ նպատակն արդարացնում է միջոցները մաքիավելիական հաստատակամությամբ: Նպատակին հասնելու համառությունը, ինչ խոսք, դրական ու ողջունելի հատկանիշ է, առավել ևս, երբ այն ցուցաբերում է երկրորդ իշխանության ղեկին հայտնված անհատը, սակայն՝ սթափ հաշվարկների ու ողջախոհության սահմաններում: Հենց այս թույլատրելի սահմանն էլ, մեր համեստ դիտարկմամբ, պակասում է նորանշանակ վարչապետին: Ինքներդ դատեք, դիցուք, ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել վերջինս էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին պաշտոնանկ անելով, երբ ընդամենը վեց ամիս առաջ այս պատասխանատու ոլորտի ղեկավարությունն ստանձնած մարդը ձեռնամուխ էր եղել համակարգն առողջացնելու դժվարին ու ծանր գործին: Ախ, հա՜, նախարարության անունն է փոխվել, իսկ երբ փոխվում է պետական այս կամ այն կառույցի անունը, նախկին ղեկավարն էլ, բնականաբար, ենթակա է շուտափույթ փոփոխման: Ասում եք՝ լուրջ չէ՞:

Իհարկե, լուրջ չէ, և հենց սրա վրա ենք ուզում սևեռել երկրի երրորդ դեմքի ուշադրությունը, ով, որքան հասկանում ենք, «Բարեփոխիչ» անունով է ցանկանում մնալ մերօրյա պատմության մեջ: Շարունակեք Ձեզ բաժին ընկած հույժ կարևոր առաքելությունը, պարոն վարչապետ, սակայն, առաջնահերթությունները ճիշտ հաշվարկելով և ողջախոհության ռեալ սահմաններում: Եվ եթե իրոք ցանկանում եք ինչ-որ բան փոխել այս երկրում, մեր բարի խորհուրդը Ձեզ. սկսեք մարզերից՝ իրենց արժանի տեղը ցույց տալով «ցար ի բոգ»-ի հովերով տարված տեղի «իշխաններին»: Այ դա կլինի պատմության մեջ մնալու շատ ծանրակշիռ և լուրջ հայտ:
Բարին ընդ Ձեզ:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 50833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ