Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրեաները համաշխարհային ուժ են, ինչը չի կարելի հաշվի չառնել

Հրեաները համաշխարհային ուժ են, ինչը  չի կարելի հաշվի չառնել
05.12.2017 | 10:12

Վերջերս ռուսական մամուլում մի ընդարձակ հոդված էր հրապարակվել այն մասին, որ հայ-հրեական (իսրայելական) հարաբերություններում առկա խոչընդոտները առայժմ լուծումներ չեն ստանում. հրեաները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երկու պետությունների մայրաքաղաքներում չկան համապատասխան դեսպանություններ, Իսրայելը ինտենսիվորեն զինում է Ադրբեջանին և այլն: Հոդվածում նաև նշված էր, որ Հայաստանը, այնուամենայնիվ, չի փչացնում հարաբերությունները Իսրայելի հետ, և որ դա խոհեմ քաղաքականություն է: Դուր է գալիս մեզ, թե ոչ, հրեաներն իրոք համաշխարհային ուժ են, ինչը չի կարելի հաշվի չառնել:
Որ Հայաստանում չկա անտիսեմիտիզմ, հիանալի է: Եվ դա հաստատում են նաև մեր երկրում ապրող հրեաները: Սակայն, իհարկե, բնավ էլ ոչ այս կապակցությամբ հազիվ թե կարելի է ասել, թե ընդհանուր առմամբ այլ երկրներում թուլանում են հակահրեական տրամադրությունները: Ռուս նացիոնալիստական մամուլում ժամանակ առ ժամանակ վերծանվում է տեղացի հրեաների պահվածքի հարցը` շեշտադրվում է դրա հակառուսական բնույթը: Սակայն Վլադիմիր Պուտինը ելցինյան հզորագույն հրեական օլիգարխիան ջախջախելուց հետո բավականին հավասարակշիռ քաղաքականություն է վարում նրանց նկատմամբ. զգացվում է, որ նա չի ուզում իր համար ավելորդ խնդիրներ ստեղծել: Բոլոր դեպքերում հրեաների հետ կապված շատ իրադարձություններ կարող են ինչ-որ տեղ ուսանելի լինել նաև մեզ համար:


Թվում էր գոնե ՈՒկրաինայում հրեաները պիտի որ իրենց լավ զգային: Ի վերջո, հրեական ծագում ունեն ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն (Վալցման) և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, երկրի գլխավոր օլիգարխները: Բայց ահա իսրայելցի ճանաչված հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսական մամուլում ոչ ավելի, ոչ պակաս հայտարարում է. «Ավարտվում է հրեաների հազարամյա ներկայությունը ՈՒկրաինայում»: Ի՞նչ է տեղի ունենում, ինչու՞ են խորապես մտահոգված ՈՒկրաինայում Իսրայելի դեսպան Բելոցերկովսկին, հրեա պատգամավոր ռաբբի Այխլերը և առհասարակ տեղի հրեական համայնքը:
Հայտնի է, որ նացիոնալիզմի որդը շատ արագ է բազմանում քաղաքական, սոցիալ-տնտեսական անկայուն-հակասական իրավիճակներում: ՄԱԿ-ի տվյալներով, եթե մինչև եվրամայդանը աղքատության եզրին էր ապրում ՈՒկրաինայի բնակչության 10 տոկոսը, ապա այդ ցուցանիշը 2017 թվականի սկզբին արդեն հասել էր 60 տոկոսի: Գումարած Ղրիմի կորուստը, դոնբասյան անջատողական խռովումները, որոշ հարևան պետությունների տարածքային պահանջները: Ահա և նացիոնալիզմով համակված ՈՒկրաինան, հայտնվելով Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի կիզակետում, քավության նոխազներ է փնտրում ի դեմս ռուսների, լեհերի, հունգարների, ռումինացիների և, իհարկե, հրեաների:


Վերջին մարդահամարի տվյալներով՝ էթնիկ ուկրաինացիները բնակչության 80 տոկոսն են, հրեաները` 0,2 տոկոսը: Ահա և ուկրաինացի նացիոնալիստներն ընդվզում են, թե ինչու երկրի քաղաքական-տնտեսական վերնախավում տոկոսային հարաբերությունը բացարձակապես հրեաների օգտին է` սկսած բարձրագույն ղեկավարությունից: Ռադայում վերջիններս կազմում են պատգամավորների 26 տոկոսը: Ընդ որում, մեղմ ասած, մեծ կասկածներ կան հրեաների ուկրաինամետ գործունեության հարցում: Ավելին, ՈՒկրաինայի հերոս, գեներալ-լեյտենանտ, երկարամյա պատգամավոր Գրիգորի Օմելչենկոյի ասելով, ՈՒկրաինան միջազգային սիոնիզմի գլխավոր պարգևն է, և որ հրեաները, իբր, պայքար են ծավալել տարածքային նվաճումների համար: Գեներալը համոզված է, որ մշակված է «Նոր Երուսաղեմի» պլան, ըստ որի՝ ուկրաինական հինգ մարզերի միավորումով երեք տարի հետո կհիմնադրվի հրեական հանրապետություն, մայրաքաղաքը` Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը), մշակութային մայրաքաղաքը` Օդեսան: Հավաստվում է, որ գալիք «հանրապետության» խոշորագույն քաղաքներում արդեն բացվում են իվրիտի դասընթացներ, եկող տարի կներմուծվի հրեական աստվածաշնչի` Թորայի, ուկրաիներեն թարգմանված 100 հազար օրինակ: Ծրագրված է մինչև 2025 թվականը ուկրաինական Հրեաստան տեղափոխել մոտ 5 միլիոն հրեայի և այլն, և այլն: Պարզվում է՝ ՈՒկրաինայի Կենտրոնական բանկը ևս ենթարկված է Ռոտշիլդների կլանին: Եվ այս ամենը չի կարող հակահրեական ագրեսիվ կրքեր չառաջացնել:


Մտացածի՞ն են այս պնդումները, թե՞ դրանք ինչ-որ իրական հիմքեր ունեն: ՈՒկրաինացի հրեաների համար այս պարագան արդեն այնքան էլ կարևոր չէ: Այս կապակցությամբ խոր մտահոգություններ են հայտնում Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, համաշխարհային ու տարբեր երկրների հրեական կազմակերպությունները: Կրակ է վառվում ուկրաինացի հրեաների ոտքի տակ` տագնապ է հնչեցնում Էսկինը: Հրեաների մեջ չի կարող սարսափ չառաջացնել պետական մակարդակով Բանդերայի, Շուխևիչի, Պետլյուրայի և նմանների հերոսականացումը, որոնք հայտնի են տասնյակ հազարավոր հրեաների դեմ կազմակերպված ջարդերով ու կոտորածներով: Իսկ ահա ՈՒկրաինայում շարունակում են բազմանալ սրանց հուշարձանները, սրանց անուններն են կրում հազարավոր փողոցներ ու հիշարժան վայրեր: Պակասը լրացնում են ուկրաինացի որոշ գործող քաղաքագետներ: Հայտնի ծայրահեղական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, դժգոհելով, որ ՈՒկրաինայում իշխանության գլուխ գտնվող անձանց 80 տոկոսը ուկրաինական արմատներ չունի, անսքող հայտարարում է. «Ես ոչինչ չունեմ հրեաների դեմ: Ես չեմ սիրում ջհուդներին»: Անկարելի է, որ ցեղասպանություն ապրած ժողովուրդը անտեսի ստեղծված իրավիճակը:


Եվ ինչն է այստեղ մխիթարականը հրեաների համար: Հազարամյակներ հետո վերածնելով Իսրայել պետությունը, հրեաները կարողացան այն դարձնել հզոր տերություն: Միաժամանակ, և սա արժե հատուկ ընդգծել` որպես ապահով թիկունք տարբեր երկրներում ապրող այն հայրենակիցների համար, որոնք տարբեր պատճառներով, այդ թվում՝ անտիսեմիտիզմի բերումով, ուզում են վերադառնալ ու բնավորվել ավետյաց երկրում` իրենց պատմական հայրենիքում: Համենայն դեպս, եվրամայդանից հետո 4,5 հազար ուկրաինացի հրեաներ արդեն արտագաղթել են Իսրայել: Եվ այդ գործընթացը գնալով ուժեղանում է: Ամենայն հավանականությամբ Իսրայելի բնակչության թիվը առաջիկայում կհասնի 9 միլիոնի:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումից առաջ ու՞մ հետ հեռախոսով խորհրդակցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ղեկավարների և, իհարկե, Իսրայելի վարչապետի հետ: Բայց չէ՞ որ խոսակցության թեման առնչվում էր նաև Հարավային Կովկասին…ա

Դիտվել է՝ 9084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ